Showing posts with label Ղուկ. 2։39-40. Show all posts
Showing posts with label Ղուկ. 2։39-40. Show all posts

12.12.20

18. ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԶԱՐԵԹՈՒՄ (ՀԱՄԱՊԱՏՈՒՄ)

  Նախորդ գլուխը՝ 
17. ՓԱԽՈՒՍՏ ԵԳԻՊՏՈՍ

ՄԱՏԹԵՈՍ 2։22-23
22 Բայց երբ լսեց, թե Արքեղայոսն է թագավորում Հրեաստանում իր հոր՝ Հերովդեսի փոխարեն, վախեցավ այնտեղ գնալ և երազի մեջ հրաման ստանալով՝ գնաց Գալիլեայի կողմերը։ 
23 Եկավ բնակվեց Նազարեթ կոչվող քաղաքում, որպեսզի իրականանար մարգարեների այն խոսքը, թե Նազովրեցի է կոչվելու։

ՂՈՒԿԱՍ 2։39-40
39 Եվ երբ ամեն ինչ կատարեցին Տիրոջ օրենքի համաձայն, վերադարձան Գալիլեա, իրենց քաղաքը՝ Նազարեթ։ 
40 Մանուկն աճում և զորանում էր՝ լի իմաստությամբ, և Աստծու շնորհները նրա վրա էին։

Հերովդեսից հետո Հրեաստանը բաժանվեց չորս մասի՝ Հրեաստան, Գալիլիա, Իտուրիա և Աբյուլինիա: Առաջին երեքին իշխեցին Հերովդեսի զավակներից Արքեղայոսը, Անտիպասը և Փիլիպպոսը, որոնք նաև Հերովդես անունն էին իրենց անվանը կցել: Նազարեթը, ուր գնալու էր Հովսեփը, Գալիլիայում էր, Հերովդես Անտիպասի իշխանության տակ, և մինչ Հովսեփը խուսափում էր Արքեղայոսի իշխանությունից, Անտիպասի իշխանության վրա ավելի վստահություն էր ցուցաբերում, քանի որ, չնայած նա շվայտության և պղծության հետևող մարդ էր, բայց չար բռնապետի անուն չուներ: Նազարեթում Հովսեփն արդեն տուն ու տեղ ուներ, և չնայած Բեթղեհեմ էր տեղափոխվել, Նազարեթում ունեցածը ձեռքից բաց չէր թողել և հեշտությամբ վերադարձավ ու  տեղավորվեց իր տանը՝ տարուց պակաս ժամանակ այնտեղից հեռանալուց, Բեթղեհեմում և Եգիպտոսում  պանդխտելուց և բավական դժվարություններով լեցուն ժամանակ անցկացնելուց հետո, բայց նաև վայելելով այդ ընթացքում Հիսուսի ծննդյան և սքանչելի հայտնությունների և երկնային մխիթարությունների ուրախությունները: Նազարեթում նորից մնայուն բնակություն հաստատելու մասին Ղուկասն էլ է գրում՝ հիշելով այդ մասին քառասնօրյա տաճար ընծայվելուց անմիջապես հետո: Սակայն, քանի որ Եգիպտոսի միջադեպը չի հիշում, բնական է, որ ընծայումը և Նազարեթ գնալն իրար ետևից պատմեր: Հիսուսի մանկությունը, առաջին տարուց մինչև 12 տարին լրանալը անցավ Նազարեթում, տղաների սովորական պայմանների նման: Ղուկասը գրում է, որ Հիսուս մանուկը մեծանում էր և իմաստությամբ փայլում՝ Աստծու շնորհների հայտնի նշանները ցույց տալով, այսինքն՝ ուրիշ տղաներից տարբեր առավելություններ էր ցույց տալիս, և բոլորի աչքին կանխահաս իմաստության և զարգացման նշաններ էր ի հայտ բերում: Թե Հիսուս դաստիարակության և ուսման հետևեց՝ հայտնի բան գրված չկա, բայց դա որպես ստույգ բան պետք է ընդունել: Եվ իրոք, Հիսուսի համար մի տեղ գրված է, թե hրեաները զարմանում էին ու ասում. «Սա ինչպե՞ս գիտե Գրվածքները, քանի որ բնավ չի սովորել (Հովհ. 7:15): Բայց այդ չի ասում, թե կարդալ-գրել չի սովորել, քանի որ ոչ ոք չէր զարմանում, երբ ժողովարանում մարգարեական գրքերն էր կարդում, այլ զարմանում էին միայն, թե ինչպես Հիսուս դպիրների և օրինականների պես գիտնական դասակարգից չլինելով, խորունկ և կատարելապես տեղյակ էր Ս. Գրքին: Մյուս կողմից, երբ տեսնում ենք, որ Հիսուսի կյանքը ծնունդից սկսած մարդկային բնության օրենքների համեմատ ընթացավ, կարիք չկա ասելու, թե մարդկային հանգամանքներն էլ առանց մարդկային դաստիարակության ստացավ, և ամեն ինչ միայն աստվածային կարողությամբ ունեցավ: Այլ է, երբ խոսքը վերաբերում է այնպիսի բաների, որոնք վեր են մարդկային կարողությունից և միայն աստվածային կարողությանն են վերաբերում և փրկագործական տնօրինություններին են պատկանում:

Հաջորդ գլուխը՝
19. ՀԻՍՈՒՍ ՄԱՆՈՒԿԻ ՎԱՐԴԱՊԵՏԵԼԸ