Showing posts with label Անառակի կիրակի. Show all posts
Showing posts with label Անառակի կիրակի. Show all posts

12.3.17

ԱՂՈԹԵՆՔ ՄՈԼՈՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀԱՅՏՆՎԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ -ՄԵԾ ՊԱՀՔ (օր 14)


Այսօրվա Աստվածաշնչյան ընթերցվածքները չորսն են՝
Ղուկ. 6:12:49, Ես 54:11-55:13, Բ Կորնթ. 6:1-7:1, Ղուկ. 15:1-32, որոնք կարող եք կարդալ այստեղ:

Այսօր Մեծ Պահքի երրորդ կիրակին է, որն անվանում ենք Անառակի կիրակի ըստ Ղուկասի Ավետարանի հայտնի առակի։ Առակը պատմում է, թե ինչպես մի մարդու որդիներից մեկը հայրական ունեցվածքի իր բաժինը վերցնելով գնաց ու ապրեց անառակ, ապօրինի և մոլորված կյանքով, ապա զղջալով վերադարձավ իր հոր տունը և ներում գտնելով՝ գրկաբաց ընդունվեց իր հոր կողմից։ Որդու դարձը տեսնելով` հայրը շատ ուրախացավ` ասելով.

《Իմ այս որդին մեռած էր եւ կենդանացաւ, կորած էր եւ գտնուեց》(Ղուկ. 15:32)

Այս հայրը մեր երկնավոր Հոր` Աստծո կերպարն է, մի Հայր, որ ունի իրեն լքած բազմաթիվ զավակներ` անհավատներ, թերահավատներ, սնահավատներ, մոլորությունների մեջ հայտնված զավակներ։ Նրանք էլ կրտսեր որդու պես վերցրել են այն ամեն բարիքները ինչ Աստված տվել է իրենց, բայց և հրաժարվում են ապրել որպես Աստծո զավակներ, հեռացել են Հորից եւ ինքնախաբեությամբ ապրում են սատանայի ճիրաններում։
Աստված սակայն  առակի հոր նման սպասում է իր անառակ զավակներին և պատրաստ է գրկաբաց ընդունել նրանց, եթե միայն հասկանան ու ընդունեն իրենց սխալը և զղջալով դառնան դեպի իրենց Արարիչն ու Հայրը։