Կարդա՛ նաև`
Բարև, ների՛ր, քնած էի, այդ պատճառով պատասխան նամակդ ուշացրի: Բայց արի՛ դու ինձ մի՛ մեղադրի. քունս չէր էլ տանում, դու ինքդ ինձ տարար, պառկեցրիր մի կոտրված օրորոցի մեջ ու անգամ մեկ երկու օրորոցային էլ երգեցիր, նոր քնեցի: Ասեմ, որ շատ վատ եմ քնել: Դե իսկ հիմա, քանի որ արթնացել եմ, ավելի ճիշտ, քանի որ ինձ արթնացրիր, քեզ նամակ եմ գրում:
Այս գիշեր անտանելի երազ եմ տեսել: Անկեղծ ասած չգիտեմ պատմե՞մ, թե` ո՛չ: Լավ, կպատմեմ, բայց չվախենաս։
Թանձր մութն իջել էր Գեղամա լեռներին, երկինքն ամբողջովին խամրած դեղինով էր պատված, բայց միևնույն է` շա՜տ մութ էր: Սևանա լիճը եռում էր: Այն ամբողջովին արնագույն էր: Գոլորշիացող արյան անտանելի հոտը բռնել էր երկինքը: Լճի ափի երկայնքով մեկ շարված ճերմակ գառնուկներն իրենց սարսափելի ժանիքները ցցած ոռնում էին: Այդ ոռնոցը երգ էր: Լիճը շարունկում էր եռալ, իսկ լճի միջից մերթընդմերթ երևում էին կիսա... կիսա... չէ՜, էլ չեմ շարունակի: Վերջ: Այսքանն էլ չպիտի գրեի:
Մարդկային սերունդը շարունակում է իր ընթացքը: Մարդիկ շարունակում են ծնվել՝ ոմանք` պատահաբար, ոմանք` ոչ այնքան: Շարունակում են ապրել՝ ոմանք` կյանքի «քաղցրությունները» վայելելով, ոմանք` «դառնությունները»: Շարունակում են նաև մահանալ՝ ոմանք` սատկելով, ոմանք էլ` ուղղակի մահանալով: Գիտե՞ս, դու էլ այդ մարդկանցից մեկն ես, այլմոլորակային չես հաստատ (հիմա կասես .«Ես լավ գիտեմ, թե ո՛վ եմ», բայց...): Դու էլ բոլորի նման ծնվել, առաջացել ես անչափ փոքրիկ մի բջիջից: Բջիջն այդ զարմանալի զարգացա՜վ, կամաց-կամաց մեծացավ ու դարձավ մարդ, այսինքն` դու: Հետո, դե հետո դու գիտես, մեկ էլ վերջն է կարևոր, այն, որ այս ամենի վերջում գալիս է մի պահ, որ բջիջը` մարդը փչանում է. վա՜յ այս ի՞նչ ասացի, մահանալու փոխարեն փչանալ ասացի (դու երևի ինձ չես ների): Չգիտեմ, ուզում ես ներիր, ուզում ես` ոչ: Ես մի բան գիտեմ. մարդիկ չեն մահանում, նրանք փչանում են: Փչանում են, այնինչ նրանք պիտի վախճանվեին, այնինչ նրանք իրենց հոգիները պիտի ավանդեին, նրանք պիտի հանգչեին ի ... է՜հ...: Ձեր մեքենայի շարժիչը, որ փչացավ, մեքենան էլ չի աշխատի չէ՞: Այ, հենց այդպես էլ մարդն է: Մարդիկ էլ գործարաններում են արտադրվում. ամենատարբեր գործարաններ կան: Արտադրվում են ու... ու հետո էլ վաճառվում են: Իսկ գիտե՞ս ում. կյանքին: Պարոն կյանքն ամենամեծ առևտրականն է. մեկին գնում, մյուսին վաճառում, անընդհատ առուծախի մեջ է գիտե՞ս: Իսկ թե ումի՛ց է առնում և ու՛մ ծախում, այդ թող ես իմանամ, բայց դու էլ գիտես: Կյանքը մարդուն առնում է Աստծուց ու ծախում սատանային: Չէ՜, չէ, ես հոռետես չեմ, ես հակաքրիստոս չեմ: Ես այոյի պակասից եմ ոչ բղավում: Չէի ուզում ասել, բայց հարգարժան անաստված պարոն կյանքը նաև աշխարհի մեծագույն ստրկատերն է: Դուք ստրուկներն եք կյանքի: Վիրավորվեցի՞ր, մի՞թե... Է՜, ախր ինչ անում չեք անում, ասում եք «կյանքի պայմաններն են այդպիսին», «կյանքն ստիպում է մարդուն փոխվել», «կենաց խնդիր է», «կյանքն է այսպես պահանջում»: Իսկ լավ, դո՛ւ... դու ի՞նչ ես պահանջում կյանքից: Ի՞նչ է, դու պահանջ չունե՞ս, թե՞ զուտ կատարածու ես, թե՞ ստրուկն ես քո տիրոջ (տեսնո՞ւմ ես, դերերը փոխվել են): Չէ՞ որ դու պիտի լինեիր կյանքի տիրակալը, իշխանն ու թագավորը, կյանքի ընկերը, կյանքի եղբայրն ու հարազատը, բայց...: Դու ստրուկն ես քո կյանքի, իսկ քո կյանքը` մարդկության կյանքի: Լսի՛ր, ախր այդ ինչպե՞ս չեք հասկանում, որ անգամ Աստված` հենց Ինքը Կյանքը, երբ մեզ համար բաժին հանեց իր անվերջ կյանքից, մեզ ազատություն տվեց, մեզ չստրկացրեց, մեզ չնվաստացրեց: Դու որևէ մեկին որևէ լավություն արե՞լ ես առանց փոխադարձի ակնկալիքի... Իսկ գիտե՞ս, որ Աստված արել է. է՜հ, թերևս սրա համար էլ Աստված է: Օ՜, կատարյալ Բարի... Իսկ այսօր մարդն իր կամքով ստրկության է գնում: Շեղվե՜լ ենք եղբայր, շատ ենք հեռացել...
Կարո՞ղ եմ քեզ մի հարց տալ. շնորհակալություն, որ թույլ տվեցիր: Դե ուրեմն լսի՛ր: Դու ծնվել ես այսինչ տարում, այսինչ ամսին, այսինչ օրը, չէ՞: Սրանից հետո ստացել ես քո վերնագիրը (ցավում եմ, բայց ինձ համար ձեր անուններն ուղղակի վերտառություն, սոսկ վերնագրեր են: Շա՜տ հետաքրքիրն եք դո՛ւք` մարդի՛կդ. ի՜նչ անուն ուզես կա ձեր մեջ, բայց մի կարևոր անուն չկա ձեզ մոտ. ՄԱՐԴ անունը): Ապրել ես այսքան տարի ու դեռ չգիտեմ ինչքան էլ կապրես: Հետո կփչանաս` կմահանաս, քեզ կտանեն գերեզմանի մի փոքրիկ անկյունում կթաղեն, վրադ մի գերեզմանաքար էլ կդնեն` քո նկարը պարտադիր երեսին դաջած. կարծեմ, ծննդյանդ ու մահվանդ թվերն էլ վրան կլինեն (ասեմ, որ անգամ բանաստեղծական ոճով երկտողեր էլ են հանդիպում): Եթե բախտդ բերեց, հարուստ մարդ եղար, կարող է անգամ արձանանալու պատվին էլ արժանանաս: Հետաքրքիր է, չէ՞: Պատկերացրու, թե ինչպե՛ս ես քարացած ապուշի պես կանգնած հսկա մի գերեզմանոցում. ի՞նչ է, մեռելների առաջնորդներից ե՞ս, թե՞ հռետորն ես փոշիացած մարդկության: Ամայությա՜ն տիրակալ: Լավ, մի՛ նեղացիր, ես քեզ վիրավորելու ցանկություն չունեի: Հիմա արդեն հարցը. «Դու գիտե՞ս ինչու ես ապրում, ինչո՞ւ ես ձգտում հաջողության, փառքի, պատվի, հարստության... Ինչո՞ւ: Չէ՞ որ այս ամենն իսպառ չքանալու, վերանալու են, չէ՞ որ հենց դու ինքդ իսկ վերանալու ես»:
Վրձի՜ն, նե՜րկ, կտա՜վ... չէ՜, եղբա՛յր...
Քեզ ամեն ինչ տրված է... ճանապարհն էլ:
Էլ ասելու բան չունեմ այս նամակով: Եթե գրես, կպատասխանեմ:
Ավելի լավ է ես մի քիչ էլ քնեմ:
Քո բարեկամ`
ճշմարտություն
(2006թ.)
Կարդա՛ նաև`
8 արտահայտվիր:
Խղճացեք ստրուկին, նա կխղճա ձեզ, որ ստրուկ եք իր պես...
Ayd arevtrakan@ umic ee arnum ev um vacharum kaseq???? es chgitem uzum em hakanal
Inchu enq aprum???? Inchu???? Ardzan darnalu hamar???? es el em harcnum,patasxan kaaa???
Մենք ապրում ենք, քանի որ այդպես է պետք: Յուրաքանչյուրս ունենմ մի առաքելություն, որը միայն մենք կարող ենք կատարել: Պետք է դա պարզել և իրագործել: Ցավոք երկրային կյանքը այնքան կարճ է այս դարում, որ այս նպատակը շատերի մոտ մնում է չիրագործված: Բայց գիտակցելը արդեն գործի կեսն է, այնպես որ ամնե ինչ այդքան վատ չի: Պետք չէ հուսահատվել, այս կյանքում կան և հիմարներ, և արձաններ և կենդանի մեռելներ և մարդիկ: Շատ ցավով ուզում եմ արձանագրել, որ ժամանակակից մարդը ՄԱՐԴ բառը թարս է հասկացել, այն շրջելով և դարձնելով ԴՐԱՄ: Ես հազար դրամ եմ, բա դու? Չէ ես գրպանումս երկու հարյուր դրամ էլ ունեմ... Սակայն այդ թղթե աշտարակը կվերանա կրակից և վերևից թափվող մոխիրը չի հասնի երկիր: Ոսկե գործերով է պետք աշտարակ կառուցել: Թող ես լինեմ մի առավոտյան ցող, որը թեքվախ տերևից ազատ անկում է կատարում, տխուր և հուսահատ: Այն անգամ չի էլ կասկածում, որ կարող է պատճառ հանդիսանալ մի մեծ ծաղկի կյանիք:
Մարդիկ չեն մահանում, նրանք փչանում են;
Ես այոյի պակասից եմ ոչ բղավում:
Քո բարեկամ`
ճշմարտություն
)))))))
Ես էսքանով ամեն ինչ արդեն ասած եմ տեսնում:
Nshan
Մահը մերն է, մենք` մահինը, մարդու ԳՈՐԾՆ է միշտ ԱՆՄԱՀ!!!
Nene
Բայց արի՛ դու ինձ մի՛ մեղադրի. քունս չէր էլ տանում, դու ինքդ ինձ տարար, պառկեցրիր մի կոտրված օրորոցի մեջ ու անգամ մեկ երկու օրորոցային էլ երգեցիր, նոր քնեցի:
Ter Hayr ays xosker@ Indz hamar amena karevor xratn ein,vor haskanam vor amen jshmartutyan bacakayutyan hamar Es em mexavor.
Sargis Tovmasyan
Պետք է հավատալ, որ հաջողությունը, հարստությունն ու փառքը տրված են մեզ, ոչ թե մենք` նրանց...
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: