Որդի Աստուծոյ, Աստուած ճշմարիտ, որ խոնարհեցար ի հայրական ծոցոյ, եւ առեր մարմին ի սրբոյ Կուսէն Մարիամայ վասն մերոյ փրկութեան, խաչեցար, թաղեցար եւ յարեար ի մեռելոց, եւ համբարձար փառօք առ Հայր.
մեղայ յերկինս եւ առաջի Քո, յիշեա զիղ որպես զաւազակն յորժամ գաս արքայութեամբ Քով. եւ ողորմեա Քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:
մեղայ յերկինս եւ առաջի Քո, յիշեա զիղ որպես զաւազակն յորժամ գաս արքայութեամբ Քով. եւ ողորմեա Քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:
Որդի՛ Աստծո, Աստվա՛ծ ճշմարիտ, որ խոնարհվեցիր հայրական ծոցից և մարմին առար սուրբ Կույս Մարիամից մեր փրկութեան համար, խաչվեցիր, թաղվեցիր և հարություն առար մեռելներից ու փառքով համբարձվեցիր առ Հայրը, մեղա՜յ երկնքի և Քո առաջ, հիշի՛ր ինձ, ինչպես ավազակին, երբ գաս Քո արքայությամբ. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
Որդի՛ Աստծո, Աստվա՛ծ ճշմարիտ - Այն մասին, որ Որդին իսկապես ճշմարիտ Աստված է, մեր Եկեղեցու հավատո հանգանակում տարակուսանքի որևէ նշույլ անգամ չի թողնված. «Հաւատամք… ի մի Տէր՝ Յիսուս Քրիստոս, յՈրդին Աստուծոյ, ծնեալն յԱստուծոյ Հօրէ՝ միածին, այսինքն յէութենէ Հօր: Աստուած յԱստուծոյ, լոյս ի լուսոյ, Աստուած ճշմարիտ՝ յԱստուծոյ ճշմարտէ» [թրգմն. «Հավատում ենք մեկ Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսին, Աստծո Որդուն, ծնված Հայր Աստծուց Միածին, այսինքն՝ Հոր էությունից։ Աստված՝ Աստծուց, լույս՝ լույսից, ճշմարիտ Աստված՝ ճշմարիտ Աստծուց»]։
Բնականաբար, Քրիստոսի Աստվածությունն ուրացողներ եղել են դեռ ամենասկզբում, ինչպես որ եղել են Աստծո գոյությունն ուրացող մարդիկ. «Անզգամն իր սրտում ասաց, թե Աստված չկա»։ Իսկ Հիսուսի ժամանակակիցներից ոմանք և նրանց հետևորդները բոլոր դարերում գայթակղված ասում էին. «Դու մարդ ես և քո անձն Աստված ես համարում»։ Ավետարանները չափազանց հստակ են Քրիստոսի Աստվածությունը հաստատելու մեջ. «Սկզբից էր Բանը, և Բանն Աստծո մոտ էր, և Բանն Աստված էր»։ Հիսուս իր մասին ասում է. «Ամեն իշխանություն երկնքում և երկրի վրա ինձ տրվեց», «Ես և Հայրը մի ենք»։ Քրիստոնեական եկեղեցին հիմնված է Քրիստոսի աստվածության հավատքի վրա. նա, ով չի հավատում Քրիստոսին իբրև «Որդի Աստծո՝ Աստված ճշմարիտ», ամեն բան կարող է լինել՝ բացի քրիստոնյայից։