Showing posts with label մտքեր-մտքեր ամուսնալուծություն. Show all posts
Showing posts with label մտքեր-մտքեր ամուսնալուծություն. Show all posts

15.5.19

ԸՆՏԱՆԻՔԻ ՕՐ




Ասում են այսօր ընտանիքի օրն է։ Իրականում, եթե ընտանիքն ունի իրեն հատուկ օր ապա մեկ տանիքի տակ ապրող մարդկանց տոնը տարվա մեջ պետք է նշվի առնվազն 366 անգամ։
Հայերիս մեջ ինչ-որ չգրված օրենքով ընտանիքի գաղափարը միշտ զուգակցվում է սրբության հետ, իսկ այն ինչ սուրբ է (Հայրենիք, ծնող, Եկեղեցի...) պաշտելի է, արժանի անսահմանափակ հոգատարության եւ ընդհուպ` զոհողության։ 
Ընտանիքը հայերիս մտապատկերում լիարժեքորեն տեղավորվում է սրբության այս կաղապարի մեջ, եթե իհարկե... այն սոսկ բաժակաճառ չէ։ Այս վերջինն ասում եմ խոր ցավով, որովհետեւ ընտանեկան սրբության կողքին նույն այդ ընտանիքում կարող ենք հանդիպել անսուրբ դավաճանությունների, նենգադավ սադրանքների,  անզիջողական «զոռբայությունների», հանդուրժողականության եւ սիրո (խնդրեմ չքաղաքականացնել), խաղաղության եւ միաբանության բացակայությանը։ Ինչո՞ւ։ Որովհետեւ այսօր քչերն են լուրջ վերաբերվում ընտանիքի սրբությանը։ Իսկ արդյունքը... արդյունքը անհամար բաժանություններն ու ամուսնալուծություններն են։ Հայաստանում վիճակագրորեն ամուսնությունների 30 տոկոսը ավարտվում են ամուսնալուծությամբ եւ սա դեռ միայն` հայտարարագրվածները։ 
Ինչո՞ւ... Որովհետեւ մեզ համար ընտանիքը սո՞ւրբ է: Գլխի մեջ այո, որպես գաղափար, այո, այդ սրբությունը կա, բայց սուրբ չի դառնա այն ընտանիքը, որի անդամները սուրբ չեն եւ սրբության չեն ձգտում...
Շատ լավ է, որ ինքներս մեզ քրիստոնյա համարելով շտապում ենք նախ մեր միությունը հաստատել եկեղեցում` Պսակի խորհրդով, բայց շատ վատ է, որ երբեք, երբեք, երբեք չենք հիշում այդ խորհրդի մասին, երբ ամուսնալուծվում ու քանդում ենք այդքան սուրբ ընտանիքը (այստեղ կարող եք վիրավորվել)։ 
Գիտե՞ք ինչի է ընտանիքը սուրբ համարվում։ Որովհետեւ այն Աստված ինքն է ստեղծում, Աստված է իրար միացնում այր ու կնոջը եւ դարձնում մեկ մարմին,  միություն, որը բաժանելու իրավունք ոչ ոք, շեշտում եմ` ՈՉ ՈՔ չունի «ուրեմն՝ ոչ թե երկու, այլ մեկ մարմին են։ Արդ, ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի» (Մատթ. 19:6): Ուրեմն, որքան զգուշավոր ու սրբության ապրումով լցված պիտի լինեն իրենք` ընտանիք կազմողները, երբ եկեղեցում խորանի առաջ իրենց խրատ է տրվում` հիշեցնելով, որ ընտանիքը միայն այդ գեղեցիկ ու երջանիկ օրով չի ամփոփվում, այլ` երջանիկ լինելու պայքարի անդադար ընթացք է. լինի աղքատություն, թե հարստություն, նեղություն, թե լիություն, հիվանդություն, թե առողջություն, եթե խոստացել ես ամեն պարագայում անբաժան լինել եւ, ուշադրություն, Աստծո առաջ ես խոստումդ տվել, ապա ի՞նչ բաժանման մասին կարող է լինել խոսքը: Մի՞թե ուրանալի է սրբությունը։ Եթե ոչ, ապա արդարացումները Աստծո համար եւս ընդունելի չեն...
Սիրելիներդ իմ, որ արդեն ընտանիք եք կազմել եւ կամ որ մոտ եք կազմելու, ընտանիքը, հայի սուրբ ընտանիքը միայն մեկ թշնամի ունի, որ կոչվում է ԵՍ, օտար բառով ասված` ԷԳՈ... Եսասիրության եւ եսակենտրոնության թթխմորը մեր սրտերում կոչնչանա միայն եթե սերը, փոխըմբռնումը, ինքնանվիրումն ու հարգանքը, որոնք հենց սրբության հիմքն են, գան փոխարինելու մեր անձնական եսադավան հարմարավետությանը, որի երեսից են քայքայվում մեր ընտանիքները, եւ տրտմեցնում ենք Աստծո Սուրբ Հոգին։ Ուրեմն` ԷԳՈյի երեսին շրխկացրեք բոլոր դռները եւ տեսեք, թե որքան կշատանա սերը, տեսեք թե ինչպես սրբությունը պիտի թագավորի. սերն ու զոհաբերումը ընտանիքի հոմանիշներ են։
Պահեք, պահպանեք, գուրգուրեք ձեր ընտանիքները, սիրեք ու մեծարեք մեկմեկու, սիրելիներ, եւ անառիկ պահեք ձեր երջանկության թագավորության սրբազան սահմանները։ 
Շնորհավոր ընտանիքի տոնը եւ թող Աստված օրհնի եւ խաղաղության մեջ պահի բոլոր հայ ընտանիքներին։