Showing posts with label Յիշատակարան. Show all posts
Showing posts with label Յիշատակարան. Show all posts

23.10.13

Մեկնություն ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ աղոթքի - ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ

«Խրատական նախադրություն այն աղոթքի, որ պատրաստեց Հայոց Գրիգոր Կաթողիկոսի եղբայր Տեր Ներսեսը»:

«Աղոթք բոլոր քրիստոնյաների՝ մեծերի և փոքրերի, որ պարտավոր են սովորել ամենքը և սովորեցնել իրար՝ քահանաները ժողովրդին, հայրերն իրենց որդիներին, մայրերն իրենց աղջիկներին և ընկերը ընկերոջը: Եվ թող սրանով օրը հինգ անգամ աղոթեն՝ տասներկու ծնրադրությամբ յուրաքանչյուր աղոթքի ժամանակ. այսինքն՝ առավոտյան, ճաշին, կեսօրին, երեկոյան և հանգստյան ժամին: Իսկ եթե մեկը ծուլանա և չկարողանա օրական հինգ անգամ աղոթել, թող աղոթի չորս անգամ կամ երեք անգամ, կամ երկու անգամ կամ օրական մեկ անգամ, որով հայտնի կլինի, որ քրիստոնյա է, և ինքն իրեն կնկատի որպես Աստծո արարած և երկրպագող: Եվ եթե մեկը ծուլանա այս աղոթքի բոլոր տները սովորելում (այն դեպքում, երբ սատանայական երգեր շատ արագ են սովորում) թող սովորի սրա կեսը կամ ավելի պակաս, որովհետև եթե մինչև իսկ երեք տուն սրանից սովորի և աղոթի երեք ծնրադրությամբ աղոթքի ժամին, ընդունելի է Աստծո առջև: Իսկ եթե որևէ քրիստոնյա անփույթ գտնվի սա սովորելու և աղոթելու մեջ թող հանդիմանվի... ) թող հանդիմանվի այլազգիներից, որոնք իրենց աղոթքները չեն դադարացնում ո՛չ պատերազմի ժամանակ, ո՛չ՝ խաղաղության: Իսկ մեր ժողովուրդը եկեղեցուց դուրս Աստծո անունն անգամ չի հիշում, որովհետև իբրև աստվածապաշտներ՝ մարդիկ կարևորություն չեն տալիս աղոթքի կարգ-կանոնին: Եվ եթե ոմանք աղոթելու նպատակով իսկ գալիս են քահանաների մոտ, կա՛մ փակ բերանով կանգնում են, կա՛մ իրար հետ խոսում, որովհետև ո՛չ իրենք գիտեն աղոթքի խոսքերը և ոչ էլ ուշադրություն են դարձնում քահանաների ասած սաղմոսներին ու պաշտամունքին: