Showing posts with label ավտոբուս. Show all posts
Showing posts with label ավտոբուս. Show all posts

7.5.12

ԲԵՌԼԻՆ


Արագ քայլերս ինձ հինգ րոպեում հասցրեցին կանգառ:
«Լա՛վ է,- մտածեցի,- ավտոբուսը դեռ չի շարժվել»:
Բոլոր նստատեղերը զբաղված էին, կանգնելու տեղ գրեթե չկար: Ինչ-որ կերպ մի ոտքի տեղ գտնելով տեղավորվեցի անհասկանալի պարունակությամբ հսկա պարկերի և տանջահար դեմքով մի հողագործ գյուղացու միջև: Սովետական «ПАЗ» մակնիշի դեղին ավտոբուսը իր «սովորության» համաձայն մռնչաց առյուծի նման, ապա գնացքի պես ցնցվելով՝ պոկվեց տեղից: Ներս խուժած այրված գազի հոտն էլ ավելի ուժգնացրեց հեղձուկը:
Ավտոբուսը կանգ առավ կես ճանապարհին: Դռներն աղմուկով բացվեցին: Չնայած ուղևորների՝ վարորդին հասցեագրված բողոքին, երկու հոգի ներս խցկվեցին: Առաջինը սողոսկեց միջին տարիքի մի կին: Նա ճարպկորեն անցավ ուղևորների միջով՝ իր ետևից քաշելով տարիքն առած մեկին: Կանգնելով դիմացս՝ կինը մի ստուգող հայացք պտտեց ավտոբուսով մեկ՝ հայացքն ի վերջո կանգնեցնելով կողքի նստարանի երիտասարդի վրա: Երիտասարդը, կարծես թե հասկանալով նրա հանդիմանող ակնարկը, ելավ տեղից՝ առաջարկելով նստել:
- Ապրես, ազի՛զ,- հապճեպորեն ասաց կինը և իր գիրուկ մարմնին հատուկ շարժուձևով տեղավորվեց ազատված տեղում: