Showing posts with label կատարելություն. Show all posts
Showing posts with label կատարելություն. Show all posts

15.11.19

- ԱԴԱՄ - ՈՐՈՇՈՂԸ ԴՈ՛Ւ ԵՍ


«Ինչո՞ւ Ադամ»,- երևի հետաքրքրված կհարցնես դու: Վստահ եմ՝ աշխարհի արարման և առաջին մարդու՝ Ադամի ստեղծման պատմությանը ծանոթ ես. «Տեր Աստված մարդուն ստեղծեց երկրի հողից, նրա դեմքին կենդանության շունչ փչեց, եւ մարդն եղավ կենդանի էակ» (Ծննդ. 2:7),- նկարագրված է Աստվածաշնչում: Իսկ համաձայն Եկեղեցական Ավանդության՝ Աստված Ադամին ստեղծեց 30-ամյա երիտասարդ հասակում, հետեւաբար՝ Ադամը եւս երիտասարդ էր: Աստվածային արարչագործության մեջ մարդը միակ արարածն էր, որը ոչ միայն մարմնավոր եղավ, այլև՝ հոգևոր՝ կենդանացած Աստծո շնչով: Ավելին, Սուրբ Գիրքը վկայում է, որ նախահայր Ադամին Աստված ստեղծեց «իր պատկերով և նմանությամբ» (Ծննդ. 1:27-28): Այս երկու հատկանիշները, ի դեպ, Ադամից սկսյալ յուրաքանչյուր սերունդ «գենետիկորեն» կրում է իր մեջ, ուստի որպես այդ հատկանիշների կրողներ արի՛ մի փոքր աստվածաբանենք ու հասկանանք, թե ինչ ասել է «պատկեր և նմանություն»: 

Իմաստով իրար շատ մոտ այս բառերը կարող են տպավորություն ստեղծել, թե խոսքն այստեղ արտաքին նույնության մասին է, իբր Աստված մեզ պես (ավելի ճիշտ՝ մենք Աստծո նման) ոտքեր, ձեռքեր, քիթ բերան և աչքեր ունի: Անշուշտ, նման ենթադրությունը հեռու է ճշմարտությունից, սակայն, իրապես, կան աստվածային հատկանիշներ, որոնցով Սուրբ Երրորդությունը օժտում է մեզ՝ ադամորդիներիս, երբ կյանքի հետ միասին մեզ է տալիս Իր պատկերը. կարևորագույն այս հատկանիշներից են՝ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ և ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ: Այս շնորհները իր մեջ կրելով է, որ ամեն մարդ՝ Ադամից մինչև դու և ես, առաջնորդվում, արարում ու գործում է բարին կամ չարը և ապրում է դրանցով: 

Տրամաբանորեն ինչ-որ բանի պատկերն ունենալը, սակայն, համարժեք չէ այդ բանի կատարյալ նմանությունը ունենալուն: Օրինակ՝ որքան էլ որ վիպասանը ջանա թղթին հանձնել իր աչքի առաջ եղած պատկերը, այն կատարյալ նմանության չի կարող հասցնել: Ընթերցողը պատկերագրվածը ակամայից լրացնում է իր բանականությամբ եւ երեւակայության ազատ թռիչքով: Ճիշտ այսպես Ադամին շնորհված Աստծո պատկերը, թեև մոտ, այնուամենայնիվ նույնական չէր Աստծո նմանության հետ: Աստվածաբանորեն ասած՝  նմանությունը առաջին մարդուն շնորհված ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆՆ էր եւ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅՈՒՆԸ, որոնցից, ցավոք, մարդը զրկվեց...

Այսպիսով, եթե փորձենք բանաձեւել՝
ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՊԱՏԿԵՐ = ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ + ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ = ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅՈՒՆ + ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ

5.3.17

ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅԱՆ ՃԱՄՓԱՆ - ՄԵԾ ՊԱՀՔ (օր 7)


Այսօրվա Աստվածաշնչյան ընթերցվածքները չորսն են՝
Ղուկ. 4:43-5:11, Ես 33:2-22, Հռոմ. 12:1-13:10, Մատթ. 5:17-48, որոնք կարող եք կարդալ այստեղ:

Այսօր Մեծ Պահքի 2-րդ կիրակին է, որը կոչվում է «ԱՐՏԱՔՍՄԱՆ»: Այն ներկայացնում է մեզ, թե ինչպես նախածնողները՝ Ադամը եւ Եվան անհնազանդ գտնվեցին և արհամարհելով Աստծո պատվիրանը, թէ չարի եւ բարու գիտության ծառից մի ճաշակեք, դարձան մեղքի ծնողները: Մեղքը սիրելիներ, պարզորեն ասած՝ մարդու անհնազանդությունն է Աստծո հանդեպ: Քննենք մեր ներսում մեր մեղքերը. ի՞նչ են դրանք, եթե ոչ` Աստծո Խոսքի արհամարհանք: Բայց ինչո՞ւ է Ադամը և նրա օրինակով՝ նաև մենք ընտրում մեղքը, հակառակ որ դրա փոխարեն Աստված մեզ միլիոնավոր օրհնություններ և բարություններ է առաջարկում: Գաղտնիքը թաքնված է մեր մարդկային կամքի մեջ. որովհետև մենք կամենում ենք մեղքը. այն քաղցր է թվում մեր քիմքին, բայց իրականում թունավոր է հոգու համար: Մեկ խոսքով՝ մենք սիրում ենք մեղքը... Բայց արդյո՞ք Աստված ինձ մեղքի ու մեղավոր կյանքի համար է ստեղծել: Ոչ, ոչ և ես մեկ անգամ՝ ոչ: Աստված արարել է մարդուն սրբության և կատարելության համար.
«Կատարեալ եղէք դուք, ինչպէս ձեր երկնաւոր Հայրն է կատարեալ» (Հռոմ. 8:31):

Սիրելիներ, Մեծ Պահքի այս շրջանը մեզ մեր կամը զորացնելու, մեղքից փախչելու եւ դեպի կատարելություն քայլելու լավագույն առիթն է տալիս: Ինչո՞ւ լինենք արտաքսված, երբ Աստված իր Միածնի զոհաբերությամբ բացում է մեր առջև դրախտի կատարելության դարպասները: Այո, կատարելության հասնելը դյուրի ընթացք չէ, սակայն Նա ով կոչել է մեզ կատարյալ լինելու, վստահաբար պետք է օգնական լինի այդ ճանապարհի մեջ, միայն թե մենք իսկապես այդ կամենանք: Սկասենք ամենափոքրիկ քայլերից, որոնց օրինակները մեզ այսօր տալիս է Պողոս առաքյալը ասելով. «Սէր առանց կեղծիքի. ատելով չարը՝ ընթանալ բարու յետեւից. եղբայրասիրութեան մէջ միմեանց հանդէպ լինել գթասիրտ. պատիւ տալու մէջ միմեանց գերազանցել. ջանասիրութեան մէջ չլինել թուլասիրտ. հոգով եռացէք. Տիրոջը ծառայեցէք. յոյսով ուրախացէք. նեղութեան համբերեցէք, յաճախակի աղօթեցէք. հաղորդակից եղէք սրբերի կարիքներին. հետամուտ եղէք հիւրասիրութեան: Օրհնեցէք ձեզ հալածողներին. օրհնեցէք եւ մի՛ անիծէք. ուրախացողների հետ ուրախանալ, լացողների հետ լալ. համերաշխ եղէք միմեանց հետ. մի՛ մեծամտացէք, այլ խոնարհ եղէք խոնարհների հանդէպ. դուք ձեզ իմաստունի տեղ մի՛ դրէք. մէկի չարի փոխարէն չար մի՛ հատուցէք. խորհեցէք բարին բոլոր մարդկանց առաջ. ինչ չափով հնարաւոր է ձեզ համար, բոլոր մարդկանց հետ խաղաղութիւն պահեցէք. ինքներդ վրէժխնդիր մի՛ եղէք, սիրելինե՛ր, այլ թոյլ տուէք, որ Աստծոյ բարկութիւնը կատարի այն. որովհետեւ գրուած է. «Իմն է վրէժխնդրութիւնը, եւ ես կհատուցեմ»,– ասում է Տէրը. այլեւ՝ «Եթէ քաղցած է քո թշնամին, հաց տուր նրան, եւ եթէ ծարաւ՝ ջուր տուր նրան. այս անելով՝ կրակի կայծեր կկուտակես նրա գլխին»: Թոյլ մի՛ տուր, որ չարը յաղթի քեզ, այլ բարիով յաղթիր չարին»:

Այսօր աղոթենք Անտուան դը Սենթ Էքզյուպերիի «փոքրիկ քայլերի» աղոթքով, ու թող Աստված օգնական լինի բոլորիս մեր կամքը ուղղելու դեպի սրբության՝ Աստծո կամքը կատարելու կատարյալ ճամփան: 
Աղոթքը կարող եք գտնել  մեր այս աղոթագրքի մեջ (սեղմեք հղման վրա)։ Օրհնվեք...