Արդեն մի քանի օր է, սիրելիներ, ինչ միաբանվել ենք Մեծ Պահքի խորհրդածությունների և աղոթքների շուրջ: Անցյալ աղոթքների մեր նյութերն ու նպատակները բազմազան էին, և տացե Աստված, որ դրանք իրենց պտուղները բերեն, սակայն մինչ այս մեր բոլոր աղթքները խնդրողական էին՝ դիմումներ Աստծուն այս կամ այն հարցով: Այսօր առաջարկում եմ միասին փառաբանական աղոթք հղենք առ Աստված, գովաբանենք և օրհնաբանենք մեր Տիրոջը իր անսպառ բարիքների համար:
Այդ բարիքներից մեծագույնի մասին այսօրվա ընթերցման մեջ խոսում է Պողոս Առաքյալը՝ ասելով.
«Նա ներեց մեզ մեր բոլոր յանցանքները եւ ոչնչացրեց հրամաններով հաստատուած այն պարտամուրհակը, որ մեր դէմ էր, վերացրեց այն մէջտեղից եւ մեխեց խաչափայտին: Իշխանութիւններին եւ պետութիւններին զինաթափ արեց, հրապարակաւ խայտառակեց՝ նրանց պարտութեան մատնելով Քրիստոսի միջոցով՝ նրա յարութեամբ» (Կող. 2:14-15):Պատկերացնենք, սիրելիներ, որ մենք ինչ-որ մեկին կամ ինչ-որ դրամատան ահռելի մեծության դրամ ու վարկ ենք պարտք, և հանկարծ հայտնվում է մի ազնվագութ մարդ և վճարում է մեր փոխարեն, ավելին՝ վճարում է իր կյանքի և արյան գնով... Ի՞նչ կարող ենք մենք անել նման մարդու համար, եթե ոչ ամենուր նրա գովքը պատմել և սերնդեսերունդ փառաբանել նրա փրկչական քայլը:
Ճիշտ այդպես մեր Աստված մարդացավ և դեպի ճշմարիտ մահը գնաց ու մեր փոխարեն ինքն իր խաչափայտին մեխեց մեր մեղքերի պարտամուրհակը՝ ջախջախելով պարտատիրոջ՝ սատանայի իշխանությունը:
Ուրեմն եկեք այսօրվա մեր աղոթքը ամբողջովին նվիրենք փառաբանությանը: Եվ առհասարակ, եկեք միշտ սկզբունք դարձնենք մեր ամենօրյա աղոթքների մեջ ամուր ու մշտական տեղ հատկացնել Ամենասուրբ Երրորդության փառաբանությանը: Աղոթենք Դավիթ մարգարեի վերջին՝ 150-րդ սաղմոսով, որը կարող եք գտնել մեր այս աղոթագրքի մեջ (սեղմեք հղման վրա)։ Օրհնվեք...
0 արտահայտվիր:
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: