Showing posts with label Հովհ. 1։35-42. Show all posts
Showing posts with label Հովհ. 1։35-42. Show all posts

20.12.20

29. ՀԻՍՈՒՍԻ ԱՌԱՋԻՆ ՀԵՏԵՎՈՂՆԵՐԸ (ՀԱՄԱՊԱՏՈՒՄ)

 Նախորդ գլուխը՝
28. ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԵՐԿՐՈՐԴ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

ՀՈՎՀԱՆՆԵՍ 1:35-42
35 Հետևյալ օրը դարձյալ այնտեղ կանգնած էր Հովհաննեսը և իր հետ՝ իր աշակերտներից երկուսը։ 
36 Եվ նայելով Հիսուսին, որ գալիս էր, ասաց. «Ահավասիկ Քրիստոսը՝ Աստծու Գառը»։
 37 Երկու աշակերտները նրանից լսեցին, ինչ խոսեց, և գնացին Հիսուսի հետևից։ 
38 Երբ Հիսուսը շրջվեց ու տեսավ նրանց, որ գալիս էին իր հետևից, ասաց նրանց. «Ի՞նչ եք փնտրում»։ Նրանք ասացին նրան. «Ռաբբի՛ (որ թարգմանաբար նշանակում է “վարդապետ”), որտե՞ղ է քո օթևանը»։ 
39 Նա նրանց ասաց. «Եկե՛ք և տեսե՛ք»։ Եկան ու տեսան, թե որտե՛ղ էր նրա օթևանը։ Այն օրը նրա մոտ գիշերեցին, որովհետև ժամը մոտ տասն էր։ 
40 Սիմոն Պետրոսի եղբայր Անդրեասը մեկն էր այն երկուսից, որոնք լսեցին Յովհաննեսին ու գնացին Հիսուսի հետևից։ 
41 Սա նախ գտնում է իր եղբայր Սիմոնին ու նրան ասում. «Գտանք Մեսիային» (որ թարգմանվում է Քրիստոս)։ 
42 Սա նրան տարավ Հիսուսի մոտ։ Նայելով նրան՝ Հիսուսն ասաց. «Դու Հովնանի որդի Սիմոնն ես, դու պիտի կոչվես Կեփաս» (որ թարգմանվում է Պետրոս)։

Ավետարանիչը, մտադիր լինելով միայն Հովհաննեսի վկայությունները ցույց տալ, մեզ չի պատմում, թե Հիսուս, որ Հովհաննեսի մոտ էր գալիս, ինչ արեց և ինչ ասեց և, թե ինչպես կրկին բաժանվեց: Եվ այս մանրամասնությունները զանց առնելով, պատմում է, թե «հետևյալ օրը» Հովհաննեսը դարձյալ տեսավ Հիսուսին այդ կողմերում շրջելիս: Հովհաննեսի հետ էին իրեն հետևողներից երկուսը: Նրանց դարձավ և մեկ անգամ ևս ցույց տվեց Հիսուսին ու վերստին հաստատեց նախորդ օրվա վկայությունը՝ «Ահավասիկ Քրիստոսը՝ Աստծու Գառը»: Այդ երկու աշակերտները, լսելով, որ իրենց վարդապետը՝ Հովհաննեսը, այդպես հետևողականորեն և այդչափ խորհրդավոր կերպով բարձրացնում է Նազովրեցի Հիսուսին, հետաքրքրվեցին և ցանկացան գնալ նրա մոտ, որպեսզի իրենք էլ ինչ-որ ձևով հասկանան Հիսուսի մեծության հանգամանքների մասին: Նրանք Հովհաննեսից հեռանում և դեպի Հիսուսն են գնում և, երբ մոտենում են նրան, Հիսուս շրջվում և իր ետևից գալու պատճառն է հարցնում. «Ի՞նչ եք փնտրում»: Բնական է, որ նրանք հանկարծակիի գալով չկարողանային խոսքի բռնվել և ասել. «Հովհաննեսը քո մասին ասում էր, որ Մեսիան ես, եկել ենք, որ մենք էլ համոզվենք»: Այդ պատճառով խոսքը փոխելով և խոսքի բռնվելու ձևով ասում են. «Այս կողմերն էինք գալիս, օթևանի տեղ չունեինք և ուզում էինք իմանալ մեզ կհյուրընկալե՞ս»: Եվ ի նշան հարգանքի, վարդապետ տիտղոսով են ողջունում նրան՝ մի տիտղոս, որ տրվում էր աստվածային օրենքին և Սուրբ Գրքին հմուտ անձանց. «Ռաբբի՛ (որ թարգմանաբար նշանակում է “վարդապետ”), որտե՞ղ է քո օթևանը»: Հիսուս ընդունում է նրանց առաջարկը. «Ես էլ տուն եմ գնում,- ասում է,- եկեք միասին գնանք, և՛ օթևանս կտեսնեք, և՛, եթե կցանկանաք, հյուր կմնաք»: Մեր՝ արևելյան ժամահաշվով երեկոյան ժամը տասն էր ուրիշ տեղ գնալու այլևս ժամանակ չկար, և երկուսն էլ գիշերեցին Հիսուսի տանը. «Այն օրը նրա մոտ գիշերեցին»: Անշուշտ ժամը տասից մինչև երեկո և մինչև գիշեր առիթ ունեցան երկարորեն խոսակցել, Հովհաննեսի պատմած հայտնության իրականությունը ստուգել, Հիսուսի մասին իրական գաղափար կազմել և Հիսուսի հետևողներից առաջինը լինել: Ո՞ւր էր Հիսուսի բնակարանը, ո՞ր գյուղը գնացին, Հիսուս այնտեղ ի՞նչ հարաբերություններ ուներ, ինչպե՞ս էր կարողացել իր համար որոշակի օթևան գտնել, սրանք բոլորն էլ անորոշ կետեր են, որոնք ավետարանը չի բացատրում: Գուցե Հովհաննեսի ընտրած կենտրոնատեղիի մոտ Բեթաբրա գյուղն էր, որտեղ Հիսուս ծանոթ էր գտել կամ թե իր համար ժամանակավոր բնակարան հարմարացրել, որովհետև դեռևս իր գավառը՝ Գալիլիա չվերադարձած, մի ժամանակահատված ուզում էր այդ կողմերում մնալ: