Հաւատով խոստովանիմ եւ երկիրպագանեմ քեզ, Հայր եւ Որդի եւ Սուրբ Հոգի, անեղ եւ անմահ բնութիւն, արարիչ հրեշտակաց եւ մարդկան եւ ամենայն եղելոց. ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:
Հավատով խոստովանում և երկրպագում եմ Քեզ` Հա՛յր և Որդի՛ և Սո՛ւրբ Հոգի, անստեղծ և անմա՛հ բնություն, հրեշտակների, մարդկանց և բոլոր եղածների՛ Արարիչ, ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

Երկրպագությունը՝ իբրև խորը հարգանքի և խոնարհության արտահայտություն, շարունակաբար կիրառված է թե՛ Հին, թե՛ Նոր Կտակարանների մեջ։ Աբրահամը աստվածային այցելուներին դիմավորեց երկրպագությամբ։ Մոգերը, երբ Մանուկ Հիսուսին գտան, «ընկնելով երկրպագում էին նրան»։ Սատանան Հիսուսին փորձելու ժամանակ պայման դրեց Նրա առջև, որ աշխարհի բոլոր թագավորությունները և փառքը Իրեն կտա «եթե ընկնելով երկրպագես ինձ»։ Հիսուսը պատասխանեց Ասվածաշնչյան պատվիրանը մեջբերելով. «պիտի երկրպագես քո Տէր Աստծո՛ւն և միայն նրա՛ն պիտի պաշտես»։ Ուրեմն Հիսուսի իսկ հավաստումով երկրպագելը և պաշտելը իրար գրեթե համազոր եզրեր և արարքներ են։ Արդարև, երկրպագության պաշտամունքի մասնակցելը ամենասովորական երևույթներից էր հնում։ Գերագույն պաշտամունքի, այսինքն՝ Սուրբ Պատարագի ընթացքում, ինչպես նաև առօրյա բոլոր պաշտամունքների աղոթքների մեջ, խաղաղություն տալուց հետո շարունակ հրավեր է լինում պաշտամունքներին մասնակցողներին՝ «Աստծոյ երկիր պագեսցուք» [թրգմն. Աստծուն երկրպագեք] ։ Հնում այս հրավերի ժամանակ, առհասարակ, պաշտամունքի բոլոր մասնակիցները, իբրև մեկ մարմին, ընկնում էին գետնին և երկրպագություն էին անում։ Ներկայումս, սակայն, տիրող բարքերը, մտայնություններն ու մանավանդ գործածվող հագուստները արգելք են հանդիսանում այս հրավերի դասական կիրառության համար։ Այս նկատառումներով Լատին Եկեղեցու մեջ երկրպագությունը վերածված է ծնրադրության, իսկ Բողոքական քրիստոնյաների մեջից իսպառ վերցված է։ Նույն ընթացքը առկա է նաև մեր մեջ։ Ամերիկայի հայ եկեղեցիների մեջ, ինչպես նաև գրեթե ամեն տեղ, ուր նստարանի կիրառությունը ընդհանրացված է, երկրպագելու սովորությունը ամբողջովին ջնջված է։ Մեր հին սերունդի և հին աշխարհի մեջ է, որ այս վաղնջական ու աստվածաշնչական կրոնական արարմունքը դեռ իր գոյությունը շարունակում է։
Կրոնական և հասարակական արարմունքների մեջ էականը ոգին և սկզբունքն է։ Որևէ արարմունք, որ չի բխում սկզբունքից կամ ոգեղեն ապրումի արտահայտություն չէ, անիմաստ է ու կեղծ: Մյուս կողմից որևէ սկզբունք և ներքին ապրում, որ իր տեսնելի արտահայտությունը չի գտնում, մեռած է՝ ուժականությունից և կենսունակությունից զուրկ։ Հետևաբար այս երկուսը՝ ոգի և արտահայտություն, կամ սզբունք և կիրառություն, միասին են ընթանում. մեկն առանց մյուսի մեռած է։ Այս երկուսի մեջ տարբերությունն այն է, որ մեկը (ոգին և սկզբունքը) անփոփոխ է, իսկ մյուսը՝ (արտահայտություն և կրառություն) փոփոխական կարող է լինել։ Միևնույն սկզբունքը կարելի է կիրառել բազում ձևերով։ Հետևաբար, երբ ժամանակների բերումով և պահանջով տառապես երկրպագելը վերանում է, նրա հետ պետք չէ, որ մեռնի նաև սկզբունքը, այլ՝ արտահայտվի տարբեր կերպերով։ Երկրպագության մերձավորագույն արտահայտությունը խոր խոնարհությունն է: Հետևաբար լինի ժամերգության ընթացքում կամ Սուրբ Պատարագի միջոցին, երբ «Աստուծոյ երկիր պագեսցուք» հրավերն է լինում, բոլոր աղոթավորները, իբրև մեկ մարմին, պետք է իջնեն և խորունկ խոնարհություն անեն։ Գլխավոր շարժումը, որով եկեղեցում ներկաները պաշտանմունքին մասնակցում են, գրեթե այս է միայն, այլապես ներկաները վերածվում են սոսկ հանդիսատեսի, իսկ հանդիսատես լինելու համար եկեղեցի գնալը ո՛չ բարյական պարտավորություն է, ո՛չ եկեղեցու հրահանգն է և ո՛չ էլ Աստծո կամքը։ Իսկ աստվածային պաշտանմուքնին գործնականապես մասնակից լինելու համար եկեղեցի գնալը ընդգրկում է այս երեքը միանգամից:
ՇՆՈՐՀՔ ԵՊԻՍԿ.
(Սիոն, 1958, Թ-Ժ)
0 արտահայտվիր:
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: