Showing posts with label Հայր Աստված. Show all posts
Showing posts with label Հայր Աստված. Show all posts

5.5.14

ՄԵՂԱՆՉՈՒՄ - Մեկնություն ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ աղոթքի

Հայր երկնաւոր Աստուած ճշմարիտ, որ առաքեցեր զորդիդ քո սիրելի ի խնդիր մոլորեալ ոչխարին, մեղայ յերկինս եւ առաջի քո, ընկալ զիս որպես զանառակ որդին, եւ զգեցո ինձ զպատմուճանն զառաջին զոր մերկացայ մեղօք. եւ ողորմեա քո արարածոց 
եւ ինձ բազմամեղիս:

Հա՛յր երկնավոր, Աստվա՛ծ ճշմարիտ, որ ուղարկեցիր Քո սիրելի Որդուն մոլորված ոչխարիս փնտրելու համար, մեղք գործեցի՜ երկնքի ու Քո առաջ, ընդունի՛ր ինձ ինչպես անառակ որդուն և հագցրո՛ւ ինձ առաջին պատմուճանը, որից մերկացա մեղքով. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

Մեղք գործեցի երկնքի ու Քո առաջ - Սա զղջման և դարձի եկող մեղավորի դասական աղաղակն է, որ առաջին անգամ հնչեց Ավետարանի Անառակ որդու բերանից։ Այս խոսքով հաստատվում է Ավետարանի քարոզած այն ճշմարտությունը, որ բոլոր մեղքերը, անկախ այն բանից, թե դրանք գործնականում ում դեմ են կատարվել, իրականում գործվում են Աստծո առջև և Աստծո դեմ։ Արարքի՝ Աստծո դեմ գործված լինելու հանգամանքն է, որ այն զատում է մյուս արարքներից և վերածում մեղքի։ Աստծո դեմ գործված արարքն է, որ մենք մեղք ենք կոչում։ Իրականում, մեր բոլոր գործերը կա´մ Աստծո դեմ են, կա´մ Աստծո համար. արարքները խորապես և վերջնական վերլուծելուց հետո, կտեսնենք, որ  բարոյական և կրոնական գիտակցություն ունեցող էակի համար չեզոք արարք գոյություն չունի։ Քրիստոս ասում է. «Քանի որ իմ եղբայրներից մեկի համար արեցիք, Ինձ համար արեցիք, եթե եղբայրներիցս որևէ մեկին չարեցիք, Ինձ չարեցիք»:

5.4.14

ՀԱՅՐ ԵՐԿՆԱՎՈՐ - Մեկնություն ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ աղոթքի

Հայր երկնաւոր Աստուած ճշմարիտ, որ առաքեցեր զորդիդ քո սիրելի ի խնդիր մոլորեալ ոչխարին, մեղայ յերկինս եւ առաջի քո, ընկալ զիս որպես զանառակ որդին, եւ զգեցո ինձ զպատմուճանն զառաջին զոր մերկացայ մեղօք. եւ ողորմեա քո արարածոց 
եւ ինձ բազմամեղիս:

Հա՛յր երկնավոր, Աստվա՛ծ ճշմարիտ, որ ուղարկեցիր Քո սիրելի Որդուն մոլորված ոչխարիս փնտրելու համար, մեղա՜ երկնքի ու Քո առաջ, ընդունի՛ր ինձ ինչպես անառակ որդուն և հագցրո՛ւ ինձ առաջին պատմուճանը, որից մերկացա մեղքով. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

Շնորհալի Հայրապետի «Հավատով Խոստովանիմ» գոհար աղոթքի առաջին երկու տներն ուղղված էին Ամենասուրբ Երրորդությանը՝ որպես մի Աստվածության։ Հաջորդ երեք տներից ամեն մեկն ուղղվում է Սուրբ Երրորդության երեք դեմքերից յուրաքանչյուրին։ Եկեղեցում ընդունված և կիրառվող սովորություն է, որ երբեմն աղոթքներն առանձին-առանձին ուղղվում են Աստվածության Անձերից որևէ մեկին։  Այս իրողությունը հստակ կերպով երևում է Ճաշու (ճաշի ժամին մատուցվող – սրկ.) երեք ժամերգությունների վերջին աղոթքներում: Ըստ այսմ՝ Ճաշու Երրորդ ժամի վերջին աղոթքը՝ «Խաղաղութեամբ քով, Հոգիդ Սուրբ Աստուած ճշմարիտ…», ուղղված է Հոգի Աստծուն, Ճաշի Վեցերորդ ժամի վերջին աղոթքը՝ «Հայր գթութեանց», ուղղված է Հայր Աստծուն, իսկ Իններորդ ժամինը՝ «Քրիստոս՝ Որդի Աստուծոյ», ուղղված է Որդի Աստծուն։ Եկեղեցու նշանավոր Հայրերից Հովհան Ոսկեբերանը Հոգեգալստյան տոնի առիթով մի մեծ աղոթք է գրել՝ բաժանելով այն երեք մասի, որոնցից ամեն մեկն ուղղված է Սուրբ Երրորդության Անձերից յուրաքանչյուրին։ Մեր ուսումանսիրության առարկան՝ աղոթքի տվյալ տունը, ուղղված է Հայր Աստծուն։
Այս և հաջորդ երկու տները կառուցված են միևնույն կաղապարի վրա։ Նախ Աստվածության յուրաքանչյուր դեմքը դավանվում է որպես ճշմարիտ Աստված, ապա ընտրովի և համառոտ հիշատակվում է յուրաքանչյուր Անձերից ամեն մեկին հատուկ  այն տնօրինությունը, որը աղոթքի այդ տան մեջ հիշատակված Անձը կատարել է մեր փրկության համար։ Հետո կատարվում է մեղքերի խոստովանություն, որի բանաձևը երեք տների մեջ էլ նույնն է։ Որպես չորրորդ և վերջին կետ՝ յուրաքանչյուր Անձից հայցվում է այն մասնավոր շնորհքը, որ Սուրբ Երրորդության Անձերից ամեն մեկն արդեն տվել է ուրիշներին՝ ըստ Ավետարանի պատմությունների։