28.8.12

ԿՈՐԲԱՆ


Yerem ընթերցողի կողմից մեկնության է առաջադրվել Մատթեոսի Ավետարանի 15-րդ գլխի 6-րդ համարը՝

Իսկ դուք ասում եք. ով իր հորը կամ մորը ասի, թե՝ այն, ինչ ինձնից օգտվելու ես, Աստծուն ընծա է, այլևս չի մեծարի իր հորը կամ իր մորը. ուրեմն՝ Աստծու խոսքը արհամարհում էք ձեր ավանդության պատճառով։

Տիրոջ շուրթերից հնչած այս դատապարտիչ խոսքը՝ ուղղված Երուսաղեմից Գալիլիա եկած փարիսեցիներին և օրենսգետներին, ունի իր նախապատմությունը։ Հրեա կրոնական ներկայացուցիչները՝ սովորության համաձայն փորձելով Հիսուսին «բռնացնել» որևէ զանցարարության մեջ, մոտենում են նրան ու ասում.

«Ինչո՞ւ քո աշակերտները նախնիների ավանդությունը զանց են անում, քանի որ, երբ հաց են ուտում, ձեռքները չեն լվանում»։ Նա պատասխան տվեց և ասաց նրանց. «Իսկ դուք ինչո՞ւ զանց եք անում Աստծու պատվիրանը՝ ձեր ավանդության պատճառով. քանի որ Աստված ասաց. «Մեծարի՛ր քո հորը և մորը». և ով վատաբանում է հորը կամ մորը, մահվամբ պիտի պատժվի։ Իսկ դուք ասում եք. ով իր հորը կամ մորը ասի, թե՝ այն, ինչ ինձնից օգտվելու ես, Աստծուն ընծա է, այլևս չի մեծարի իր հորը կամ իր մորը. ուրեմն՝ Աստծու խոսքը արհամարհում եք ձեր ավանդության պատճառով» (Մատթ. 15։2-6)։

Ինչո՞ւմ էին Հիսուսի հակառակորդները մեղադրում աշակերտներին (հետևաբար և Իրեն)։ Հրեաները ջրով արարողությունների՝ լվացումների 3 տեսակ էին տարբերակում՝

Ա. ամբողջական լվացում, որը հիմնականում կիրառվում էր Մովսիսականությունը ընդունած անձանց համար՝ որպես դարձի նշան։
Բ. ոտքերի և ձեռքերի լվացում, որից օգտվում էին ղևտացիներն ու քահանաները ծիսակարգից առաջ՝ համապատասխան Ելք 30։17-21-ի։
Գ. ձեռքերի լվացում, որը կիրառվում էր սնունդ օգտագործելուց առաջ։

Ահա Երուսաղեմի օրենսգետների մեղադրանքը առնչվում էր այս վերջինին։ Ի դեպ, թեև Հին Կտակարանում ձեռքերի լվացման մասին ընդամենը 1 հատված կարելի է գտնել (Ղևտ. 15։11), որը ամենևին էլ չի առնչվում սնունդ օգտագործելուն, այնուամենայնիվ հրեաները խստորեն ու ամենայն բծախնդրությամբ պահում էին այս սկզբունքը՝ համարելով այն «նախնիների ավանդություն»։ Հրեայի համար Օրենքը ուներ 2 բաղկացուցիչ՝ գրավոր օրենք և բանավոր օրենք։ Ահա այս ավանդույթը հենց բանավոր օրենքի մաս էր կազմում։ Ըստ ավանդության այս ծիսակարգը սահմանել էր Սողոմոն արքան, սակայն Սուրբ գրքի ուսումնասիրողներն ավելի հակված են այն համարելու Ղևտացիներին կարգադրված լվացման աշխարհիկանացված տարբերակը։ Այս լվացումը այնքան խորը արմատներ ուներ հրեաների կյանքում, որ այն պահապանողական հրեայի կյանքում դիտարկվում էր որպես հոգևոր կյանքի դրսևորում։ Պատմում են, որ Ակիբա անունով մի ռաբբի, կալանավորված լինելով, մահացավ ծարավից, քանի որ խմելու համար հատկացված քիչ ջուրը գերադասեց օգտագործել ձեռքերը լվանալու և ոչ թե խմելու համար։
Այս ամենը տալիս է մեզ հստակ պատկերը, թե որքան կարևոր էին հրեաները դիտարկում այս սովորույթը, ուստի և տեսնելով, որ «աշակերտներից ոմանք անմաքուր ձեռքերով, այսինքն՝ անլվա հաց էին ուտում, բամբասեցին, որովհետև փարիսեցիները և բոլոր հրեաները, եթե ձեռքները մի լավ չլվանան, հաց չեն ուտում, քանի որ հների ավանդությունը պահում են» (Մարկ. 7։2-3)։

Լսելով այս մեղադրանքը՝ Փրկիչը հանդիմանալից հիշեցնում է նրանց Օրենքի կարևորությունը՝ շեշտելով Աստծո Տասը Պատվիրաններից 4-րդը՝ «Պատվիր քո հորն ու մորը» (Ելք 20։12, Բ Օր. 5։16), որը հրեաներն իրենց կյանքում, ըստ երևույթին, հաճախակի էին խախտում, ապա և հավելում է՝ «Ով վատաբանում է հորը կամ մորըմահվամբ պիտի պատժվի» (Ելք 21:17)։ Ինչո՞ւմն էր բանը։ Հրեաները, ըստ երևույթին հիմնականում հիմնվելով Ղևտացիների գրքի 27-րդ գլխի վրա, մեկ այլ սովորույթ՝ «նախնիների ավանդություն», էին մշակել։ Դա Աստծո հետ ուխտ կապելու, Աստծո անվամբ որևէ բան՝ դրամ, կենդանի, ունեցվածք տաճարին զոհաբերելու, նվիրաբերելու սովորույթն էր, որը կոչվում էր ԿՈՐԲԱՆ (որից, ենթադրում եմ, առաջացել է մեզանում բավական տարածված ՂՈՒՐԲԱՆ բառը )։ Կորբանը հրեայի համար սեփական բարեպաշտությունը ի ցույց դնելու հիանալի առիթ էր, սակայն այդ բարեպաշտությունը, ինչպես Փրկիչն է մատնանշում, կեղծ էր ու մակերեսային, որովհետև հաճախ իր խորքում խաբեություն ու ամբարտավանություն էր պարունակում։ Երբ հրեա անհատի ծնողները, կարիքի մեջ լինելով, դիմում էին զավակին օգնության համար, պատահում էր, որ ուրանալով ծնողների հոգատարությունը և անտեսելով Աստծո պատվիրանը, որդին հայտարարում էր, որ ինքը թեև գումար, կամ ասենք՝ արջառ ունի, սակայն չի կարող դրանցով օգնել ծնողներին, քանի որ ուխտ՝ կորբան է կապել Աստծո հետ, որպեսզի ունեցվածքը նվիրաբերի տաճարին։ Ստացվում էր, որ այս ճանապարհով «ավանդության» գերիները չնախատեսված, նախապես ոչ ցանկալի զոհաբերություն էին անում հանուն Աստծո՝ միաժամանակ մերժելով և արհամարհելով ծնողներին. այն միջոցները, որ պետք է վատնեին ծնողները, տրվում էին տաճարին և տվողը բարեպաշտի համբավ էր ձեռք բերում։ Սերը զոհ էր գնում սնապարծությանը։
Ահա այսպիսի հաշվենկատության և օրենքը անսրտորեն խախտելու մեջ էր Փրկիչը մեղադրում հրեա առաջնորդներին՝ շեշտելով, որ նախ արժե Օրենքը, Աստծո պատվիրանը կատարել, ապա նոր անդրադառնալ, թե ով է թերանում ավանդությունները պահելու մեջ։ Սա դաս է նաև մեզանից յուրաքանչյուրի համար՝ տարբերելու հիմնականը երկրորդականից, հակառակ դեպքում Փրկիչը մեզ էլ պիտի ասի՝ «Աստծու խոսքը արհամարհում էք ձեր ավանդության պատճառով»։

Հ.Գ. Այս հատվածի մեկնությունը, ինձ խորհելու մի միտք տվեց։ Նման իրադրություն մեր՝ հայերիս կյանքում չափից դուրս շատ է հանդիպում։ Կորբանը զոհաբերություն անելու ավանդույթն էր, այլ կերպ ասած՝ դիմացիններին Աստծո անվամբ լավություն անելու ավանդույթը։ Նման ավանդույթ է մեզանում մատաղը (պատահական չէր «ղուրբանաի» հետ զուգահեռումը)։ Ի՞նչ է այն իրենից ենթադրում։ Շատերը պնդում են, որ այն հեթանոսական զոհաբերության մնացուկ է, սակայն, եթե ուշադրություն դարձնենք, մատաղն արմատապես այլ բան է՝ հար և նման կորբանին։ Մատաղը կենդանու (գառ կամ աքաղաղ) ողջակիզում չէ հանուն Աստծո, այն սոսկ բարեգործություն է, քաղցած մարդկանց, աղքատներին (ժողովրդական ստուգաբանությամբ այն բացատրվում է որպես «մատուցել աղքատներին») կերակրելու, բարիք գործելու և այդ կերպ հավատքը գործով ապացուցելու մի միջոց։ Պատահական չէ, որ պնդում են, թե մատաղը անպայման պետք է բաժանվի առնվազան 7 տեղ։ Պատահական չէ, որ մատաղ անողին ասում են՝ «ընդունելի լինի», այսինքն՝ արված ողորմությունը թող ընդունելի լինի Աստծո առաջ։ Այո՛, բայց եթե շրջահայաց լինենք հայ քրիստոնյաների կայնքում այսօր այն 99%-ով կորցրել է իր նշանակությունը և վերածվել կերուխումի, գինարբուքի առիթի, երբ աղքատներին մոռացած, հավաքվում են հարևան-բարեկամներով «մատաղ ուտելու»։ Աստծո խոսքն ու պատվիրանը, թե «Մի՛ հապաղիր կարոտյալին բարություն անել» (Առակ. 3:27) փաստացիորեն, կուլ է գնում այս ավանդույթի այսօրվա սխալ կիրառմանը։ Ամոթալի է։ Թերևս մեր կյանքում էլ կատարվում է այն, ինչ Քրիստոսի ժամանակներում. առաջնայինը զոհ է գնում երկրորդականին։ Եվ նման մատաղը, հավատացեք, Քրիստոսի առաջ ընդունելի չպիտի լինի։ Տիրոջ օրհնությունը բոլորիդ վրա:

Եթե ունեք մեկնության կարոտ Ձեր աստվածաշնչյան հատվածը, անցե՛ք այս հղումով` 

Միացի՛ր ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՆ նաև facebook-ում

1 արտահայտվիր:

Տաթևիկ said...
8/30/12, 2:07 PM

Տեր Հայր ջան, շատ շնորհակալություն, շատ հետաքրքիր էր: Աստված Ձեզ միշտ օգնական լինի: Երբ մի քիչ խորն ես մտածում, վաաաաայ, ինչքան շատ ենք մենք կուլ գնում ազգային ավանդույթներին (թեկուզ դրական ավանդույթներին), ինչպես նաև տվյալ ժամանակահատվածում մեր մեջ ընդունված որոշ սովորույթներին` մոռանալով քրիստոնեական ներողամտությունը և ճշմարիտ քրիստոնեական վերաբերմունքն ու արձագանքը տվյալ երևույթին: Միտքս եկան "Կտոր մը երկինք" և "Հռութ" կինոնկարները: Հաճախ այնքան ենք նմանվում հրեաներին մեր խստասրտության մեջ:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...