24.8.12

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Երբ շուրջ 1 ամիս առաջ որոշեցի կազմել ՈՐՔԱՆՈ՞Վ ԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ թեստը և որոշակի վիճակագրություն ներկայացնել ընթերցողին, ամենևին պատկերացում չունեի, թե ինչ ելք կունենա։ Սպասում էի, որ սուր քննադատություն պիտի լինի, թե ով եմ ես, որ չափեմ որևէ մեկի հավատքը կամ քրիստոնյա լինելը, և թե ինչպես կարող է նման թեստը օբյեկտիվ ու լիարժեք պատասխան տալ և այլն և այլն։ Եղան անշուշտ նման քննադատություններ, սակայն շատ քիչ (հակված եմ կարծելու, որ քննադատողները նրանք էին, ովքեր սեփական անձի դատապարտությունն էին տեսնում հարց ու պատասխանի մեջ). չքննադատողներն, ըստ երևույթին, մտաբերում էին արտահայտված իմ այն միտքը, թե «Անշուշտ միամիտ կլիներ կարծել, թե 25 կարճ հարցերի միջոցով պիտի միանգամայն իրական պատկեր ստանանք...»։ Ի հեճուկս քննադատողների և ի զարմանս ինձ, շատ ավելին եղան թեստի մասին դրական կարծիքները։
Ո՛չ, խոսքը այն մասին չէ, որ թեստը կատարյալ էր, կամ այն իրական պատկեր էր տալիս, այլ առավելաբար բարձր գնահատվեց այն, որ հարցաշարի միջոցով մարդիկ առիթ ունեցան վերանայելու իրենց հանապազօրյա կյանքը, հասկանալու, որ շատ հաճախ ճշմարիտ պատասխանն իմանալով հանդերձ՝ ձեռքը չի գնում այդ տարբերակը նշելու, որովհետև մի բան է տեսությունը և քրիստոնյա կոչվելը, մեկ այլ բան կյանքը և քրիստոնայայի պես ապրելը։ Հավատացեք, սա և միայն սա էր իմ՝ թեստ պատրաստելու բուն նպատակը։ 
Անակնկալ էր նաև այն, որ սպասված 100 քվեարկողի փոխարեն մեկ օրում գրանցվեց թեստի ավելի քան 150 լրացում։ Որոշեցի վիճակագրել 200-ը, ապա ակտիվությունը հասավ 500-ի, և ի վերջո 1000 հոգի մասնակցեց թեստին (համաձայնեք, բավականին ոգևորող ցուցանիշ է)։ Սրա համար, անշուշտ արժե շնորհակալություն հայտնել ընթերցողներին, ովքեր իրենք իսկ անցան թեստը և մեծ ակտիվությամբ տարածեցին այն համացանցում։ Այս առումով մեծ էր նաև BlogNews-ի խմբագրության բարեհաճությունն ու պատրաստակամությունը, ինչի համար դարձյալ շնորհակալ եմ։

Թեստի նպատակի հետ կապված մեկ այլ նրբություն ևս. շատերն ինձ գրում էին, որ պատասխանները բոլոր հարցերում ակնհայտորեն դասավորված են նույն տրամաբանական հերթականությամբ. սկսվում են ճիշտ /4 միավորանոց/ պատասխանով և ավարտվում համեմատաբար ամենասխալ պատասխանով /0 միավորանոց/։ Ամբողջ «խորամանկությունը» նրանում է, որ ես անձնապես անհատի անցած ու քվեարկած տվյալների մասին իմանալ չեմ կարող. յուրաքանչյուրն ինքը պետք է հաշվի հավաքած միավորները և համեմատի բարձրագույն ցուցանիշի՝ 100-ի հետ. այդ դեպքում պատասխանների մեջ կեղծելն ու խաբելը ոչ այլինչ պիտի լինի, եթե ոչ ինքնախաբեություն, մի բան, որը մենք ամենահաճախն ենք օգտագործում մեր հոգևոր-հավատքային կյանքում։ Բացի այս, թեստն այս դասավորվածությամբ ինչ-որ մեկի համար կարող է ունենալ ուսուցողական միտում։ 
Ինչևէ, թեև մասնակցությունը թեստին դեռևս շարունակվում է, այնուամենայնիվ այսօր կներկայացնեմ թեստի արձանագրած ցուցանիշերը 1000 մասնակցի համար։ Դիտենք ստորև (նկարի վրա ցուցանիշերը պարզ չերևալու պարագայում մեծացրեք պատկերի չափսը համակարգչից)՝


Արձանագրված ցուցանիշերից, ընդհանուր առմամբ, ակնհայտ է դառնում, որ 1000 հոգուց

1-ին պատասխանը (ամենաբարձր՝ 4 միավոր) ընտրել է 49%-ը,
2-րդ՝ երեք միավորանոց պատասխանները՝ 18%-ը,
3-րդ՝ երկու միավորանոց պատասխանը՝ 11%-ը,
4-րդ՝ մեկ միավորանոց «այլ» պատասխանը (որի տակ բացի տրված պատասխաններից կարելի է հասկանալ ամեն բան) ընտրել է 15%-ը,
5-րդ՝ վերջին 0 միավոր արժեցող պատասխանն ընտրել է 7%-ը։


Ընթերցողին եմ թողնում եզրակացությունը, թե այս տոկոսային պատկերը որքանով է իրական ընդհանուր հայ միջավայրում, իսկ ՍԱՐԿԱՎԱԿԱԳԻՐՔԸ այս թեստի հետ կապված առաջիկայում շատ աշխատանք ունի. առանձին թեմաներով պիտի քննարկենք հարցերից յուրաքանչյուրը՝ տեսնելու, թե կարևոր է արդյոք այն քրիստոնյայի կյանքում։ 
Աստված օրհնի բոլորին ովքեր անցան այս թեստը, օժանդակեցին և անկեղծ եղան, դե մյուսներին էլ, 1000-ապատիկ ավելին թող օրհնի։ 
«Եղբայրնե՛ր, ես ինքս ինձ նպատակին հասած չեմ համարում. բայց խնդիրն այն է, որ հետևում մնացածները մոռացած՝ ձգտում եմ դեպի իմ առջևում եղածները. ուշադիր վազում եմ աստվածային կոչմանս նպատակակետին՝ Քրիստոս Հիսուսով» (Փիլ. 3:13-14):

Միացի՛ր ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՆ նաև facebook-ում

0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...