Showing posts with label Մատթեոս 2. Show all posts
Showing posts with label Մատթեոս 2. Show all posts

13.12.20

20. ՀԻՍՈՒՍԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ (ՀԱՄԱՊԱՏՈՒՄ)

 Նախորդ գլուխը՝
19. ՀԻՍՈՒՍ ՄԱՆՈՒԿԻ ՎԱՐԴԱՊԵՏԵԼԸ

ՄԱՏԹԵՈՍ 2։23
23 Եկավ բնակվեց Նազարեթ կոչվող քաղաքում, որպեսզի իրականանար մարգարեների այն խոսքը, թե Նազովրեցի է կոչվելու։

ՂՈՒԿԱՍ 2։50-51
50 Բայց նրանք չհասկացան իրենց ասված այդ խոսքը։ 51 Հիսուսը նրանց հետ իջավ Նազարեթ։ Եվ հնազանդ էր նրանց։ Իսկ նրա մայրն այդ բոլոր խոսքերը պահում էր իր սրտում։


Հիսուսի 13  տարեկանում տաճարում պատահած դեպքերից մինչև 30 տարեկանը՝ մկրտվելը և քարոզության սկսվելը, Ավետարանները ոչինչ չեն պատմում, չնայած որ 18 տարվա տևողությունը որևէ մեկի կյանքի համար բավական նշանակալի ժամանակ է, սակայն Հիսուսի կյանքի համար այն անցնում է աննշան:

Այդ փաստին ուրիշ մեկնություն չկա, բացի այն ընդհանուր սկզբունքից, որ ընդունված է բոլոր ազգերի մեջ և նույնիսկ մեր ժամանակներում էլ, թե գործը սկսելու համար 30 տարեկան է պետք լինել: Այդ սկզբունքը հրեաներն էլ ունեին, և Հիսուսը, իր մարդկային խորհրդի բոլոր պահանջները հանձն առնելով, այդ պայմանն էլ հարգեց  և մինչև երեսուն տարին չլրացած իր գործունեությունը չսկսեց:

12.12.20

18. ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԶԱՐԵԹՈՒՄ (ՀԱՄԱՊԱՏՈՒՄ)

  Նախորդ գլուխը՝ 
17. ՓԱԽՈՒՍՏ ԵԳԻՊՏՈՍ

ՄԱՏԹԵՈՍ 2։22-23
22 Բայց երբ լսեց, թե Արքեղայոսն է թագավորում Հրեաստանում իր հոր՝ Հերովդեսի փոխարեն, վախեցավ այնտեղ գնալ և երազի մեջ հրաման ստանալով՝ գնաց Գալիլեայի կողմերը։ 
23 Եկավ բնակվեց Նազարեթ կոչվող քաղաքում, որպեսզի իրականանար մարգարեների այն խոսքը, թե Նազովրեցի է կոչվելու։

ՂՈՒԿԱՍ 2։39-40
39 Եվ երբ ամեն ինչ կատարեցին Տիրոջ օրենքի համաձայն, վերադարձան Գալիլեա, իրենց քաղաքը՝ Նազարեթ։ 
40 Մանուկն աճում և զորանում էր՝ լի իմաստությամբ, և Աստծու շնորհները նրա վրա էին։

Հերովդեսից հետո Հրեաստանը բաժանվեց չորս մասի՝ Հրեաստան, Գալիլիա, Իտուրիա և Աբյուլինիա: Առաջին երեքին իշխեցին Հերովդեսի զավակներից Արքեղայոսը, Անտիպասը և Փիլիպպոսը, որոնք նաև Հերովդես անունն էին իրենց անվանը կցել: Նազարեթը, ուր գնալու էր Հովսեփը, Գալիլիայում էր, Հերովդես Անտիպասի իշխանության տակ, և մինչ Հովսեփը խուսափում էր Արքեղայոսի իշխանությունից, Անտիպասի իշխանության վրա ավելի վստահություն էր ցուցաբերում, քանի որ, չնայած նա շվայտության և պղծության հետևող մարդ էր, բայց չար բռնապետի անուն չուներ: Նազարեթում Հովսեփն արդեն տուն ու տեղ ուներ, և չնայած Բեթղեհեմ էր տեղափոխվել, Նազարեթում ունեցածը ձեռքից բաց չէր թողել և հեշտությամբ վերադարձավ ու  տեղավորվեց իր տանը՝ տարուց պակաս ժամանակ այնտեղից հեռանալուց, Բեթղեհեմում և Եգիպտոսում  պանդխտելուց և բավական դժվարություններով լեցուն ժամանակ անցկացնելուց հետո, բայց նաև վայելելով այդ ընթացքում Հիսուսի ծննդյան և սքանչելի հայտնությունների և երկնային մխիթարությունների ուրախությունները: Նազարեթում նորից մնայուն բնակություն հաստատելու մասին Ղուկասն էլ է գրում՝ հիշելով այդ մասին քառասնօրյա տաճար ընծայվելուց անմիջապես հետո: Սակայն, քանի որ Եգիպտոսի միջադեպը չի հիշում, բնական է, որ ընծայումը և Նազարեթ գնալն իրար ետևից պատմեր: Հիսուսի մանկությունը, առաջին տարուց մինչև 12 տարին լրանալը անցավ Նազարեթում, տղաների սովորական պայմանների նման: Ղուկասը գրում է, որ Հիսուս մանուկը մեծանում էր և իմաստությամբ փայլում՝ Աստծու շնորհների հայտնի նշանները ցույց տալով, այսինքն՝ ուրիշ տղաներից տարբեր առավելություններ էր ցույց տալիս, և բոլորի աչքին կանխահաս իմաստության և զարգացման նշաններ էր ի հայտ բերում: Թե Հիսուս դաստիարակության և ուսման հետևեց՝ հայտնի բան գրված չկա, բայց դա որպես ստույգ բան պետք է ընդունել: Եվ իրոք, Հիսուսի համար մի տեղ գրված է, թե hրեաները զարմանում էին ու ասում. «Սա ինչպե՞ս գիտե Գրվածքները, քանի որ բնավ չի սովորել (Հովհ. 7:15): Բայց այդ չի ասում, թե կարդալ-գրել չի սովորել, քանի որ ոչ ոք չէր զարմանում, երբ ժողովարանում մարգարեական գրքերն էր կարդում, այլ զարմանում էին միայն, թե ինչպես Հիսուս դպիրների և օրինականների պես գիտնական դասակարգից չլինելով, խորունկ և կատարելապես տեղյակ էր Ս. Գրքին: Մյուս կողմից, երբ տեսնում ենք, որ Հիսուսի կյանքը ծնունդից սկսած մարդկային բնության օրենքների համեմատ ընթացավ, կարիք չկա ասելու, թե մարդկային հանգամանքներն էլ առանց մարդկային դաստիարակության ստացավ, և ամեն ինչ միայն աստվածային կարողությամբ ունեցավ: Այլ է, երբ խոսքը վերաբերում է այնպիսի բաների, որոնք վեր են մարդկային կարողությունից և միայն աստվածային կարողությանն են վերաբերում և փրկագործական տնօրինություններին են պատկանում:

Հաջորդ գլուխը՝
19. ՀԻՍՈՒՍ ՄԱՆՈՒԿԻ ՎԱՐԴԱՊԵՏԵԼԸ

17. ՓԱԽՈՒՍՏ ԵԳԻՊՏՈՍ (ՀԱՄԱՊԱՏՈՒՄ)

   Նախորդ գլուխը՝ 
16. ԲԵԹՂԵՀԵՄԻ ՄԱՆՈՒԿՆԵՐԸ

ՄԱՏԹԵՈՍ 2։13-15
13 Եւ երբ նրանք այնտեղից գնացին, ահա Տիրոջ հրեշտակը երազի մեջ երեւաց Հովսեփին ու ասաց. «Վե՛ր կաց, վերցրու՛ այդ մանկանը եւ նրա մորը ու փախի՛ր Եգիպտոս. եւ այնտեղ մնա՛ մինչեւ որ քեզ ասեմ. քանի որ Հերովդեսը փնտռում է այդ մանկանը կորստյան մատնելու համար»:  
14 Եւ նա վեր կացավ, առավ մանկանն ու նրա մորը, գիշերով, եւ գնաց Եգիպտոս ու այնտեղ մնաց մինչեւ Հերովդեսի մահը,  
15 որպեսզի կատարվի մարգարեի բերանով Տիրոջ կողմից ասվածը, թե` Եգիպտոսի՛ց պիտի կանչեմ իմ Որդուն:

ՄԱՏԹԵՈՍ 2։19-21
19 Երբ Հերովդեսը վախճանվեց, ահա Տիրոջ հրեշտակը երազի մեջ երեւաց Հովսեփին Եգիպտոսում եւ ասաց.  
20 «Վե՛ր կաց, վերցրու՛ այդ մանկանն ու իր մորը եւ վերադարձի՛ր Իսրայելի երկիրը, որովհետեւ մեռան նրանք, որ այդ մանկան մահն էին ուզում»:  
21 Եւ Հովսեփը վեր կացավ, առավ մանկանն ու մորը եւ եկավ Իսրայելի երկիրը: 

Հերովդեսի գտած միջոցը չհասավ իր նպատակին, Բեթղեհեմի փոքրիկ տղաներն սպանվեցին, բայց նորածին Հիսուս ազատվեց: Երկնային նախախնամությունը, որ մարդեղության և փրկագործության խորհուրդներն էր կարգադրել, Հերովդեսի պաշտոնյաների՝ Բեթղեհեմ գալուց առաջ, հրեշտակի տեսիլքով հայտնեց Հովսեփին վերահաս վտանգի մասին և հրամայեց, որ նա վերցնի Հիսուսին և մորը, դուրս գա Բեթղեհեմից և Եգիպտոսի ճամփան բռնի, գնա այնտեղ և մնա, մինչև նոր հրաման ստանալը:

Շտապեց Հովսեփը և տեսիլքից անմիջապես հետո, գիշերով դուրս եկավ Բեթղեհեմից և Եգիպտոսի ճամփան բռնեց՝ Ելևթերուպոլիս և Գազա քաղաքներով: Ճամփորդությունը թե երկար էր և թե դժվարին, բավականին ժամանակ էր պահանջում, այնպես որ Հովսեփի համեստ վիճակը թույլ չէր տա այդ անել: Ավանդական պատկերները Հովսեփին, Մարիամի և Հիսուսի փոխադրության միջոց մի խեղճ իշուկ են ներկայացնում, որը շատ տաժանակիր և շատ երկար ճանապարհ կլիներ՝ մինչև Բեթղեհեմից հասնեին Եգիպտոս, թեպետ անապատով գնացին՝ քարավանների սովորական ուղիով:

16. ԲԵԹՂԵՀԵՄԻ ՄԱՆՈՒԿՆԵՐԸ (ՀԱՄԱՊԱՏՈՒՄ)

  Նախորդ գլուխը՝ 
15. ՄՈԳԵՐԻ ԳԱԼՈՒՍՏԸ

ՄԱՏԹԵՈՍ 2։16-18
16 Այն ժամանակ, երբ Հերովդեսը տեսավ, որ մոգերից խաբվեց, սաստիկ բարկացավ եւ մարդ ուղարկեց ու կոտորեց այն բոլոր մանուկներին, որ Բեթղեհեմում եւ նրա սահմաններում էին գտնվում եւ երկու տարեկան ու դրանից ցած էին` ըստ այն ժամանակի, որն ստուգել էր մոգերից: 
17 Այն ժամանակ կատարվեց Երեմիա մարգարեի բերանով ասվածը, թե` Ռամայում մի ձայն գուժեց. ողբ ու լաց ու սաստիկ կոծ. 
18 Ռաքելը լալիս էր իր զավակների վրա եւ չէր ուզում մխիթարվել, քանի որ նրանք այլեւս չկային:

Հերովդեսի բնիկ հրեա չլինելը, այլ եդովմայեցի, Անտիպատրոսի զավակ լինելը իրեն տարօրինակ գործերի էր մղում: Մոգերի բերած լուրը, թե ծնվել է խոստացված Մեսիան, իր կասկածը մեծացրեց,  և նա ուզեց ստուգել այդ իրողությունը: Քննել տվեց Ս. Գիրքը, մոգերին հանձնարարեց, որ իրեն լուր բերեն և ավետավոր լուսատուի երևալու ժամանակն էլ խնամքով ճշտել ուզեց: Իր կարծիքով, երբ որ մոգերը լուր բերեին, նորածնին ինչ-որ ձևով մեջտեղից վերացնելու կերպը կգտներ: Բայց արդյունքն այլ եղավ, որովհետև, ինչպես ասացինք (գլուխ 15), նրանք առանց Երուսաղեմ մտնելու և լուր բերելու՝ իրենց երկիրը վերադարձան:

Հերովդեսը շփոթվեց և զայրացավ, որովհետև մտածեց, թե մոգերն իրեն խաբեցին, սակայն նորածնի Բեթղեհեմում գտնվելը ստուգվեց՝ թե´ մարգարեությունների մեկնությամբ և թե´ մոգերի այցելությամբ, որի լուրը իհարկե Հերովդեսին էլ հասավ: Այս դիպվածը Հերովդեսին իր նպատակն իրագործելուց ետ չկանգնեցրեց, և երբ սահմանված նորածնի վրա   ուղղակի ձեռք դնելու փորձը չհաջողվեց, նա իր ծրագիրը տարածեց Բեթղեհեմի բոլոր նորածինների վրա: Նա հրաման տվեց, որ Բեթղեհեմի և նրա շրջակայքում գտնվող բոլոր երկու տարեկանից փոքր տղաները սպանվեն, որպեսզի Քրիստոս էլ սպանված լինի նրանց հետ: Սպանության ձևը ցույց չի տրված, բայց «ուղարկեց ու կոտորեց»  բացատրությունը բավարար է ցույց տալու, թե զինվորներն ուղարկվեցին Երուսաղեմից և Բեթղեհեմում տնից տուն փնտրելով`հրամանն իրագործեցին:

11.12.20

15. ՄՈԳԵՐԻ ԳԱԼՈՒՍՏԸ (ՀԱՄԱՊԱՏՈՒՄ)

 Նախորդ գլուխը՝ 
14. ԾՆՆԴՅԱՆ ՔԱՌԱՍՈՒՆՔԸ

ՄԱՏԹԵՈՍ 2։1-12
1 Երբ Հիսուսը ծնվեց Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում, Հերովդես արքայի օրերին, ահա արևելքից մոգեր եկան Երուսաղեմ 
2 և ասացին. «Որտե՞ղ է հրեաների նորածին արքան, որովհետև նրա աստղը տեսանք արևելքում և եկանք նրան երկրպագելու»։ 
3 Երբ Հերովդես արքան լսեց, խռովվեց, և նրա հետ՝ ամբողջ Երուսաղեմը։ 
4 Եվ ժողովելով բոլոր քահանայապետներին ու ժողովրդի դպիրներին՝ հարցրեց նրանց, թե որտե՛ղ էր ծնվելու Քրիստոսը։ 
5 Նրանք պատասխանեցին նրան. «Հրեաստանի Բեթղեհեմում, որովհետև մարգարեի միջոցով այսպես է գրված.
6 “Եվ դու, Բեթղեհե՛մ, Հուդայի՛ երկիր, բնավ փոքրագույնը չես Հուդայի քաղաքների մեջ. 
քեզնից մի իշխան կելնի ինձ համար, ով կհովվի իմ ժողովրդին՝ Իսրայելին”»։
7 Այն ժամանակ Հերովդեսը գաղտնաբար կանչեց մոգերին և նրանցից ճշտեց աստղի երևալու ժամանակը։ 
8 Ապա նրանց Բեթղեհեմ ուղարկեց՝ ասելով. «Գնացե՛ք, ստույգ տեղեկացե՛ք մանկան մասին և երբ գտնեք մանկանը, իմա՛ց տվեք ինձ, որպեսզի ես էլ գամ և երկրպագեմ նրան»։ 
9 Նրանք թագավորին լսելուց հետո ճանապարհ ընկան։ Եվ ահա այն աստղը, որը տեսել էին արևելքում, առաջնորդեց նրանց, մինչև որ եկավ ու կանգ առավ այն տեղի վրա, որտեղ մանուկն էր։ 
10 Աստղը տեսնելուն պես չափազանց մեծ ուրախություն ապրեցին։ 
11 Երբ տուն մտան, տեսան մանկանն իր մոր՝ Մարիամի հետ, և առջևն ընկնելով՝ երկրպագեցին նրան։ Ապա բացելով իրենց գանձատուփերը՝ նրան ընծաներ մատուցեցին՝ ոսկի, կնդրուկ և զմուռս։ 
12 Երազի մեջ Հերովդեսի մոտ չվերադառնալու հրաման ստանալով՝ ուրիշ ճանապարհով գնացին իրենց երկիրը։

Մոգերի գալուստը հայտնի իրողություն է և Հիսուսի ծննդյան վերաբերյալ  սքանչելի նշաններից մեկը, որի մասին պատմում է միայն Մատթեոսը, որ չի հիշում ծննդյան մյուս պարագաները, մինչդեռ Ղուկասը, որ բոլորից ավելի ընդարձակ է գրել Հիսուսի ծննդյան մասին, մոգերի մասին չի հիշատակում: Երկուսի պատմածներն իրար համաձայնեցնելու և շարադրելու վերաբերյալ տարբեր կարծիքներ են հայտնվել, բայց մենք՝ նախ պիտի իմանանք պատմությունը, և հետո ժամանակագրական խնդրի շուրջ հայտնենք մեր տեսությունը:

Հիսուսի ծննդյան օրերին, Հերովդեսի թագավորության ժամանակ, հանկարծ մի քանի մոգեր հասան Երուսաղեմ և սկսեցին հարցնել, թե՝ որտե՞ղ է հրեաների նորածին արքան, որի աստղը իրենք տեսան արևելքում, և եկան, որպեսզի իրենց հարգանքը մատուցեն: Այս կապակցությամբ Երուսաղեմում փսփսուք և շփոթություն ընկավ, իսկ Հերովդեսն ամբողջովին այլայլվեց, և ինքն էլ սկսեց  օգնել մոգերին, որպեսզի իմանա Նորածնի տեղը. ոչ թե հարգանք ընծայելու, այլ՝ Նրան վերացնելու համար: Հերովդեսը ժողովի հրավիրեց հրեաների օրինականներին, գիտնականներին և գլխավոր քահանաներին, և հանձնարարեց, որ պրպտեն Սուրբ Գիրքը և գտնեն, թե որտեղ պետք է ծնվի խոստացյալ Մեսիան: Ժողովն ուշադրությունը կենտրոնացրեց Մեսիայի մարգարեության վրա, որ վկայել էր Բեթղեհեմի մասին, ասելով, որ թեպետ այն Հուդայի քաղաքների մեջ փոքր է, բայց այնտեղից պիտի ծնվի Իսրայելի իշխանը. «քեզնից պիտի ելնի ինձ համար Իսրայելի մի իշխան» (Միք. 2։2), կամ «քեզնից մի իշխան կելնի ինձ համար, ով կհովվի իմ ժողովրդին՝ Իսրայելին» (Մատթեոս 2։6): Համաձայն այս խոսքերի` հրեաների գիտնականներն ասացին Հերովդեսին, և Հերովդեսն էլ հայտնեց մոգերին, թե Բեթղեհեմի մեջ պետք է փնտրեն նորածին արքային: Խնդրեց նաև, որ տեղը գտնելիս իրեն լուր տան, որպեսզի ինքն էլ գնա և իր հարգանքն ընծայի: