Արագ քայլերս ինձ հինգ րոպեում
հասցրեցին կանգառ:
«Լա՛վ է,- մտածեցի,- ավտոբուսը
դեռ չի շարժվել»:
Բոլոր նստատեղերը զբաղված էին,
կանգնելու տեղ գրեթե չկար: Ինչ-որ կերպ մի ոտքի տեղ գտնելով տեղավորվեցի անհասկանալի
պարունակությամբ հսկա պարկերի և տանջահար դեմքով մի հողագործ գյուղացու միջև: Սովետական
«ПАЗ» մակնիշի դեղին ավտոբուսը իր «սովորության» համաձայն մռնչաց առյուծի նման, ապա
գնացքի պես ցնցվելով՝ պոկվեց տեղից: Ներս խուժած այրված գազի հոտն էլ ավելի ուժգնացրեց
հեղձուկը:
Ավտոբուսը կանգ առավ կես ճանապարհին:
Դռներն աղմուկով բացվեցին: Չնայած ուղևորների՝ վարորդին հասցեագրված բողոքին, երկու
հոգի ներս խցկվեցին: Առաջինը սողոսկեց միջին տարիքի մի կին: Նա ճարպկորեն անցավ ուղևորների
միջով՝ իր ետևից քաշելով տարիքն առած մեկին: Կանգնելով դիմացս՝ կինը մի ստուգող հայացք
պտտեց ավտոբուսով մեկ՝ հայացքն ի վերջո կանգնեցնելով կողքի նստարանի երիտասարդի վրա:
Երիտասարդը, կարծես թե հասկանալով նրա հանդիմանող ակնարկը, ելավ տեղից՝ առաջարկելով
նստել:
- Ապրես, ազի՛զ,- հապճեպորեն ասաց
կինը և իր գիրուկ մարմնին հատուկ շարժուձևով տեղավորվեց ազատված տեղում: