Արդեն քանի տարի է անհամբեր սպասում ենք գարնանը: Որովհետև մեր սիրելի Տեր Հայրը վերադառնում է Հայրենիք: «Երբ նոր էի քահանա ձեռնադրվել, կուզեի փոխել աշխարհը: 10 տարի հետո տեսա, որ անհնար բանմ է, որոշեցի փոխել միայն հայ ազգը: 10 տարի հետո տեսա դա էլ անհնար է, ուզեցի փոխել Ամերիկահայությունը: Օօօ՜, 10 տարի հետո հասկցա, որ դա էլ հնարավոր չէ: Կուզեի փոխել Բոստոնի Սուրբ Հակոբ եկեղեցու համայնքը: Դա էլ անհնար եղավ: Վերջը հասկցա, որ ինքս ինձ էլ փոխեմ, մեծ բան պիտի ըրած լինեմ...»: Տեր Տաճատին ճանաչում եմ 10 տարուց ավելին: Հանդիպում էի մեր փոքրիկ Կաթողիկե Աստվածածին եկեղեցում` հիմնականում Պատարագներին: Ամեն անգամ նրա քարոզից հետո, շատ տպավորված գնում էի տուն և պատմում նրա մասին: Բայց չէի շփվում նրա հետ, մի տեսակ քաշվում էի: Մի անգամ պատարագին դրսում կանգնած էի (տեղեկացնեմ, որ տաճարի փոքրության պատճառով շատերը դրսում կանգնած են մասնակցում ) և ցածր ձայնակցում էի դպրաց դասին: Տեր Տաճատը կանգնած էր ինձանից ոչ հեռու: Ողջույնի ժամանակ ներս գնաց: Եվ երբ ողջարգուրման ալիքների հետ դուրս եկավ, մոտեցավ ինձ ու ասաց. «Աղջի՛կ, պատարագին բարձր երգե՛»: Սրտովս էր…Հետո մասնակցեցի Տեր Հոր կազմակերպած Խաչապտույտներին` աղոթքներով, շարականներով, քարոզներով ողողված: Անցորդները զարմացած նայում էին, մոտենում, հարցնում, որոշները միանում էին: Տեր Տաճատի անմիջականությունը, իմաստնությունը, հումորը և իհարկե սերը անտարբեր չեն թողնում ոչ ոքի: Իսկ մանուկներին առանձնակի ջերմությամբ ու քնքշությամբ է վերաբերում: Հեռվից էլ տեսնի, մոտենում է, օրհնում ու համբուրում: Սկսեցի մասնակցել ուխտագնացություններին: Որքան երիտասարդներ են համախմբվում նրա շուրջ: «Մենք ո՞վ ենք»,- հնչում է Տեր Հոր հզոր ձայնը: Եվ խումբը մեծ խանդավառությամբ պատասխանում է. «Հայ Քրիստոնեա…»: Ուր էլ գնում ենք, ինչ աստիճանի և տարիքի հոգևորական էլ պատահում է, բոլորը սիրով և ուրախությամբ ընդունում են Տեր Տաճատին և հպարտությամբ նշում, որ իրենց սիրելի ուսուցիչն է: Այո, նա մեր ուսուցիչն է, ընկերը, եղբայրը, հայրը, պապիկը…Զրուցում է, կատակում, խորհում, պատասխանում բոլորի հարցերին: Շնորհակալ եմ Աստծուն, որ ունենք այսպիսի քահանա և որ ես պատիվ ունեցա նրան անձամբ ճանաչելու, նրանից օրհնություն ստանալու…«Սիրեցեք իրար, ինչպես ե՛ս ձեզ սիրեցի!», չի մոռանում կրկնել Տեր Հայրը մեր փրկչի` Հիսուս Քրիստոսի խոսքերը: Մենք էլ միշտ հիշենք այդ հրաշալի պատգամը: Սիրելի Տեր Հայր ինձ թվում է, որ ձեր 50 տարվա փափագը մոտ է իրականցման: Դուք մեր եկեղեցուն նոր շունչ հաղորդեցիք: Աստված երկար, առողջ կյանք տա, զորացնի ձեզ այս Աստվածահաճո և ազգանվեր գործում: Ամեն!
Արփինե Մեսրոպյան
0 արտահայտվիր:
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: