Նախորդ գլուխը՝
28. ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԵՐԿՐՈՐԴ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
ՀՈՎՀԱՆՆԵՍ 1:35-42
35 Հետևյալ օրը դարձյալ այնտեղ կանգնած էր Հովհաննեսը և իր հետ՝ իր աշակերտներից երկուսը։
36 Եվ նայելով Հիսուսին, որ գալիս էր, ասաց. «Ահավասիկ Քրիստոսը՝ Աստծու Գառը»։
37 Երկու աշակերտները նրանից լսեցին, ինչ խոսեց, և գնացին Հիսուսի հետևից։
38 Երբ Հիսուսը շրջվեց ու տեսավ նրանց, որ գալիս էին իր հետևից, ասաց նրանց. «Ի՞նչ եք փնտրում»։ Նրանք ասացին նրան. «Ռաբբի՛ (որ թարգմանաբար նշանակում է “վարդապետ”), որտե՞ղ է քո օթևանը»։
39 Նա նրանց ասաց. «Եկե՛ք և տեսե՛ք»։ Եկան ու տեսան, թե որտե՛ղ էր նրա օթևանը։ Այն օրը նրա մոտ գիշերեցին, որովհետև ժամը մոտ տասն էր։
40 Սիմոն Պետրոսի եղբայր Անդրեասը մեկն էր այն երկուսից, որոնք լսեցին Յովհաննեսին ու գնացին Հիսուսի հետևից։
41 Սա նախ գտնում է իր եղբայր Սիմոնին ու նրան ասում. «Գտանք Մեսիային» (որ թարգմանվում է Քրիստոս)։
42 Սա նրան տարավ Հիսուսի մոտ։ Նայելով նրան՝ Հիսուսն ասաց. «Դու Հովնանի որդի Սիմոնն ես, դու պիտի կոչվես Կեփաս» (որ թարգմանվում է Պետրոս)։
Ավետարանիչը, մտադիր լինելով միայն Հովհաննեսի վկայությունները ցույց տալ, մեզ չի պատմում, թե Հիսուս, որ Հովհաննեսի մոտ էր գալիս, ինչ արեց և ինչ ասեց և, թե ինչպես կրկին բաժանվեց: Եվ այս մանրամասնությունները զանց առնելով, պատմում է, թե «հետևյալ օրը» Հովհաննեսը դարձյալ տեսավ Հիսուսին այդ կողմերում շրջելիս: Հովհաննեսի հետ էին իրեն հետևողներից երկուսը: Նրանց դարձավ և մեկ անգամ ևս ցույց տվեց Հիսուսին ու վերստին հաստատեց նախորդ օրվա վկայությունը՝ «Ահավասիկ Քրիստոսը՝ Աստծու Գառը»: Այդ երկու աշակերտները, լսելով, որ իրենց վարդապետը՝ Հովհաննեսը, այդպես հետևողականորեն և այդչափ խորհրդավոր կերպով բարձրացնում է Նազովրեցի Հիսուսին, հետաքրքրվեցին և ցանկացան գնալ նրա մոտ, որպեսզի իրենք էլ ինչ-որ ձևով հասկանան Հիսուսի մեծության հանգամանքների մասին: Նրանք Հովհաննեսից հեռանում և դեպի Հիսուսն են գնում և, երբ մոտենում են նրան, Հիսուս շրջվում և իր ետևից գալու պատճառն է հարցնում. «Ի՞նչ եք փնտրում»: Բնական է, որ նրանք հանկարծակիի գալով չկարողանային խոսքի բռնվել և ասել. «Հովհաննեսը քո մասին ասում էր, որ Մեսիան ես, եկել ենք, որ մենք էլ համոզվենք»: Այդ պատճառով խոսքը փոխելով և խոսքի բռնվելու ձևով ասում են. «Այս կողմերն էինք գալիս, օթևանի տեղ չունեինք և ուզում էինք իմանալ մեզ կհյուրընկալե՞ս»: Եվ ի նշան հարգանքի, վարդապետ տիտղոսով են ողջունում նրան՝ մի տիտղոս, որ տրվում էր աստվածային օրենքին և Սուրբ Գրքին հմուտ անձանց. «Ռաբբի՛ (որ թարգմանաբար նշանակում է “վարդապետ”), որտե՞ղ է քո օթևանը»: Հիսուս ընդունում է նրանց առաջարկը. «Ես էլ տուն եմ գնում,- ասում է,- եկեք միասին գնանք, և՛ օթևանս կտեսնեք, և՛, եթե կցանկանաք, հյուր կմնաք»: Մեր՝ արևելյան ժամահաշվով երեկոյան ժամը տասն էր ուրիշ տեղ գնալու այլևս ժամանակ չկար, և երկուսն էլ գիշերեցին Հիսուսի տանը. «Այն օրը նրա մոտ գիշերեցին»: Անշուշտ ժամը տասից մինչև երեկո և մինչև գիշեր առիթ ունեցան երկարորեն խոսակցել, Հովհաննեսի պատմած հայտնության իրականությունը ստուգել, Հիսուսի մասին իրական գաղափար կազմել և Հիսուսի հետևողներից առաջինը լինել: Ո՞ւր էր Հիսուսի բնակարանը, ո՞ր գյուղը գնացին, Հիսուս այնտեղ ի՞նչ հարաբերություններ ուներ, ինչպե՞ս էր կարողացել իր համար որոշակի օթևան գտնել, սրանք բոլորն էլ անորոշ կետեր են, որոնք ավետարանը չի բացատրում: Գուցե Հովհաննեսի ընտրած կենտրոնատեղիի մոտ Բեթաբրա գյուղն էր, որտեղ Հիսուս ծանոթ էր գտել կամ թե իր համար ժամանակավոր բնակարան հարմարացրել, որովհետև դեռևս իր գավառը՝ Գալիլիա չվերադարձած, մի ժամանակահատված ուզում էր այդ կողմերում մնալ:
Նկատելի կետ է նաև այն, որ Հիսուս անապատից վերադառնալուց մեկ օր հետո անմիջապես սկսում է աշակերտություն հավաքել: Հիսուսի համար, անշուշտ, դժվարություն ներկայացնող հանգամանք չէր սա, այլ ըստ գործերի բնական ընթացքի կարող է շատ հապշտապություն պահանջող պարագա լինել: Պատգամավորության գալուց հետո, Հովհաննեսը «հետևյալ օրը» տեսնում է Հիսուսին, որ գալիս էր անապատից և դրանից մեկ օր հետո «հետևյալ օրը» Հովհաննեսի երկու աշակերտները գնում են Հիսուսի հետևից: Որքան էլ Հովհաննեսի տված մեծամեծ վկայությունները բավարար պատճառ են իր աշակերտների հետաքրքրությունը շարժելու համար, սակայն բոլորովին անհավանական չէ «հետևյալ օրը» բացատրությունը հասկանալ մեկ այլ օր և ոչ ճշգրիտ կերպով անմիջապես հաջորդ օրը:
Ավետարանիչը երկու հետևողներից միայն մեկի անունն է տալիս և ասում, թե Անդրեասն էր՝ Սիմոնի եղբայրը, և հավանաբար՝ կրտսեր եղբայրը: Իսկ մյուսի անվան մասին լռում է, մի հանգամանք, որը չէր կարող չիմանալ և ոչ էլ անտեսել: Հետևաբար բոլոր սուրբ հայրերը և մեկնիչները միաձայն համաձայնությամբ այդ զանցառության մեջ կամավոր լռություն են տեսնում և Անդրեասի ընկեր են նկատում հենց իրեն՝ Հովհաննես Ավետարանչին, որ ուրիշ սրբազան հեղինակների նման՝ համեստությամբ ինքն իր անունը չի ուզում տալ: Մյուս կողմից Ավետարանների զանազան կտորներից երևում է, որ Հովնանի որդիները՝ Սիմոնն ու Անդրեասը, և Զեբեդեոսի որդիները՝ Հակոբոսն ու Հովհաննեսը, իրար հետ շատ մտերիմ բարեկամներ ու ձկնորսության ընկերներ, արհեստի շահակիցներ կամ որսակիցներ էին (Ղուկ. 5:10): Իսկ Հովհաննես Զեբեդյան՝ Սողոմեի զավակը, Հիսուսին անծանոթ չէր, քանի որ Մարիամն ու Սողոմեն մորաքրոջ զավակներ էին և գուցե այս պարագան էլ խթան եղավ, որ Հովհաննեսն ու Անդրեասը այդքան դյուրին կերպով հետևեցին Հիսուսին:
Այն գիշերը Հիսուսի օթևանում երեքի միջև տեղի ունեցած խոսակցությունները բավարար եղան երկու հետևողներին համոզելու, թե ակնկալյալ Մեսիան ոչ թե Հովհաննես Մկրտիչն է, այլ նույն ինքը՝ Հիսուս Նազովրեցին: Անդրեասն իր զգացմունքն ու հուզումը չկարողացավ զսպել: Առավոտյան անմիջապես դուրս եկավ, գտավ Սիմոնին և ուրախությամբ ավետեց. «Գտանք Մեսիային», և առաջնորդելով նրան՝ բերեց և ներկայացրեց Հիսուսին: Ինչպես կամավոր լռության քողը փարատելով Անդրեասի ընկերոջ համար ենթադրեցինք, որ Զեբեդյան Հովհաննեսն էր, շատ պատշաճ է, որ ավելացնենք, թե Հովհաննեսն էլ գնաց իր ավագ եղբայր Հակոբոսին գտավ և նրան նույնպես բերեց և ներկայացրեց Հիսուսին:
Ավետարանում Զեբեդյան եղբայրներին միշտ իրարից անբաժան ենք գտնում և նույնիսկ առաքյալների շարքում, ամեն տեղ և ամեն դեպքում այդ չորսը՝ Սիմոնն ու Անդրեասը, Հակոբոսն ու Հովհաննեսը նախապատվյալ և նախադասյալ մի խումբ են կազմում, և հնարավոր չէ կարծել, որ սրանցից մեկը ավելի ուշ և այլ ժամանակում Հիսուսին հետևած լինի:
Ավետարանիչը Սիմոնի անվան մասին դիտել է տալիս, թե Հիսուս նրան մի մակդիր ավելացրեց, որ ժամանակի եբրայեցերենով ԿԵՓԱՍ է, հունարենը՝ ՊԵՏՐՈՍ, և հայերենը՝ ՎԵՄ: Այս չորս անուններն էլ միաժամանակ հիշվում են այստեղ. Սիմոն-Կեփաս-Պետրոս-Վեմ, սակայն որևէ անվան հատկացումը երբեք վարդապետության փաստարկ չի կարող լինել, ինչպես լատինները փափագում են անել և Պետրոսի անձնավորության շուրջ կատարված բոլոր դեպքերից, նույնիսկ ուրանալուց և հանդիմանվելուց իրենց գրվածքի համար նպաստավոր մեկնություն ստեղծել: Արդեն այդ ժամանակ, երբ Հիսուս դեռևս մեկ օր էր, ինչ հրապարակ էր դուրս եկել՝ ո՛չ վարդապետության քարոզ էր խոսել, ո՛չ էլ Եկեղեցու կազմակերպության կամ նմանօրինակ նշանակություն ունեցող մի գործ էր կատարել: Ավետարանական այսպիսի խնդիրների մասին պիտի առիթ ունենաք վերստին անդրադառնալ, այդ պատճառով այստեղ եզրակացություն անելու կարիք չենք զգում:
Հաջորդ գլուխը՝
0 արտահայտվիր:
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: