20.6.12

ՊԱՏԱՍԽԱՆ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ /մաս 6/


1930-ական թվականների սկզբին Ամերիկայի հայ բողոքական  հովիվներից Կ.Պ. Ատանալյանը Ամենայն Հայոց Տ. Խորեն Ա Մուրադբեկյան (1873-1932-1938) կաթողիկոսին է ուղարկում ճշտելուն կարոտ մի քանի հարցեր` կապված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հայ Ավետարանական եկեղեցու փոխհարաբերությունների հետ: Կաթողիկոսը նամակին պատասխանել հանձնարարում է այն ժամանակ Մայր Աթոռի միաբան (հետագայում՝ Կիլիկիո կաթողիկոս) Տ. Գարեգին արքեպիսկոպոս Հովսեփյանին (1867-1943-1952): Հարցումները և դրանց պատասխանները, որոնք տպագրվել են «Սիոն» ամսագրում 1934թ-ին, ստորև հատվածաբար (7 մասով) կներկայացվեն այս և գալիք գրառումներում:
Ուշագրավ է այն, որ բազում խնդիրներ ու խոչընդոտներ, որոնք Գարեգին Սրբազանը մատնանշում է սրանից ճիշտ 80 տարիներ առաջ, իրենց լուծումը չեն գտել մինչև այսօր: Ավելին՝ հիշյալ խնդիրներն էլ ավելի են խորացել, դրանց գումարվել են ուրիշները ևս:
Տե՛ս նաև՝ ՊԱՏԱՍԽԱՆ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ /մաս 1/
ՊԱՏԱՍԽԱՆ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ /մաս 2/
ՊԱՏԱՍԽԱՆ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ /մաս 3/
ՊԱՏԱՍԽԱՆ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ /մաս 4/
ՊԱՏԱՍԽԱՆ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ /մաս 5/


ՊԱՏԱՍԽԱՆ ՎԵՐԱՊԱՏՈՒԵԼԻ Կ.Պ. ԱՏԱՆԱԼԵԱՆԻ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻՆ

Ե

Սակայն անարդար լինել չենք կարող. միսիոնարութեան եւ քարոչութեան նոյն իսկ այսպիսի յոռի մերձեցումների հետ կապուած են եղել դրական հետեւանքներ եւս, կաթոլիկ միարարների բերած միջնադարեան գիտութիւնն ու սխոլաստիկեան նորութիւն էր Հայ եկեղեցու վարդապետների համար. Եսայի Նչեցի, Յոհան Որոտնեցի, Գրիգոր Տաթեւացի իրենց յառաջ բերած դպրոցական-գրական արդիւնքներով շատ բան են ուսել եւ իւրացրել իրենց հակառակորդներից. ստեղծուած է միարարական թարգմանական եւ մասամբ ինքնուրոյն մի ամբողջ գրականութիւն. չեմ յիշում Մխիթարեանների ընդարձակ գործունէութիւնը, որ իւր ծագմամբ ուրիշ նպատակների եւ շարժառիթների հետ էր կապուած:

Այսպէս էլ բողոքական քարոզչութեան հետեւանքով ստեղծուել է դպրոցական հաստատութիւնների մի ամբողջ ցանց, եւ այդ ոչ միայն հատուածեալների մէջ, հազարաւոր երիտասարդներ կրթուելով Տաճկաստանի այլ եւ այլ հայաշատ կեդրոններում, ինչպէս եւ որբերի խնամատարութեան, բժշկական օգնութեան, աղքատութեան մեղմացման եւ առհասարակ ինքնուրոյն աշխատանքով ապրուստ ձեռք բերելու ձգտումը զօրացնելու մէջ: Մենք շատ բարձր ենք գնահատում ամերիկեան ժողովրդի օգնութիւնը այս վերջին ահաւոր պատերազմի ժամանակ, որին մասնակից էին եւ շատ միսիոնարական կազմակերպություններ, թէեւ ընդհանուրը այլ հողի վերայ յառաջ եկած, հազարաւոր, տասնեակ հազարաւոր երեխաների, կանանց ու հարուածեալների նիւթական եւ բարոյական կեանքն ազատելով, ինչպէս եւ Լեպսիուսի ձեռքով հաստատուած որբանոցները: Անհետեւանք չէ մնացել եւ այս շփումներից յառաջ եկած կրօնական խնդիրների կենդանութիւնն ու հասկացողութիւնը: Բայց, կրկնում ենք, դրական այս արդիւնքները պայմանավոչված չեն Հայոց եկեղեցու մէջ անջատողական շարժում յառաջ բերելու ձախ մտքով, որ տարաբախտաբար որոշ դեր է կատարում եւ այժմ Սիրիայում մեր հայրենազուրկ եւ գաղթական հայրենակիցների մէջ կաթոլիկ հաստատութիւնների, նաեւ բողոքականների կողմից: Մեծ եկեղեցիները աւելի մեծ եւ կարեւոր խնդիրներ ունին իրենց առաջ դրուած. իրենց ծոցում յառաջ եկած հակակրօնական շարժումների դէմ պաշտպանուել, որ հետզհետէ ընդարձակ ծաւալ է ստանում, կրօնի արդի հասկացողութեան եւ նորա սկզբունքների իրացման նոր ուղիներ գտնել կեանքի մէջ, հին եւ ընտիր գինին նորագոյն տիկերի մէջ բովանդակելով: Իսկ եկեղեցիների փոխադարձ յարաբերութիւնն ու օգնութիւնը անհրաժեշտութիւն է, բայց այդ պէտք է լինի միայն եղբայրական սիրոյ շարժառիթներով եւ ոչ այլ նպատակով:
շարունակելի
Միացի՛ր ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՆ նաև facebook-ում

1 արտահայտվիր:

Unknown said...
6/20/12, 8:00 PM

Տեր Հայր ինչպես սկզբում նշեցիք, այո իմ գրածները նման են Սրբազան Հոր գրածներին: Արդեն երևումներ կան

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...