15.2.18

ՀԻՍՈՒՍԻ ՀՐԵՇՏԱԿԸ - Շավիղ 4

Հարց. Հիսուս երեսուն տարեկանից հետո ի՞նչ արեց:

Պատասխան. Երբ Հիսուս երեսուն տարեկան եղավ, Իր հրեշտակը եկավ:

Հարց. Այդ հրեշտակ ասածդ ո՞վ է:

Պատասխան. Հովհաննես Մկրտիչն է, ում մենք սուրբ Կարապետ ենք ասում:

Հարց. Սուրբ Կարապետը որտե՞ղ էր և որտեղի՞ց եկավ:

Պատասխան. Անապատներում էր, ինչպես Ղուկաս ավետարանիչն է գրում. «Եվ մանուկը աճում ու զորանում էր հոգով ու մնում էր ամայի տեղերում, մինչև Իսրայելում Նրա երևալու օրը» (Ղուկաս Ա 80):

Հարց. Ինչի՞ համար սուրբ Կարապետը եկավ:

Պատասխան. Հիսուսի անցնելիք ճանապարհները հարթելու համար:


Հարց. Այս մասին նախապես գրված կա՞ր:

Պատասխան. Այո՛, Եսայի մարգարեն գրում է. «Անապատում կանչողի ձայնն է. պատրաստեցե՛ք Տիրոջ ճանապարհը և հարթեցե՛ք մեր Աստծու շավիղները» (Եսայի Խ 3): Նաև Մաղաքիան է գրում. «Ահա՛ Ես Իմ հրեշտակն եմ ուղարկում, որ Իմ ճանապարհները հարթի» (Մաղաքիա Գ 1):

Հարց. Մարգարեների խոսքից երևում է, որ սուրբ Կարապետին ուղարկող է եղել. արդյոք ո՞վ է ուղարկել նրան:

Պատասխան. Սուրբ Կարապետին ուղարկողը Աստված էր, ինչպես որ ինքն է ասում. «Եվ ես չէի ճանաչում Նրան. սակայն Նա, Ով ինձ ուղարկեց ջրով մկրտելու, ինձ ասաց. «Ում վրա տեսնես, որ իջնում է Հոգին և մնում, Նա է, որ մկրտում է Սուրբ Հոգով» (Հովհաննես Ա 33):

Հարց. Ինչպիսի՞ վայր և ինչպիսի՞ ճանապարհ է արդյոք սուրբ Կարապետի պատրաստելիքը և մաքրելիքը:

Պատասխան. Չկարծես, թե սուրբ Կարապետի պատրաստելիք վայրը և մաքրելիք ճանապարհը նման է այս աշխարհի տանը կամ ճանապարհին, որ հողն ու քարը մաքրի: Այս բանը վայել է մարմնավոր թագավորներին տրվելիք պատվին: Երբ նրանք մի տեղ են գնում, մեկը գնում է առջևից, որպեսզի ճանապարհները մաքրի և թագավորի համար բազմելու գահ պատրաստի, որովհետև այս աշխարհի թագավորները, հողեղեն լինելով, նրանց անցնելիք ճանապարհն էլ է հողից, և բազմելիք գահն էլ է հողից, քարից կամ փայտից: Մինչդեռ այս գալիք Թագավորը Աստված Ինքն է, բոլոր թագավորների Թագավորը, որի Աթոռը երկինքն է, և Նա չի բնակվում ձեռակերտ տների մեջ:

Հարց. Ի՞նչ գիտես, որ չի բնակվում:

Պատասխան. Աստված Ինքն ասաց. «Երկինքն Իմ աթոռն է, և երկիրն՝ Իմ ոտքերի պատվանդանը: Ի՞նչ տուն պիտի շինեք Ինձ համար,- ասում է Տերը» (Եսայի ԿԶ 1):

Հարց. Ապա ինչպիսի՞ տան մեջ է բնակվում:

Պատասխան. Աստված Ինքը, միշտ կենդանի լինելով, կենդանի տան մեջ է բնակվում:

Հարց. Տունը կենդանի կլինի՞:

Պատասխան. Այո՛, կլինի. մենք ենք կենդանի տունը, և մեր սրտի մեջ է բնակվում, ինչպես որ Պողոսն է ասում. «Իրապես դուք կենդանի Աստծու տաճար եք» (Ա Կորնթ. Գ 16):

Հարց. Պողոսն այդ խոսքը որտեղի՞ց է ասում:

Պատասխան. Ղևտացիների այս գրածը կարդալով. «Նրանց մեջ պիտի գնամ ու նրանց մեջ պիտի բնակվեմ. Ես նրանց Աստված պետք է լինեմ, և նրանք էլ Իմ ժողովուրդը պետք է լինեն» (Ղևտական ԻԶ 12):

Հարց. Հասկացանք, որ Աստծու բնակվելու տունը մեր սիրտն է, իսկ անցնելու ճանապարհը ո՞րն է:

Պատասխան. Սրտի ճանապարհը բերանն ու ականջն են. այնտեղից մտնում ու մեր սրտի մեջ է բնակվում:

Հարց. Վա՛յ ինձ, եղբա՛յր, ինչպիսի՞ մաքուր բերան և սուրբ սիրտ է պետք, որ ամբողջ աշխարհը ոչնչից գոյացնող ամենամաքուր Աստված, Ում երկյուղից հրեշտակներն անգամ իրենց դեմքերն են ծածկում, այն Աստվածը մեր բերանից մտնի ու մեր սրտի մեջ բնակվի:

Պատասխան. Հիրավի, մեծ բան է, որովհետև եթե մի սիրելի բարեկամ ունենաս, և նա քո տուն հյուր գալու լինի, ինչքա՜ն ճիգ ու ջանք կգործադրես՝ դռներդ կամ ճանապարհներդ մաքրելու և մանավանդ տունդ առավել մաքրելու, որ չլինի թե բարեկամդ հանկարծ չհավանի, ու սիրտը նեղվի կամ բարկանա: Եթե այդ բարեկամդ բարկանա էլ, հնարավոր է, որ շուտով նրա նման մեկ ուրիշ բարեկամ էլ գտնես: Եվ եթե մահկանացու բարեկամի համար այդքան ճիգ ու ջանք ես թափում, ապա որքա՜ն անհրաժեշտ է հոգ տանել մեր կենդանի ու հավիտենական բարեկամի ու բարերար Աստծու բնակության վայրն ու անցնելիք ճանապարհը մաքուր և սուրբ պահելու համար: Որովհետև եթե Նա բարկանա, ի՞նչ կլինի վիճակդ. Նրա նման մի այլ բարեկամ չես կարող գտնել, քանի որ Նրա նման այլ Աստված չկա, որ նրան քեզ բարեկամ դարձնես:

Հարց. Ապա մենք ի՞նչ պիտի անենք. եթե քո խոսքին նայենք, մեկն իսկ չի կարող Աստծու բնակարան լինել:

Պատասխան. Այս բաների համար շատ խրատներ կան քեզ տալու, բայց հիմա ժամանակը չէ, քանի որ դեռ Քրիստոսի Ով լինելը չիմացար: Դու մեզ սկզբից Քրիստոսի մասին հարցրիր, որ Ով լինելն իմանաս ու Նրան աշակերտ լինես: Դրա համար ճանապարհից մի՛ շեղվիր, որ ետ չմնանք, այլ, ճիշտ գնալով, մի անգամ Քրիստոսի Ով լինելը իմացիր, և այնուհետև Նրան ծառայելու խրատները քեզ կբացատրեմ Աստծով: Դու հիմա սուրբ Կարապետի համար ինչ որ պիտի հարցնես, հարցրո՛ւ:

Հարց. Հասկացանք, որ սուրբ Կարապետի մաքրելիք տունը և ճանապարհը մարդկանց սիրտն ու բերանն է. արդյո՞ք նա կարողացավ մաքրել:

Պատասխան. Մարդկանց սիրտն ու բերանը իր ձեռքով չպետք է լվանար և մաքրեր. այլ սկսեց քարոզել ժողովրդին. «Ապաշխարեցե՛ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է» (Մատթեոս Գ 2):

Հարց. Ժողովուրդն ընդունե՞ց քարոզչությունը:

Պատասխան. Այո՛, ինչպես որ Մատթեոս ավետարանիչը գրում է. «Այն ժամանակ նրա մոտ էին գնում բոլոր երուսաղեմցիները, ամբողջ Հրեաստանը ու Հորդանանի շրջակայքի ժողովուրդը, մկրտվում էին նրանից Հորդանան գետում և խոստովանում էին իրենց մեղքերը» (Մատթեոս Գ 5-7):

0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...