12.3.17

ԱՂՈԹԵՆՔ ՄՈԼՈՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀԱՅՏՆՎԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ -ՄԵԾ ՊԱՀՔ (օր 14)


Այսօրվա Աստվածաշնչյան ընթերցվածքները չորսն են՝
Ղուկ. 6:12:49, Ես 54:11-55:13, Բ Կորնթ. 6:1-7:1, Ղուկ. 15:1-32, որոնք կարող եք կարդալ այստեղ:

Այսօր Մեծ Պահքի երրորդ կիրակին է, որն անվանում ենք Անառակի կիրակի ըստ Ղուկասի Ավետարանի հայտնի առակի։ Առակը պատմում է, թե ինչպես մի մարդու որդիներից մեկը հայրական ունեցվածքի իր բաժինը վերցնելով գնաց ու ապրեց անառակ, ապօրինի և մոլորված կյանքով, ապա զղջալով վերադարձավ իր հոր տունը և ներում գտնելով՝ գրկաբաց ընդունվեց իր հոր կողմից։ Որդու դարձը տեսնելով` հայրը շատ ուրախացավ` ասելով.

《Իմ այս որդին մեռած էր եւ կենդանացաւ, կորած էր եւ գտնուեց》(Ղուկ. 15:32)

Այս հայրը մեր երկնավոր Հոր` Աստծո կերպարն է, մի Հայր, որ ունի իրեն լքած բազմաթիվ զավակներ` անհավատներ, թերահավատներ, սնահավատներ, մոլորությունների մեջ հայտնված զավակներ։ Նրանք էլ կրտսեր որդու պես վերցրել են այն ամեն բարիքները ինչ Աստված տվել է իրենց, բայց և հրաժարվում են ապրել որպես Աստծո զավակներ, հեռացել են Հորից եւ ինքնախաբեությամբ ապրում են սատանայի ճիրաններում։
Աստված սակայն  առակի հոր նման սպասում է իր անառակ զավակներին և պատրաստ է գրկաբաց ընդունել նրանց, եթե միայն հասկանան ու ընդունեն իրենց սխալը և զղջալով դառնան դեպի իրենց Արարիչն ու Հայրը։


Եկեք սիրելիներ մեր այսօրվա աղոթքները միաբանենք հանուն մոլորված ու Աստծուց հեռացած այս անառակների (նրանց շարքում կարող ենք լինել թե մենք, թե օտարներ, թե մեր ընտանյաց անդամներ, թե հարևաններ)։ Հատկապես կխնդրեմ աղոթենք մեր այն քույր ու եղբայրների համար, ովքեր կամա կամ ակամա հայտնվել են զանազան կրոնական մոլությունների և աղանդների մեջ։ Խնդրենք Աստծուն, որպեսզի լուսավորի նրանց միտքը և ցույց տա ճշմարիտ ճանապարհը, որ տանում է հայրական տուն։

Աղոթենք Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ»-ի 17-րդ աղոթքով, որը թեև գրված է առաջին դեմքով, սակայն կարող ենք ընթերցել մեր շրջապատում գտնվող մարդկանց համար եւս (աղոթքն ամբողջական գրաբար կամ աշխարհաբար կարող եք գտնել մեր այս աղոթագրքի մեջ (սեղմեք հղման վրա)։ 


 Մոլորյալներին դարձի՛ բերող, 
ե՛տ դարձրու մոլորվածներին իրենց չար սովորություններից 
դեպի բարի սովորություն 
և բևեռի՛ր նրանց հոգին դեպի մահվան սոսկալի օրը,
 գեհենի երկյուղը և արքայության սերը, 
որպեսզի զղջան իրենց մեղքերի համար
 արդարություն գործեն. 
և ողորմի՛ր Քո արարածներին և մեզ՝ բազմամեղներիս:

Օրհնվեք...

0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...