15.2.14

ՆԱ ՔԱՀԱՆԱ Է - ՏԵՐ ՏԱՐՈՆ ՔՀՆ. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

«Առանց հովվի մի՜ քայլիր: 
Քայլի՜ր եկեղեցու հետ, որովհետև դեռ գառնուկ ես, 
իսկ շուրջբոլորդ շատ են գայլերը` անթիվ, անհամար» .- 
Սահակ եպիսկոպոս Մաշալյան, «Երկու ուխտավոր» : 

Նա քահանա է օտար հողում, Հայ Քահանա՝ ում հետ միասին «քայլում ենք», սովորում, ավելի մոտենում Մայր Եկեղեցուն, մեր ավանդույթներին: Տեր Տարոն Թադևոսյանին ճանաչում ենք 1,5 տարի: Օտարության մեջ հային Մայր Եկեղեցում պահելու համար ավելի մեծ ջանք, եռանդ ու նվիրում է պահանջվում քահանայից:

Այսօր Տնօրհնեք է: Դանդաղ բացվում է օրը Հոլանդիայում՝ մռայլ և ցուրտ առավոտներից մեկը: Չնայած այդ գորշությանը, այսօր կարծես արեգակի շողքն է ընկել մեր օջախ: Բոլորս մի տեսակ ուրախությամբ ենք սպասում մեր քահանայի գալստին: Նախապատրաստական աշխատանքներն ավարտված են, հացը, ջուրը, աղը ու խնկամանը դրված են սեղանին: Ահա եկավ մեր քահանան, ինչպես միշտ զուսպ ու քաղաքավարի, միշտ պատրաստ օգնության ձեռք մեկնել նրան, ով դրա կարիքն ունի: Ամեն ինչ անցավ ինչպես կարգն է, այնուհետև անցանք հարցերին: Տեր Տարոնը սիրով, հանգամանալից բացատրություն տվեց բոլոր հարցերին, մեկնաբանեց առակները շատ պարզ ու ըմբռնելի: Անգնահատելի է Տեր Տարոնի աջակցությունը երիտասարդների քրիստոնեական դաստիարակության մեջ: Նվիրյալ հոգևորականն է, որ օտարության մեջ հային թույլ չի տալիս հեռանալ իր արմատներից, հատկապես երիտասարդներին: Դրա համար համբերություն, լսելու ու հասկանալու ունակություն է պետք ունենալ, երիտասարդը պետք է վստահի իր քահանային: Տեր Տարոնին դա հաջողվել է՝ երիտասարդները վստահում են նրան: Բազմաթիվ անգամներ կարելի է նրանց զգուշացնել, հորդորել, բացատրել այս կամ այն երևույթի սխալ լինելու մասին: Բավական է նրանք դա լսեն Տեր Հորից մեկ անգամ, սիրով ու ըմբռնումով բացատրված, որպեսզի ընդունեն ու հասկանան:


Անչափ նվիրումով ու խոնարհությամբ Տեր Հայրը ծառայում է իր հոտին: Նա կարող է կիլոմետրեր կտրել-անցնել այցելելու իր հավատացյալներին՝ անհատական ուշադրության արժանացնելով իր հոտի յուրաքանչյուր անդամին: Նա շատ լավ է հասկանում Հոլանդիայում ապրող բազմերանգ հայության խնդիրները, հենց դրանով է պայմանավորված նրա մշտազբաղ լինելը թե՛ համայնքային, և թե՛ եկեղեցական գործերով: Շատ դժվարին ծառայություն է բաժին ընկել նրան՝ մի կողմից անաստված երկրի վարքն ու բարքը, մյուս կողմից համայնքային բազմազան խնդիրները խոչընդոտոմ են աշխատանքների բնականոն ընթացքը: Բայց նա երբեք չի ընկճվում, շաժվում է առաջ՝ տածելով իր շուրջը հույս, հավատ ու սեր: Նրա նկատմաբ խորին հարգանքով են լցված մեծերն ու փոքրերը, պատանիներն ու աղջիկները: Տեր Հայրն ունի հայ հոգևորականին բնորոշ ամենամեծ առաքինությունները՝ համեստություն, նվիրում ու խոնարհություն:
Մեր սիրելի քահանա, թող Աստված Ձեզ անսպառ ուժ,եռանդ ու համբերություն տա Ձեր նպատակներն ի կատար ածելու համար: Աստված օգնական և պահապան լինի Ձեզ:

Շնորհակալություն Տեր Հուսիկ նաև Ձեզ, նման կարևոր նախաձեռնության համար: Հայ հոգևորականն արժանի է մեծարման: Իսկ նրանք, ովքեր չեն տեսնում մեր հոգևորականների նվիրումն ու հսկայածավալ աշխատանքը, խորհուրդ կտամ գոնե վիրտուալ աշխարհում հետևեն հոգևորականների կատարած աշխատանքին: Չպետք է մոռացության մատնենք մեր ազգին հոգևոր հաց պարգևող հոգևոր դասին: «Գրուած է՝ միայն հացով չի ապրի մարդ, այլ՝ այն ամէն խօսքով, որ դուրս է գալիս Աստծու բերանից» (ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 4:4):

Արմինե Բագրատունի
Նյութը ներկայացված է «ՆԱ ՔԱՀԱՆԱ Է» 
մրցույթի շրջանակներում:

0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...