Եվա՛, գեղեցկուհի՛ս, ես գիտեմ, որ դու հիմա չես կարող կարդալ այս նամակը,
գիտեմ, որ բառերը ի զորու չեն քեզ ոչինչ հասկացնելու, սակայն մյուս կողմից վստահ
եմ, որ մարդկային զգացմունքների ամենամեծ թարգմանը` բռնցքաչափ սիրտը, առատորեն քեզ
պիտի փոխանցի այն սերը, հուզումը, ջերմությունն ու հոգատարությունը, որոնք ես` քո
հայրը, այս պահին համարձակվում եմ սահմանափկել սոսկ տառերի ու բառերի մեջ:
Ես (ու թերևս մայրիկդ ևս) այս մի քանի օրերի ընթացքում դեռևս չեմ հասցրել ըստ
ամենայնի գիտակցել ու ընկալել, թե ի՛նչ բան է ծնող լինելը, բայց մի գաղափար, այն,
որ Աստված մեզ` ծնողներիդ, շնորհ արեց մասնակից լինելու Իր արարչագործությանը,
միայն երջանկության ու երախտագիտության արցունք է ծնում իմ աչքերում:
Միևնույն երջանկության հոգևոր վերապրումն ունեցա նաև այսօր`մկրտությանդ օրը.
այսօր վերստին ծնվեցիր, Հոգուց ծնվեցիր: Գիտե՞ս, ես ժամանակին, երբ դեռ մանուկ էի (քեզանից
ընդամենը մի քանի տարով մեծ), շատ երեխաների պես կարծում էի, թե նորածիններին
խանութից են գնում: Միշտ մտածում էի, որ հայրիկիս` ինձ տրված գումարներից պետք է
խնայեմ, որպեսզի երբ մեծանամ, կարողանամ գնել ամենաթանկ ու ամենալավ բալիկին:
Այսօր վերհիշեցի այդ միամիտ մտածումս ու ժպտացի. քեզ արժանի գումար կուտակել,
աղջի՛կս, ինձ երբեք չէր հաջողվի, հատկապես որ քեզ համար վաղուց վճարել են... Իր
Արյամբ վճարել է քո իսկ Արարիչը` Քրիստոս Աստված...
Այս անցած 8 օրերի ընթաքում չափազանց շատ բարեմաղթանքներ եմ ժողովել քեզ
համար` առողջ լինես, հաջողակ, ծնողներին լսող, երջանիկ...
Ցանկացած ծնող մաղթանքների այս ծաղկեփունջը կցանկանա ունենալ ու նվիրել իր
զավակին, բայց... Ֆիլմերում անգամ այդպես չի լինում: Կյանքում բոլորին են հասու
հիվանդությունները, անհաջողությունները, դժբխտության զգացումներն ու
հակառակությունները, և սրանց հաղթահարումից, միայն ու միայն սրանց ճիշտ հաղթահարումից են կախված քո երջանկությունը, առողջությունը,
հաջողակ լինելը...
Դո՛ւ, փոքրի՛կ, այլևս միայն իմը չես: Իմացի՛ր, դու նախ և առաջ Քրիստոսինն
ես: Նա՛ է, որ այսօր քեզ դարձրեց իր Արքայության ժառանգորդը, ծնեց որպես նոր մարդ`
քեզ տրված նախամոր անունը փոխարինելով Աստվածամոր Մարիամ անունով: Նա՛ է քո
Տերը, քո օգնականն ու ապավենը: Կյանքդ սկսվել է Նրանով և պարտականություն համարիր
ապրել կյանքդ Նրանով...
Իմացի՛ր, փոքրի՛կս`
Եթե մի օր հանկարծ զգաս, թե միայնակ ես ու լքված, մի՛ հուսահատվիր, որվհետև
Քրիստոս Որդին քեզ հետ է:
Եթե երբևէ բախվես դժվարության, մի՛ ընկրկիր. Տերն է քո օգնականը:
Եթե պատահի, որ տկարանաս մարմնական ախտով, մի՛ սպանիր հոգիդ. Աստված լսում
է աղոթքները քո:
Եթե կարծես, թե պակասել է սերը մարդկանց, մի՛ չարացիր, այլ ներիր նրանց,
որովհետև Քրիստոս սիրում է քեզ անմնացորդ ու բոլորից շատ:
Եթե անգամ մի օր ստիպված լինես վաճառել ամեն-ամեն ինչ, չվաճառես միայն
Աստվածաշունչդ. դրանով է Քրիստոս խոսում քեզ հետ:
Եթե պարտադրեն ամեն բան ուրանալ, կարող ես ուրանալ մինչև անգամ ինձ, բայց
ոչ երբե՛ք Աստծուն...
Ես համոզված եմ, որ այն,
ինչ հիմա ասում եմ քեզ, ամենևին էլ նորույթ չէ քեզ համար. հրեշտակները վաղուց
պատմել են այն քեզ: Միայն թե, երբ տարիներ անց կյանքի ու մարդկանց, ծնողներիդ ու
հարազատներիդ սխալները կբթացնեն ու մոռացնել կտան Աստվածային ճշմարտությունը, կարդա՛ նամակն այս,
խնդրում եմ, և մի՛ մոռացիր քո ջինջ աղոթքներում հիշել քեզ սիրող հայրիկին ու
մայրիկին:
Բարի գալուստ Կյանք. Տերը
միշտ քեզ հետ, ի՛մ գեղեցկուհի:
Շատ եմ սիրում քեզ...
Քո` հայրիկ
17.04.2012
4 արտահայտվիր:
Աստված պահապան Ձեր փոքրիկ Հրեշտակին Տեր Հայր ջան :)
Եվա ջան եթե մեծանաս ու քո հայրիկի նամակի հետ հնարավոր լինի կարդալ բոլոր այս մեկնաբանությունները, ուրեմն իմ կողմից էլ քեզ բարև:) Իմացիր որ, դժբախտաբար, բոլոր երեխանները չէ, որ պարուրված են ծնողական այսքան ջերմ ու քնքուշ սիրով, ոչ բոլորն են ակնհայտ սիրո կատարյալ դրսևորում, իսկ Դու էդպիսինն ես, իսկ դա հիասքանչ է: Վստահ եմ, որ քո ծնողների անմնացորդ սիրո ու ուշադրության շնորհիվ զերծ կմնաս աշխարհի բազում ախտերից:
Շնորհավոր մուտքդ Կյանք...
Վստահ եմ նաև, որ ծնողներդ քեզանով հպարտանալու բազում առիթներ են ունենալու: Հիասքանչ է, երբ գիտես, որ ծնողներիդ սերն ու օրնությունը միշտ ուղեկցելու են քեզ, ուր էլ, որ լինես:
Բարև և բարի գալուստ
… Ես հրեշտակ չեմ եղել, բայց որքան կարողացել եմ, ձգտել եմ մարդ լինել:
Փորձիր և դու:/Չ, Չ,/
Սեփական մտքերս չկարողացան հասնել այն բարձունքին, որտեղից հորդում էր այս պարզ ու անսահման սիրո ջրվեժը:Շնորհավորում եմ:
Բոլորիցդ անչափ շնորհակալ ենք ես, երեցկինը և Եվուլիկը
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: