Նվիրում եմ եղբորս`
-
Մարիա՛մ, բացի՛ր. գիտեմ` ներսում են,- բղավում էր տղամարդու
խռպոտ ձայնը:
Հովհաննեսը
վեր թռավ քնից: Բռունցքներով տրորեց աչքերը` զատորոշելու համար երազի ու
իրականության սահմանը: Լսեց մոր անհանգիստ ձայնը: Զգուշավոր քայլերով մոտեցավ տանիքի
եզրին և մինչև գոտկատեղը ձգվեց առաջ: Դռան շեմին Վարդապետի աշակերտներից մեկն էր`
Սիմոնի որդին, նրա հետ մի քանի զինվորներ` սրերով և մահակներով:
-
Ի՞նչ է պատահել, Հուդա՛,- տարակուսած հարցրեց Մարիամը` դուռը բանալով,- ի՞նչ են
նշանակում այս զինվորները...
-
Եղբայրներն ո՞ւր են,- հարցրեց Հուդան` կարծես չլսելով Մարիամի հարցը.
Իսկարիովտացու հայացքը խուսափում էր կնոջ աչքերից:
-
Դուրս են եկել մի քանի րոպե առաջ: Դու նրանց հետ չէի՞ր:
-
Ո՛չ,- կոպտորեն վրա բերեց Իսկարիովտացին,- Հիսո՞ւսն էլ նրանց հետ է,- շարունակեց
նա` փորձելով դռան շեմից ներս խուժել: