Showing posts with label Տեր Արամ քհն. Ղազարյան. Show all posts
Showing posts with label Տեր Արամ քհն. Ղազարյան. Show all posts

21.2.14

ՆԱ ՔԱՀԱՆԱ Է - ՏԵՐ ԱՐԱՄ ՔՀՆ. ՂԱԶԱՐՅԱՆ

Նա քահանա է, իսկ երբ ծանոթացանք դեռևս սարկավագ էր. Սեյրան սարկավագը…
Մարդկային եզակի որակով ու հատկանիշներով օժտված մի մարդ, Աստծուն ծառայելու յուրահատուկ նվիրում ու ավյուն ունեցող հոգևորական, բառիս բուն և լայն իմաստով հոգևորական…
Երկար մտածում էի, թե ինչպես ճիշտ բնորոշել Տեր Հորը. նրբանկատ է, նկատում է այն, ինչ շատերը լայն բացած աչքերով էլ չեն տեսնի, համեստ է դրսևորումներում, անմիջական և ջերմ՝ շփման մեջ, լիասիրտ եռանդուն և անձնվեր՝ մարդկանց հոգևորապես օգնելու և Աստծուն առաջնորդելու գործում, դե իսկ նրա հումորի արտակարգ սուր զգացումի մասին նույնիսկ ավելորդ է խոսել. մեծ գիտակ է այդ հարցում… Նրա մասին կարելի է երկար խոսել, բայց ես կարճ կլինեմ, որովհետև չեմ կարծում, թե որևէ դեպքի պատմություն կամ որևէ բառ կասի նրա մասին ավելին, քան աստվածաշնչյան այն խոսքը, որը շատ տեղին է այս պարագայում. «Ծառը պտղից է ճանաչվում»։ Անհնար է ասել «Մանանա» (խոսքս «Մանանա» երիտասարդական-քրիստոնեական ծրագրի մասին է) և չհիշել Տեր Արամին, ով այս ծրագրի հիմնադիրներից է։ «Մանանա»-ի միջոցով շատ երիտասարդներ իրենց ուղին գտան և դեռ գտնում են դեպի Մայր Եկեղեցի, դեպի Աստված։

20.2.14

ԱՆԱԿՆԿԱԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԱՐՍԵԼՈՒՄ

Կայարանում մարդկանց բազմությունը հրմշտելով առաջ էինք շարժվում: Շտապել էր պետք: Գնացքը (կամ TGV-ն,  ինչպես այստեղ են ասում արագընթաց գնացքին) շուտով շարժվելու էր… Լավ է, ժամանակին հասանք: Ճանապարհորդում էինք Փարիզի Մայր եկեղեցու մի քանի երտասարդներով: Գնացքում երեք ժամը ակնթարթի պես անցավ (երբ մտերիմ մարդկանց հետ ես ճամփորթում, անցնող ժամերը վարկյաններ են թվում): Գնացքը կանգ առավ: Արդեն Մարսելում էինք, օրը պայծառ էր, փարիզյան անձրևներից հետո Մարսելի արևը մեզ դիմավորեց ժպիտով ու ջերմությամբ: Ամեն ինչ դեռ առջևում էր: Այս ճամփորդության նպատակը Մարսելի Մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ղազարյանին անակնկալ մատուցելն էր՝ իր տարեդարձի կապակցությամբ: Գիտեինք, որ երեկոյան ժամը ութին հերթական հոգևոր զրույցն էր լինելու համայնքի հավատացյալների հետ: Որոշեցինք լսարան գնալ նախատեսված ժամից մի փոքր շուտ: