30.7.15

10 ՀԱՆԳԱՄԱՆՔ, ՈՐՈՆՔ ԱՂՈԹՔԴ ԴԱՐՁՆՈՒՄ ԵՆ ՏԿԱՐ

Աղոթքը քրիստոնյա մարդու «հանապազօրյա հացն է», հոգևոր կերակուր, որի միջոցով մահկանացու մարդկանցս հնարավորություն է տրվում հաղորդակցության մեջ մտնել անմահ Աստծո հետ: Աղոթքը զրույց է Աստծո հետ՝ սեփական մտահոգությունները, ուրախություններն ու տխրությունները, փափագները և գոհությունը Երկնավոր Հոր հետ կիսվելու համար, և այս ամենը, որպես կանոն, պատասխան ստանալու ակնկալիքով...

Իսկ ո՞րն է պատճառը, որ երբեմն աղոթքը զորավոր չի ստացվում, ինչո՞ւ է հաճախ մեր աղոթքը սառչում շուրթերի վրա, կորսվում օդի մեջ, կարճ ասած՝ ինչո՞ւ մեր աղոթքը տեղ չի հասնում: Հարցի պատասխանը գտնում ենք Աստվածաշնչի էջեր մեջ: 
Ահավասիկ 10 հանգամանք, որոնք մեր աղոթքները տկար են դարձնում՝


1. Երբ աղոթում ես առանց Քրիստոսին՝ Աստծուն, ճանաչելու՝ 
«Ես եմ Ճանապարհը եւ Ճշմարտութիւնը եւ Կեանքը։ Ոչ ոք չի գայ Հօր մօտ, եթէ ոչ՝ ինձանով» (Յհ 14:6):

2. Երբ աղոթում ես առանց ապաշխարող սրտի՝
Եթէ սրտումս մեղք տեսնէի, Տէրն ինձ չէր ունկնդրի։Դրա համար Աստուած լսեց ինձ եւ ուշ դարձրեց իմ խնդրանքի ձայնին։ (Սղ 65:18,19)

3. Երբ աղոթում ես ցուցադրաբար՝ 
«Եւ երբ աղօթես, չլինե՛ս կեղծաւորների նման, որոնք սիրում են ժողովարաններում եւ հրապարակների անկիւններում աղօթքի կանգնել, որպէսզի մարդկանց երեւան. ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը։ (Մտ 6:5)

4. Երբ աղոթում ես դատարկ խոսքերով ու կրկնաբանությամբ՝ 
Աղօթք անելիս շատախօս մի՛ լինէք ինչպէս հեթանոսները, որովհետեւ նրանք կարծում են, թէ իրենց շատ խօսքերի պատճառով լսելի կը լինեն։ Արդ, նրանց չնմանուէ՛ք, որովհետեւ ձեր Հայրը գիտէ, թէ ինչ է ձեզ պէտք, նախքան որ դուք նրանից մի բան ուզէք։ (Մտ 6:7,8)

5. Երբ աղոթում ես առանց իրապես խնդրելու՝
... ձեռք չէք բերում, որովհետեւ չէք խնդրում։ (Յկ 4:2)

6. Երբ աղոթում ես չարամտորեն և ցանկասիրությամբ լի սրտով՝ 
Խնդրում էք եւ չէք ստանում, որովհետեւ չարամտօրէն էք խնդրում, որպէսզի այն ծառայեցնէք ձեր ցանկութիւններին։ (Յկ 4:3)

7. Երբ աղոթում ես առանց կողակցիդ հետ հաշտ լինելու՝
Նոյնպէս եւ տղամարդիկ թող իմաստութեամբ ապրեն իրենց կանանց հետ, յարգեն նրանց, իբրեւ դիւրաբեկ անօթի, իբրեւ կեանքի շնորհի ժառանգակիցների, որպէսզի ձեր աղօթքներին արգելք եղող բաներ չլինեն (Ա.Պտ 3:7):

8. Երբ աղոթում ես կարիքավորներին անտեսելով՝ 
Ով իր ականջը փակում է տնանկին չլսելու համար, ինքն էլ երբ կանչի Տիրոջը, Տէրն էլ իրեն չի լսի (Առ 21:13):

9. Երբ աղոթում ես առանց ներողամտության՝
Եւ երբ աղօթքի կանգնէք, թէ մէկի դէմ մի բան ունէք, ներեցէ՛ք, որպէսզի ձեր Հայրն էլ, որ երկնքում է, ների ձեզ ձեր յանցանքները» (Մր 11:25):

10. Երբ աղոթում ես առանց հավատքի՝
Միայն թէ նա հաւատո՛վ թող խնդրի եւ թող չերկմտի, որովհետեւ, ով երկմիտ է, նման է ծովի հողմակոծ եւ տարուբերուող ալիքներին։ Այդպիսի մարդը թող չակնկալի Աստծուց որեւէ բան ստանալ, քանի որ երկմիտ մարդը իր արած բոլոր քայլերում անհաստատ է (Յկ 1:6-8):

Փաստացիորեն այս 10-ը կետերից մեկի առկայությունն էլ բավարար է, ճշմարիտ աղոթքը խանգարելու համար... Ուշադիր լինենք: Իսկ մյուս անգամ կխոսենք աղոթքը զորավոր դարձնող 10 սկզբունքների մասին:
Իսկ մինչ այդ մտածենք մեր աղոթքը խաթարող 10 հանգամանքների մասին, և աղոթենք ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻ աղոթագրքով:

0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...