Նախորդ գլուխը՝
15. ՄՈԳԵՐԻ ԳԱԼՈՒՍՏԸ
ՄԱՏԹԵՈՍ 2։16-18
16 Այն ժամանակ, երբ Հերովդեսը տեսավ, որ մոգերից խաբվեց, սաստիկ բարկացավ եւ մարդ ուղարկեց ու կոտորեց այն բոլոր մանուկներին, որ Բեթղեհեմում եւ նրա սահմաններում էին գտնվում եւ երկու տարեկան ու դրանից ցած էին` ըստ այն ժամանակի, որն ստուգել էր մոգերից:
17 Այն ժամանակ կատարվեց Երեմիա մարգարեի բերանով ասվածը, թե` Ռամայում մի ձայն գուժեց. ողբ ու լաց ու սաստիկ կոծ.
18 Ռաքելը լալիս էր իր զավակների վրա եւ չէր ուզում մխիթարվել, քանի որ նրանք այլեւս չկային:
Հերովդեսի բնիկ հրեա չլինելը, այլ եդովմայեցի, Անտիպատրոսի զավակ լինելը իրեն տարօրինակ գործերի էր մղում: Մոգերի բերած լուրը, թե ծնվել է խոստացված Մեսիան, իր կասկածը մեծացրեց, և նա ուզեց ստուգել այդ իրողությունը: Քննել տվեց Ս. Գիրքը, մոգերին հանձնարարեց, որ իրեն լուր բերեն և ավետավոր լուսատուի երևալու ժամանակն էլ խնամքով ճշտել ուզեց: Իր կարծիքով, երբ որ մոգերը լուր բերեին, նորածնին ինչ-որ ձևով մեջտեղից վերացնելու կերպը կգտներ: Բայց արդյունքն այլ եղավ, որովհետև, ինչպես ասացինք (գլուխ 15), նրանք առանց Երուսաղեմ մտնելու և լուր բերելու՝ իրենց երկիրը վերադարձան:
Հերովդեսը շփոթվեց և զայրացավ, որովհետև մտածեց, թե մոգերն իրեն խաբեցին, սակայն նորածնի Բեթղեհեմում գտնվելը ստուգվեց՝ թե´ մարգարեությունների մեկնությամբ և թե´ մոգերի այցելությամբ, որի լուրը իհարկե Հերովդեսին էլ հասավ: Այս դիպվածը Հերովդեսին իր նպատակն իրագործելուց ետ չկանգնեցրեց, և երբ սահմանված նորածնի վրա ուղղակի ձեռք դնելու փորձը չհաջողվեց, նա իր ծրագիրը տարածեց Բեթղեհեմի բոլոր նորածինների վրա: Նա հրաման տվեց, որ Բեթղեհեմի և նրա շրջակայքում գտնվող բոլոր երկու տարեկանից փոքր տղաները սպանվեն, որպեսզի Քրիստոս էլ սպանված լինի նրանց հետ: Սպանության ձևը ցույց չի տրված, բայց «ուղարկեց ու կոտորեց» բացատրությունը բավարար է ցույց տալու, թե զինվորներն ուղարկվեցին Երուսաղեմից և Բեթղեհեմում տնից տուն փնտրելով`հրամանն իրագործեցին:
Մինչև 2 տարեկանների վրա հրամանի տարածվելը չպետք է մտածել տա, թե միգուցե Հիսուս ավելի վաղ է ծնվել, մինչ մեր հաշվով երկու-երեք ամսական կարող էր լինել: Հարցն այստեղ ապահով լինելն էր. ծծկեր և խանձարուրապատ տղաների օրն ու տարին որոշելն այնքան էլ հեշտ չէր, վիճակագրական զննություններին էլ չէր կարելի ուշադրություն դարձնել, հոգ չէր, որ մի քանի տղա ավելի սպանվեր, միայն թե սահմանված նորածինը դուրս չմնար: Ավետարանի հիշելը, թե՝ «երկու տարեկան ու դրանից ցած էին` ըստ այն ժամանակի, որն ստուգել էր մոգերից», այսինքն՝ աստղի երևալու ժամանակ, և որ նշեց մինչև երկու տարեկանը, ժամանակագրական խիստ նշանակություն չէր կարող ունենալ:
Իսկ սպանված Անմեղ Մանուկների թիվը, մի քանի եկեղեցիների հայսմավուրքներում հասցնում են մինչև 144.000-ի, բայց ոչ պատմական ավանդությամբ, այլ միայն Հայտնության խոսքերի մեկնությունից ելնելով. «Եվ տեսա, որ ահա Գառը կանգնած էր Սիոն լեռան վրա, իսկ նրա հետ՝ հարյուր քառասունչորս հազար հոգի, որոնք նրա և նրա Հոր անունն ունեին գրված իրենց ճակատների վրա» (Հայտ. 14։1): Արդ, Բեթղեհեմի մանուկների Հիսուսի անունով և Հիսուսի տեղ սպանվելու համար սուրբ հայրերից ոմանք այդ հատվածը նրանց են վերագրել: Սակայն, 144.000 երկու տարեկանից փոքր երեխա գտնվելու համար, եթե վերցնենք սովորական հարաբերությամբ, որ 1000 հոգուն տարեցտարի միայն 30 նորածին է հաշվվում, որը երկու տարվա համար կկազմի 60, ապա Բեթղեհեմի և նրա շրջակայքի բնակչությունը պետք է լինի մոտ 3,5 միլիոն, մինչ Բեթղեհեմը ամեն տեղ հիշվում է որպես փոքրիկ և փոքրաթիվ, հազիվ 3000 բնակիչ ունեցող: Եթե անգամ այդ թիվը կրկնապատկենք, ապա դարձյալ շատ հեռու կլինի Հայտնության թվից: Այս համեմատությամբ կոտորված Անմեղները երկու հարյուրից ավելի չեն կարող լինել:
Բեթղեհեմի Անմեղ մանուկները տոնելի սրբեր են բոլոր եկեղեցիներում, իբրև Հիսուսի անվան վկայողներ և մարտիրոսներ: Որքան էլ որ այդ չհասունացած մանուկներն իրենց վրա կատարած գործողության գիտակցությունը չէին կարող ունենալ և որպես այդպիսին չէին կարող արդյունավոր սրբություն ստանալ, Եկեղեցին ուզել է հատուկ կերպով պատվել այդ անմեղ և սուրբ մանուկներին, որոնք Հիսուսի անվան համար առաջին վկաներն ու մարտիրոսները եղան:
Մատթեոս Ավետարանիչը, որ ամեն պարագայում հին մարգարեությունները Հիսուսին պատշաճեցնելու միտում ունի, այստեղ էլ առաջ է բերում Երեմիայի խոսքերը. «Այսպես է ասում Տերը. «Մի ձայն էր լսվում Ռամայում, ողբ, լաց ու գույժ. Ռաքելը ողբում էր իր որդիներին, որդիների պատճառով չէր ուզում մխիթարվել, քանի որ նրանք չկային» (Երեմ. 31։15): Ռաքելը՝ Հակոբի կինը, Եփրաթայի մոտ ծնեց իր վերջին զավակներին՝ Բենիամինին, և երկունքի ցավերից «մեռավ Ռաքելն ու թաղվեց Եփրաթայի՝ նույն ինքը Բեթղեհեմի ճանապարհի վրա» (Ծննդ. 35։19): Այս դեպքում Բեթղեհեմում կատարված բոլոր դեպքերը Ռաքելի ողբեր կոչվեցին և Ռաքելը Բեթղեհեմացի վշտակիր մայրերի օրինակը եղավ: Երեմիան իր մարգարեության մեջ խոսում է Բենիամինի ցեղի գերության մասին և Սուրբ Հայրերի տված մեկնության համաձայն, դրանում ակնարկված է Բեթղեհեմի մանուկների կոտորածի օրինակը, որը և Մատթեոսը գեղեցիկ ձևով Ռաքելի որդեծնության ցավը Բեթղեհեմի որդեկորույս մայրերի ցավի ու ողբի նախատիպն է ներկայացնում:
Հաջորդ գլուխը՝
0 արտահայտվիր:
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: