«Հավատով խոստովանիմը» բաղկացած է 24 տնից։ Երբ Շնորհալին 24 տներից կազմված մի աղոթք էր գրում, բնականաբար երբեք մտքով ացնել չէր կարող, որ կգտնվի մեկ հավատացյալ, ով իսկապես պիտի կարողանա օրվա ամեն մի ժամին այս աղոթքից մեկական տուն ասել։ Երբեք: Այլ սրանք գրված են օրվա 24 ժամերի դիմաց, հոգ չէ եթե սրանք բոլորը մեկ անգամով ասվեն, կամ մեկից ավելի անգամներով, ինչպես ինքը՝ Շնորհալին է կարգադրում իր իսկ նախաբան Հիշատակարանի մեջ, որը հայտնի կդառնա գրությանս վերջում:
Այս աղոթաշարքին իբրև վերնագիր դրվել է «Աղոթք՝ Աստծուն հավատացող յուրաքանչյուր անձի համար»: Այսինքն սա ամեն մի հավատացյալ անհատի հատուկ աղոթքն է, ինչը շեշտում է նրա անձնական հանգամանքը՝ հակադրելով հավաքական աղոթքին: Ուրիշ կերպ ասած՝ այս աղոթքը ստեղծված է, որպեսզի ամեն մի հավատացյալի կողմից ասվի ցանկացած տեղ և ցանկացած ժամանակ, այլ ոչ թէ քահանայի կողմից՝ հավաքական պաշտամունքի ընթացքում, ինչպես ժամագրքի գրեթե բոլոր աղոթքների պարագայում է: Այս իսկ պատճառով մինչև վերջերս, և թերևս մինչ օրս էլ հայ հավատացյալների շրջանում ամենից տարածված և ամենից շատ կիրառված աղոթքն է այս՝ ասված «ի տուէ եւ ի գիշերի, ի նստիլ ի տան եւ ի գնալ ի ճանապարհ, ի ննջել եւ ի յառնել» [թրգմն. գիշեր թե ցերեկ, թե՛ տանը նստելիս, թե՛ ճանապարհ գնալիս, ննջելիս և թե՛ արթնանալիս]: Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի՝ ժողովրդի տարբեր խավերի կողմից սիրված դեմք լինելու կարևոր ազդակներից մեկն էլ հենց այս աղոթքն է: Երանելի հայրապետը կարողացել է հասարակ հավատացյալի կարևոր հոգեկան բոլոր պահանջները խտացնել այս աղոթքի մեջ:
ՇՆՈՐՀՔ ԵՊԻՍԿ.
(Սիոն, 1958, Է-Ը)
0 արտահայտվիր:
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: