31.12.13

ՆՈՐ ՏԱՐՈՒ ՀԵՏ ՆՈՐԱՆԱԼՈՎ...

Շատ սիրելի ընթերցողնե՛ր, ընկերնե՛ր և հարազատնե՛ր, բոլոր-բոլորդ, որ կարդում եք այս տողերը, ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻ անունից ընդունեք իմ ջերմագույն շնորհավորանքները Ամանորի առթիվ
Բարեմաղթանքիս մեջ այսօր զուսպ պիտի լինեմ՝ հիմնական ասելիքը թողնելով վարպետ Սահյանին: Աղոթս է, սիրելինե՛ր, որ այս օրերին հնչող յուրաքանչյուր բարի խոսք, սրտից հորդող ամեն բարի կամեցղություն և բարեմաղթանք գոնե կիսով չափ իրականություն դառնա յուրաքանչյուրիս կյանքում: Թող Տերը առատ օրհնություններով և շնորհներով հեղի բոլորիդ և խաղաղության մեջ պահի Հայաստանս, ժողովրդիս, հայի յուրաքանչյուր օջախ ու ամեն մեկիս անհատապես: Շնորհավոր... Թող իրական լինի նորացումը նոր տարու հետ՝

Հրաժեշտի ու հանդիպման
Երանելի մի ակնթարթ…
Զրը՜նգ զրը՜նգ,- ծոր է տալիս
Ժամացույցի զանգը հպարտ:
  
Սեղանների վրա թողած
Իր օրհնությունն ու իր բարին,
Հարազատի հոժարությամբ
Հեռանում է հոգնած տարին:

Մանուկ տարին իր սպիտակ
Խանձարուրից աչքը բանում,
Ուրախություն, ուրախություն,
Ուրախություն է խոստանում:

Ուրախանանք նոր տարու հետ,-
Նոր տարու հետ նորանալով,
Հին հոգսի հետ մեր քունքերի
Ճերմակն անգամ մոռանալով…

Ուրախանանք նոր տարու հետ,
Նոր տարու հետ նորանալով,
Դալարելով մեր կյանք ապրենք,
Ոչ թե դանդաղ չորանալով:

Խաղաղություն մաղթենք հողին,
Մաղթենք` ամեն սար ու ձորում
Բողբոջներին բացվելու բախտ
Եվ ծիլերին հասկավորում:

Սիրողներին մաքուր սիրո
Հավատ մաղթենք մի հաստատուն,
Իմաստունին կորով մաղթենք,
Եվ կտրիճին իմաստություն,
Մերձավորին վստահություն,
Մեծավորին` ներող հոգի,
Բարուն ազատ թևեր մաղթենք
Եվ բարություն ամեն ոքի:

Համո Սահյան

0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...