Showing posts with label Տնօրինություն. Show all posts
Showing posts with label Տնօրինություն. Show all posts

8.10.14

ՔՐԻՍՏՈՍԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ - Մեկնություն ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ աղոթքի

Որդի Աստուծոյ, Աստուած ճշմարիտ, որ խոնարհեցար ի հայրական ծոցոյ, եւ առեր մարմին ի սրբոյ Կուսէն Մարիամայ վասն մերոյ փրկութեան, խաչեցար, թաղեցար եւ յարեար ի մեռելոց, եւ համբարձար փառօք առ Հայր. մեղայ յերկինս եւ առաջի Քո, յիշեա զիղ որպես զաւազակն յորժամ գաս արքայութեամբ Քով. եւ ողորմեա Քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

Որդի՛ Աստծո, Աստվա՛ծ ճշմարիտ, որ խոնարհվեցիր հայրական ծոցից և մարմին առար սուրբ Կույս Մարիամից մեր փրկութեան համար, խաչվեցիր, թաղվեցիր և հարություն առար մեռելներից ու փառքով համբարձվեցիր առ Հայրը, մեղա՜յ երկնքի և Քո առաջ, հիշի՛ր ինձ, ինչպես ավազակին, երբ գաս Քո արքայությամբ. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

Խաչվեցիր - Մարդկանց փրկությունը Հիսուս հնարավոր դարձրեց ոչ միայն Իր ուսմունքով ճշմարտության ճանապարհը ցույց տալով, այլ նաև, և մասնավորապես, մի շարք խորհրդավոր գործերով, որոնք, ինչպես արդեն վերևում նշեցինք, կոչում ենք տնօրինություններ։ Իսկ խորհրդավոր ասելով՝ հասկանում ենք տեսանելի և զգալի մի արարք, որի արգասիքը կամ բարոյական արդյունքը թեև իրական, բայց մեզ համար անտեսանելի և հաճախ էլ անըմբռնելի է։ Այս արարքներից առաջինը, ինչպես արդեն վերևում ասվեց, նույնինքը Բան Աստծո մարդանալն է, ապա չարչարանքները, որոնք սկսվում են Գեթսեմանիի տագնապով և ավարտվում են Գողգոթայի խաչելությամբ, որը չարչարանքների ընդհանուր տնօրինության մեջ գերագույն փրկարար արարքն է։

Թաղվեցիր - Քրիստոսի չարչարանքները հանգեցրին Նրա մահվանն ու թաղմանը։ Քրիստոս, երբ մարմին առավ մարդկանց փրկության համար, այդ կերպով նաև  հանձն առավ կրել մարկային մեղքի բոլոր հետևանքները. մեղքի գլխավոր հետևանքը մահն է՝ «մեղքի վարձը մահն է» (Հռոմ. 6:23)։ Հիսուս մահացավ, որպեսզի հարությամբ նախ խորտակի մահվան զորությունը։ Քրիստոսի մահը ճշմարիտ զոհը եղավ մարդկանց մեղքերի քավության և Աստծո հետ հաշտեցման համար։ Երբ մարդն անկեղծորեն կարողանա անդրադառնալ, թե ինչ պայմաններում եղավ Քրիստոսի մահը և թե ինչ շարժառիթներով Հիսուս Ինքն Իրեն ենթարկեց խաչի մահվան, խորապես պիտի տպավորվի դրանից։ Եթե մարդու խղճմտանքը իսպառ չի խավարել, ապա Քրիստոսի մահվանն անդրադառնալը իր մեջ կբերի ապաշխարելու տրամադրություն, եթե վերջինս շեղվել է ճշմարտության ճանապարհից, կամ կծնի ինքն իրեն առավել վերափոխելու ցանկություն՝ հավատարմորեն և հարատև հետևելով ավետարանական պատվերներին։ Քրիստոս չարչարվեց և մահացավ մե´զ համար, որովհետև Նա արժանի չէր այդ պատիժներին՝ լինելով կատարելապես արդար մեկը։ Այդ պատիժներին արժանի էր մեղավոր մարդը, ինչպես հաստատում է Պետրոս Առաքյալը. «Քրիստոս էլ ձեզ համար մեռավ և ձեզ օրինակ թողեց, որ իր հետքերով գնաք. նա, որ մեղք չգործեց, և նրա բերանում նենգությունը տեղ չգտավ. նա, որ նախատվելով՝ փոխարենը չնախատեց, չարչարվելով՝ չսպառնաց, այլ հանձնվեց արդարությամբ դատողին. նա, որ մեր մեղքերը իր մարմնով բարձրացրեց խաչափայտի վրա, որպէսզի մենք, զերծ լինելով մեղքերից, ապրենք արդարության համար. նա, որի վերքերով բժշկվեցիք դուք»  (Ա Պետր. 2:21-24): Իսկ մեկ այլ տեղ նույն Առաքյալն ասում է. «Մեկ անգամ մեռավ և ինքը Քրիստոս՝ Արդարը՝ անարդարների համար, որպեսզի մեզ մոտեցնի Աստծուն» (Ա Պետ. 3:18)։