13.12.20

20. ՀԻՍՈՒՍԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ (ՀԱՄԱՊԱՏՈՒՄ)

 Նախորդ գլուխը՝
19. ՀԻՍՈՒՍ ՄԱՆՈՒԿԻ ՎԱՐԴԱՊԵՏԵԼԸ

ՄԱՏԹԵՈՍ 2։23
23 Եկավ բնակվեց Նազարեթ կոչվող քաղաքում, որպեսզի իրականանար մարգարեների այն խոսքը, թե Նազովրեցի է կոչվելու։

ՂՈՒԿԱՍ 2։50-51
50 Բայց նրանք չհասկացան իրենց ասված այդ խոսքը։ 51 Հիսուսը նրանց հետ իջավ Նազարեթ։ Եվ հնազանդ էր նրանց։ Իսկ նրա մայրն այդ բոլոր խոսքերը պահում էր իր սրտում։


Հիսուսի 13  տարեկանում տաճարում պատահած դեպքերից մինչև 30 տարեկանը՝ մկրտվելը և քարոզության սկսվելը, Ավետարանները ոչինչ չեն պատմում, չնայած որ 18 տարվա տևողությունը որևէ մեկի կյանքի համար բավական նշանակալի ժամանակ է, սակայն Հիսուսի կյանքի համար այն անցնում է աննշան:

Այդ փաստին ուրիշ մեկնություն չկա, բացի այն ընդհանուր սկզբունքից, որ ընդունված է բոլոր ազգերի մեջ և նույնիսկ մեր ժամանակներում էլ, թե գործը սկսելու համար 30 տարեկան է պետք լինել: Այդ սկզբունքը հրեաներն էլ ունեին, և Հիսուսը, իր մարդկային խորհրդի բոլոր պահանջները հանձն առնելով, այդ պայմանն էլ հարգեց  և մինչև երեսուն տարին չլրացած իր գործունեությունը չսկսեց:

Այդ ժամանակը Հիսուս անցկացրեց Նազարեթում միշտ մնալով, որի պատճառով Նազովրեցի, այսինքն՝ Նազարեթի անունն էլ իրեն տրվեց իր կյանքում՝ իբրև մականուն: Անգամ խաչի վրա, որպես հատուկ անուն, գրվեց՝ Հիսուս Նազովրեցի: Մատթեոսը, այդ հատուկ անվան համար էլ հիշում է մարգարեական մի պատգամ՝ «Նազովրեցի է կոչվելու» խոսքերով: Բայց այդ հատվածում, այդպիսի բառերով մարգարեություն չենք գտնում, և որովհետև հունարենն ու լատիներենը ունեն՝ «իրականանար մարգարեների այն խոսքը» և ոչ՝ «իրականանար մարգարեի այն խոսքը», ինչպես ասորերեն ու մեր թարգմանության մեջ, մեկնիչներից շատերն ասում են, թե ավետարանիչն ակնարկում է ընդհանուր կերպով բոլոր մարգարեների խոսքերը: Ոմանք էլ ասում են, թե ավետարանիչը դարձվածքով ակնարկում է Եսայի մարգարեի խոսքերը. «Հեսսեի արմատից գավազան պիտի ընձյուղվի» (Ես. 11։1), ուր եբրայական բնագիրն ունի  «ծաղիկ պիտի բխի», իսկ Նազովրեցի անունը լծորդ են համարում եբրայական  նեզեր=ծաղիկ բառին: Մյուս կողմից, հրեաների մեջ ուխտ արած նվիրյալները, հին օրենքի ճգնավորները կոչվում էին նաև նազովրեցի, և այդ անունը, ոմանք եբրայերեն նազար=բաժանել  բայից վերցված են գտնում, իսկ ոմանք էլ՝ Նազարեթ քաղաքի անունից: Հիսուսի վրա երկուսն էլ ճշմարտվեցին, թե՛ Նազովրեցի  եղավ որպես ուխտավոր, և թե՛ Նազարեթցի՝ բնակության վայրով: Մյուս կողմից, նազովրեցիները անարգված և նախատված մարդիկ էին համարվում ժողովրդի մեջ: Հիսուսի համար էլ ասված էր մարգարեության մեջ. «Բայց ես որդ եմ եւ ոչ թե մարդ, մարդկանց համար նախատինք եմ եւ անարգանք՝ ժողովուրդներին» (Սաղմ. 21։7), և «Նրա տեսքն ավելի անարգ էր ու նսեմ, քան բոլոր մարդկանց որդիներինը» (Ես. 53։3):

Հիսուսի անձնական կայնքին դառնալով, արդեն հիշեցինք, թե նա բարձրագույն դպրոցներում ուսում չի ստացել, թեպետ սովորական ուսումից անմասն չմնաց, և իր տարիները անցկացրեց ընտանեկան հարկի տակ, ամբողջովին առանձնացված կյանքով: Ղուկասը Հիսուսի ապրած 18 տարիները ամփոփում է հետևյալ խոսքերով. «Եվ հնազանդ էր նրանց... զարգանում էր իմաստությամբ, հասակով և շնորհով՝ Աստծու և մարդկանց առջև»: Այս խոսքերը տարօրինակ փայլ և նշանավոր առավելություններ են ցույց տալիս Հիսուսի վրա, Նրա խորհրդավոր անձնավորություն լինելու իսկությունն են հայտնում, նույնիսկ անձնական անշուք կյանքի գաղտնիության ներքո, որոնք, իհարկե, զարմացմամբ վկայում էին Նազարեթի բնակիչները, հյուսն Հովսեփի համեստ տնակի մեջ հիացմամբ դիտելով սքանչելահրաշ երիտասարդի գերազանց ձիրքերը:

Ավանդությունը պատմում է, որ Հիսուսն իր հայրագիր Հովսեփի հյուսնության արհեստի մեջ նրա աշակերտն ու օգնականն էր, գործակիցը՝ փոքրիկ ընտանիքի ապրուստը հայթայթելու: Հիսուսի համար հրեաները ասում էին. «Սա հյուսնի տղան և Մարիամի որդին չէ՞ միթե» (Մարկ. 6։3), ուր հունարենն ու լատիներենն ունեն՝ «Սա հյուսնը և Մարիամի որդին չէ՞», որ ավելի բացահայտ է ցույց տալիս, թե Հիսուս ինքն էլ հյուսնությամբ էր զբաղվում իր անձնական կյանքում: Այնպես որ, մեր թարգմանության մեջ էլ մանուկ և որդին բառերի առանձին կրկնությունն էլ հաշվի առնելով, պետք է հյուսնի որդին բառերը հասկանալ ավելի հյուսնի աշակերտ քան թե՝ հյուսնի որդի: Այդ կետը պետք է ուրախությամբ ու պարծանքով ընդունվի արհեստավոր և գործավոր դասակարգի կողմից, տեսնելով, որ Հիսուս ինքն էլ իրենց պես արհեստավոր-գործավոր էր եղել:

Ուշադրության արժանի պարագա է նաև Հովսեփի մահը: Հիսուսի հրապարակային կյանքը սկսվելուց հետո, այլևս ոչ մի տեղ չի հիշվում Հովսեփը, մինչ Մարիամի հիշատակումն ավելի հաճախ է լինում, և  այս էլ ընդունվել է իբրև ստույգ նշան, թե Հովսեփը մահացել էր արդեն Հիսուսի մկրտությունից առաջ, որտեղից էլ հետևում է, որ մի ժամանակամիջոց էլ Հիսուս ինքն էր պարտավորվել իր արհեստով և աշխատանքով հոգալ իր և մոր ապրուստը:

Հաջորդ գլուխը՝

0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...