... Արևը պարանոցիս է
գալարվում, փոշին` ոտքերիս... Քայլում եմ լուռ, գլուխս խոնարհած անցյալի ու
ապառնիի զառամյալ տիրոջ` ժամանակի առաջ: Քայլում եմ ու մտածում. «Իսկ ի՞նչ է ներկան... Է՜խ...
ներկան էլ մի անցյալ է այս վայրկյանից հետո և կամ ապագա` մի քանի վայրկյան առաջ. ամբողջ կյանքում մարդը փախչում է ներկայից,
կառուցում է ապագան ու հանակարծ... հանկարծ հենց ինքն էլ դառնում է անցյալ»:
... Արևը պարանոցիս է
գալարվում, փոշին` ոտքերիս... Ու մարդիկ են շուրջբոլորս, հարյուրներով, հազարներով լո՜ւռ մարդիկ... Ահա մեկը ժպտում է
ինձ. մանկահասակ մի օրիորդ` ծաղիկը ձեռքին: Արհեստական է ժպտում, բայց ժպտում է. այստեղ
բոլորն են ժպտում. կեղծ, ոչինչ չասող, սառն ու անկենդան ժպիտներ են,
որոնք ճգնում են ցույց տալ, թե իրենց կրողները երջանիկ են: Մերթ ընդ մերթ
հանդիպում են նաև տխուր, թախծոտ, անսպառ կարոտով ժպիտներ, որոնք շատ ավելի լավ կլիներ, որ ընդհանրապես չլինեին... Քիչ հետո հեռվում նշմարում եմ մեկին, ով չի ժպտում: Ընկողմանել է իր
մարմարե բազկաթոռին ու իշխանական դիրքով ոտքը ոտքին գցած` նայում է բոլորին (մի պահ անգամ կարծեցի, թե սուրճ է խմում):
Երևի շա՜տ լուրջ մարդ է: Նրանից քիչ այն կողմ մեկ ուրիշն է` ծնկաչոք, կողքին մյուսը կքանստած է` ծխախոտը մատների արանքում, մեկ ուրիշն էլ ոտքերի տակ
վիշապ է խեղդում, իսկ իրենից ետ ճերմակ-ճերմակ մի հրեշտակ է կանգնած` ուսին հսկայական մի խաչ:
...Արևն արդեն թմրեցնում է ինձ. աջ ու ձախ ամենուր գլուխներ են աչքիս
երևում, որ ցից-ցից կանգնած` մեռելային ժպիտով դարձյալ ինձ են նայում իրենց
համար առանձնացրած բազալտե քառակուսի պատնեշների
ետևից:
...Ստվեր գտա... Ի՜նչ լավ է. հսկայական մի կառույց է` մահվան պես սև, անորոշության չափ դատարկ: Սյուներ
ամեն կողմից ինչպես հելլենական տաճարներում, իսկ ներսում` ամայություն, մաքուր,
կոկիկ, բայց դատարկ: Ներսում ընդամենը երկու հոգի են` իրար կողքի պառկած
ամուսիններ: Հիշեցի Թումանյանի քառյակը. «Երկու շիրիմ իրար կից, հավերժական լուռ դըրկից, թախծում են պաղ ու խորհում, թե՝ ի՛նչ տարան աշխարհքից»: Նորից մտասուզում...
...Ուշ է, շարժվել է պետք... Դեռ խունկ է պետք ծխեցնել, աղոթել մի քիչ... Քայլերս անցնում են խաչքարերի, հուշաքարերի, հասկանալի
ու անհասկանալի նկարներով ու բովանդակությամբ տապանաքարերի արանքով` նոր ու հին,
մեծ ու փոքր, ճաշակով կամ անճոռնի... բայց միևնույն է, անօգուտ, անկենդան,
անիրական ու կեղծ. լոկ ճչացող նյութապաշտություն, որով ոչ ոքի երբեք չես օգնի, որով ոչ ոքի երբեք «կյանք» չես տա:
Միայն խաչերն ու խաչքարերն են մեկ-մեկ հուշում, որ այստեղ` այս արևի ու փոշու
ներքո, չնչին լավատեսություն կա` հույս, Հարություն, կյանք հավիտենական...
Րաֆֆին լավ է ասել. «Հայը առհասարակ հարգում է գերեզմանը` երկնքի այդ նախագավիթը, բայց մի բան, որ արժանավոր կերպով չէ գնահատում, դա է` կյանքը»:
Հոգւոցն Հանգուցելոց, Քրիստո´ս Աստուած,
արա հանգիստ եւ ողորմութիւն,
եւ
մեզ մեղաւորացս շնորհեա´ զթողութիւն յանցանաց...
13 արտահայտվիր:
Ներկան այնքանով է որոշված, ինչքանով որ մեր ուղեղի իներցիան: Մնացածը անցյալ է, բայց ոչ թե անցած, այլ լավ տեղում պահված, իհարկե լավատեսի տեսանկյունից: Ինչպես Պասկալն էր ասում, մենք չենք ապրում այլ միշտ պատրաստվում ենք ապրել...
Ստեղծագործությունը շատ լավն էր, երևի թե այս բլոգում իմ կարդացած ամենալավ ստեղծագործությունն էր: Կտավ էր...
Տխուր իրողություն: Տեսնես, երբ մարդիկ մի թաքնված վայրում մի համեստ, նույնիսկ անուն չկրող շիրմաքար են տեսնում, չեն նախանձում??????? Ես նախանձում եմ Տա Թև
Մի քիչ մրսեցի, կյանքը լավ բան է, սրանում ամեն անգամ համոզվում եմ, երբ կարդում եմ նման նյութեր ու ամբողջովին մտնում եմ նյութի մեջ, ասես մահը կողքիս է կանգնում ու ամեն անգամ զգալով իր սառնությունը ավելի ու ավելի եմ սիրում կյանքի ջերմությունը, թեպետ մահից չեմ վախենում:
Հետաքրքիր է, ես անընդհատ հիշատակում եմ կիզիչ արևը, բայց beatle մրսում է :))), շատ հետաքրքիր է, տեսնես ինչից է...
Կարծում եմ, որ պիտի ճիշտ գնահատենք մեզ, դիմացինին ու հատկացված ամեն մի ժամը, օրը....այլապես մահից հետո կտառապենք չարած լավի, կամ արած վատի համար...
Արթուր սարկավագ ջան կիզիչ արևը միայն արտաքինն է, լինում է, չէ որ շոգին սկսում ես մրսել, ներքուստ վախը կամ անհանգստությունը մի տեսակ սառնություն են տալիս: Ինձ մոտ երբեմն լինում է այդպես, հիմա նյութը շաատ լավն էր, լավ էր նկարագրած ամեն ինչ ու ես նույն ցուրտը զգացի:
Կառծում եմ նյւթը բավականին հաջողված էր,ես նույնպես սառնություն զգացի,երբ ռացիոնալ ձևով գիտակցում ես կյանքը ինքստինքյան սկսում ես վեռաիմաստավորել այն և գիտակցելով անցիլում գործած սխալներտ կերտում ես քեզ համար նոր ճանապարհ որը տանում է դեպի ԱՍՏԾՈ ԱՐՔԱՅՈԻԹՅՈՒՆ,այս դեպքում մահը սարսապելի չի թվում;
Հանձին Անիի կա մեկը, ով համակարծիք է ինձ հետ :)
Ես էլ եմ համակարծիք քեզ հետ Beatle ջան: Տպավորությունով կիսվելիս սառը քրտինք էր պատել ինձ և ես չուզեցի որ այդ տհաճ զգացողությունը ընթերցողս էլ ունենա, դրա համար արևի մասին ուզեցա շատ հիշատակել :))), բայց ինչպես հասկացա` անօգուտ:
Սիրելի հայ ժողովուրդ, կյանքը շատ քաղցր և հետաքրքիր է, եթե իսկապես ապրեք այդ կյանքը: Ներկան է հիասքնաչ, պետք չէ ընկնել ապագայի ետևից: Հավատքով ապրեք, և ձեր կյանքում հրաշքներ կլինեն:
Հ.Գ. Սեփական փորձից եմ ասում:
Հրաչ Բեգլարյան - Facebook
Օրհնիր, տեր հայր, ես դեռևս ուսանողական տարիներից էի ասում, որ դու գրելու շնորհք ունես:
Շնորհակալ եմ պրն. Բեգլարյան: Չեմ ուրանա` Ձեր տված խորհուրդները օգտագործում եմ ցայսօր:
Արփինե Արուսյակ Ավետիսյան - Facebook
Կենդանության օրոք է պետք հարգել ու սիրել մարդուն,տալ ջերմություն, թե չէ մահանալուց հետո 1000$-անոց քարերով կամ կանաչ գորգեր փռելով ոչ ետ կբերես, ոչ էլ խիղճդ կհանգստացնես.
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: