6.12.11

ԾՆՆԴՅԱՆ ՆՎԵՐ

Ասում են` «երկու երնեկ մի տեղ չի լինում...»
Ներքին մի ձայն, մի համոզում ինձ միշտ հուշում էր, որ կյանքիս ամենամեծ նվերը պիտի ստանամ քսանհինգ ամյակիս առնչությամբ: Նվերը շնորհընկալաբար ստացա, ստացա ճիշտ այն օրերին, երբ սիրելի մայրս սրանից մեկ քառորդ դար առաջ երկունքի ցավ էր քաշում հանուն ինձ... Դրանից ճիշտ քսանհինգ տարի անց, Քրիստոս ինձ որպես նվեր վերստին ծնվելու իրավունք տվեց:

Այս գիշեր ես ծնկի եկա աստվածային մեծ Սիրո առջև ու թեև աչքերս չթրջվեցին ապաշխարողի դառն արցունքներով, սիրտս սակայն շնորհակալությամբ  ողբաց հալոցքով:
...Ու մտքերս` որպես աղոթք, դասավորվեցին գրչիս ներքո...

«Շնորհակալ եմ, Տե՛ր...
... Ների՛ր, Բազմագութ...»

... Ների՛ր, քանզի իմ փոխարեն Դո՛ւ գլխիդ առար մացառապսակ, անտրտունջ դատարկեցիր բաժակը չարչարանքի` լեցուն լեղիով, իսկ ինձ արժանացնելով անհատնում շնորհիդ` «Գլուխս յուղով օծեցիր, և քո բաժակն ինձ արբեցրեց անխառն գինու պես»*
Քեզ հալածեցին իմ մեղքի համար` ձեռքերդ ծակելով երկաթ-գամերով**, ու դրա տեղակ Քո՛ ողորմությամբ իմ աջ-ահյակին զորություն տվիր մեղքը սպանելու: 
Լռութամբ խոնարհ ուսերիդ առար ծաղրի քղամիդ***, բայց նախընտրեցիր «անառակ որդուդ» զգեստավորել վեհ պատմուճանով: 
Դո՛ւ «անիծվեցիր» խաչից կախվելով****, բայց ինձ օժտեցիր մահիդ հաղթությամբ համակ աշխարհիս խաղաղությունդ խաչասփռելու հրաշք օրհնությամբ: 
Ո՜վ Տեր կենարար, «հա՛ց հանապազորդ», գերադասեցիր Քո ողորմությամբ, հանուն քավության իմ բիրտ մատներում ծվեններ դարձնել մարմինը Քո սուրբ` չպահանջելով ոչինչ փոխարեն, բացի փափագյալ իմ փրկությունից:
Եվ ինչպե՞ս, Տե՛ր իմ, լինել անշնորհակալ, երբ ես դեռ չծնված, ընդունեցիր ինձ մորս արգանդից***** և այնուհանդերձ ինձ ձայն տվեցիր նահատակ սրբիդ հուսատու անվամբ` «Արի իմ ետևից»******:

Շնորհակալ եմ, Տե՛ր, նվերիդ համար... Փա՜ռք Քեզ Աստված, փա՜ռք ամեն բանում, այժմ և հավետ:

Միացի՛ր ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՆ նաև facebook-ում
* Սաղմ. 22:6        **** Բ Օր. 21:23, Գաղ. 3:13
** Սաղմ. 21:18     ***** Սաղմ 21:11
*** Մատթ. 27:28   ****** Մատթ. 9:9

4 արտահայտվիր:

Anonymous said...
12/6/11, 6:51 PM

Ոնց հուզվեցի, Տեր Հուսիկ ջան, ինչքան անկեղծ սեր ու նվիրում կար էս տողերի մեջ, տա Աստված, որ այս ջերմեռանդությունդ երբեք չմարի: Տա Թև

Աննա said...
12/6/11, 8:29 PM

Էս երկու օր ա,մտածում եմ,որ քրիստոնեությունը մի անգնահատելի յուրահատկություն ունի,թույլ է տալիս ներկա գտնվել քեզ հարազատ այն մարդկանց ծծնդին, ովքեր վաղուց ծնվել են:Դու կարող ես տեսնել,թե ինչպես է քո հասակակից կամ քեզանից մեծ ընկերդ ծնվում, իրոք հրաշք է...

Unknown said...
12/6/11, 10:10 PM

Օրհնեցեք Տեր Հայր ջան:

Շատ լավն էր, անվանեցի ինքնաբուխ աղոթք: Տերը զորացնի Ձեզ հավատքի մեջ և իր շնորհների մեջ պահի: Ամեն:

Սոսե said...
12/7/11, 9:35 AM

Որքան անկեղծություն կար Տեր հայր ջան:Շատ հուզիչ էր.Թող Աստված իր առատ շնորհներով ողողի քեզ ու զորացնի:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...