Showing posts with label Տեր Տարոն քհն. Թադևոսյան. Show all posts
Showing posts with label Տեր Տարոն քհն. Թադևոսյան. Show all posts

15.2.14

ՆԱ ՔԱՀԱՆԱ Է - ՏԵՐ ՏԱՐՈՆ ՔՀՆ. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

«Առանց հովվի մի՜ քայլիր: 
Քայլի՜ր եկեղեցու հետ, որովհետև դեռ գառնուկ ես, 
իսկ շուրջբոլորդ շատ են գայլերը` անթիվ, անհամար» .- 
Սահակ եպիսկոպոս Մաշալյան, «Երկու ուխտավոր» : 

Նա քահանա է օտար հողում, Հայ Քահանա՝ ում հետ միասին «քայլում ենք», սովորում, ավելի մոտենում Մայր Եկեղեցուն, մեր ավանդույթներին: Տեր Տարոն Թադևոսյանին ճանաչում ենք 1,5 տարի: Օտարության մեջ հային Մայր Եկեղեցում պահելու համար ավելի մեծ ջանք, եռանդ ու նվիրում է պահանջվում քահանայից:

Այսօր Տնօրհնեք է: Դանդաղ բացվում է օրը Հոլանդիայում՝ մռայլ և ցուրտ առավոտներից մեկը: Չնայած այդ գորշությանը, այսօր կարծես արեգակի շողքն է ընկել մեր օջախ: Բոլորս մի տեսակ ուրախությամբ ենք սպասում մեր քահանայի գալստին: Նախապատրաստական աշխատանքներն ավարտված են, հացը, ջուրը, աղը ու խնկամանը դրված են սեղանին: Ահա եկավ մեր քահանան, ինչպես միշտ զուսպ ու քաղաքավարի, միշտ պատրաստ օգնության ձեռք մեկնել նրան, ով դրա կարիքն ունի: Ամեն ինչ անցավ ինչպես կարգն է, այնուհետև անցանք հարցերին: Տեր Տարոնը սիրով, հանգամանալից բացատրություն տվեց բոլոր հարցերին, մեկնաբանեց առակները շատ պարզ ու ըմբռնելի: Անգնահատելի է Տեր Տարոնի աջակցությունը երիտասարդների քրիստոնեական դաստիարակության մեջ: Նվիրյալ հոգևորականն է, որ օտարության մեջ հային թույլ չի տալիս հեռանալ իր արմատներից, հատկապես երիտասարդներին: Դրա համար համբերություն, լսելու ու հասկանալու ունակություն է պետք ունենալ, երիտասարդը պետք է վստահի իր քահանային: Տեր Տարոնին դա հաջողվել է՝ երիտասարդները վստահում են նրան: Բազմաթիվ անգամներ կարելի է նրանց զգուշացնել, հորդորել, բացատրել այս կամ այն երևույթի սխալ լինելու մասին: Բավական է նրանք դա լսեն Տեր Հորից մեկ անգամ, սիրով ու ըմբռնումով բացատրված, որպեսզի ընդունեն ու հասկանան: