Showing posts with label Մատթ. 2։19-21. Show all posts
Showing posts with label Մատթ. 2։19-21. Show all posts

12.12.20

17. ՓԱԽՈՒՍՏ ԵԳԻՊՏՈՍ (ՀԱՄԱՊԱՏՈՒՄ)

   Նախորդ գլուխը՝ 
16. ԲԵԹՂԵՀԵՄԻ ՄԱՆՈՒԿՆԵՐԸ

ՄԱՏԹԵՈՍ 2։13-15
13 Եւ երբ նրանք այնտեղից գնացին, ահա Տիրոջ հրեշտակը երազի մեջ երեւաց Հովսեփին ու ասաց. «Վե՛ր կաց, վերցրու՛ այդ մանկանը եւ նրա մորը ու փախի՛ր Եգիպտոս. եւ այնտեղ մնա՛ մինչեւ որ քեզ ասեմ. քանի որ Հերովդեսը փնտռում է այդ մանկանը կորստյան մատնելու համար»:  
14 Եւ նա վեր կացավ, առավ մանկանն ու նրա մորը, գիշերով, եւ գնաց Եգիպտոս ու այնտեղ մնաց մինչեւ Հերովդեսի մահը,  
15 որպեսզի կատարվի մարգարեի բերանով Տիրոջ կողմից ասվածը, թե` Եգիպտոսի՛ց պիտի կանչեմ իմ Որդուն:

ՄԱՏԹԵՈՍ 2։19-21
19 Երբ Հերովդեսը վախճանվեց, ահա Տիրոջ հրեշտակը երազի մեջ երեւաց Հովսեփին Եգիպտոսում եւ ասաց.  
20 «Վե՛ր կաց, վերցրու՛ այդ մանկանն ու իր մորը եւ վերադարձի՛ր Իսրայելի երկիրը, որովհետեւ մեռան նրանք, որ այդ մանկան մահն էին ուզում»:  
21 Եւ Հովսեփը վեր կացավ, առավ մանկանն ու մորը եւ եկավ Իսրայելի երկիրը: 

Հերովդեսի գտած միջոցը չհասավ իր նպատակին, Բեթղեհեմի փոքրիկ տղաներն սպանվեցին, բայց նորածին Հիսուս ազատվեց: Երկնային նախախնամությունը, որ մարդեղության և փրկագործության խորհուրդներն էր կարգադրել, Հերովդեսի պաշտոնյաների՝ Բեթղեհեմ գալուց առաջ, հրեշտակի տեսիլքով հայտնեց Հովսեփին վերահաս վտանգի մասին և հրամայեց, որ նա վերցնի Հիսուսին և մորը, դուրս գա Բեթղեհեմից և Եգիպտոսի ճամփան բռնի, գնա այնտեղ և մնա, մինչև նոր հրաման ստանալը:

Շտապեց Հովսեփը և տեսիլքից անմիջապես հետո, գիշերով դուրս եկավ Բեթղեհեմից և Եգիպտոսի ճամփան բռնեց՝ Ելևթերուպոլիս և Գազա քաղաքներով: Ճամփորդությունը թե երկար էր և թե դժվարին, բավականին ժամանակ էր պահանջում, այնպես որ Հովսեփի համեստ վիճակը թույլ չէր տա այդ անել: Ավանդական պատկերները Հովսեփին, Մարիամի և Հիսուսի փոխադրության միջոց մի խեղճ իշուկ են ներկայացնում, որը շատ տաժանակիր և շատ երկար ճանապարհ կլիներ՝ մինչև Բեթղեհեմից հասնեին Եգիպտոս, թեպետ անապատով գնացին՝ քարավանների սովորական ուղիով: