Showing posts with label Արևագալի ժամերգություն. Show all posts
Showing posts with label Արևագալի ժամերգություն. Show all posts

11.3.14

ԱՐԵՎԱԳԱԼԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ՝ ԼՈՒՅՍ

Արևագալի ժամերգությունը, հեղինակված Սուրբ Ներսես Շնորհալու կողմից, հիրավի Հայոց Եկեղեցու ծեսի գոհար օրինակներից է՝ լինի թե՛ իր երաժշտականությամբ, թե՛ տեքստային-աստվածաբանական խորքով: Հիմնականում Մեծ Պահքի ընթացքում կատարվող ընդհանրական այս աղոթքի հոգեզմայլ երգերից մեկը, որ կոչվում է «Լույս», արևմտահայերենի հանգավորված փոխադրության գեղեցիկ օրինակի է վերածել հայոց լեզվի ականավոր ուսուցիչ Երվանդ Տեր-Անդրեասյանը (1865-1945)՝

ԼՈ՜ՅՍ

Ո՛վ Լոյս, լոյսին դու արարիչ,
Անմատչելի լոյսի բնակիչ,
Երկնաւոր Հայր, դուն լուսեղէն
Յաւէտ օրհնեալ հրեշտակներէն:
Այգուց լոյսը երբ կը ծագի,
Լոյսդ ծագէ՛, իմանալի՜ն,
Մեր հոգիներն անով լեցուին:

Ո՛վ Լոյս, լոյսէն ծագած արդար
Դու արեգակ ծնունդ անճառ
Հօր դու Որդի, արեւ չելած
Հօր հետ անունդ է միշտ գովուած:
Այգուց լոյսը երբ կը ծագի,
Լոյսդ ծագէ՛, իմանալի՜ն,
Մեր հոգիներն անով լեցուին: