Նախորդ գլուխը՝
24. ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԿԱՆԽԱՍԱՑՈՒԹՅՈՒՆԸ
ՄԱՏԹԵՈՍ 3։13-17
13 Այն ժամանակ Հիսուսը Գալիլեայից եկավ Հորդանան, Հովհաննեսի մոտ՝ նրանից մկրտվելու։
14 Բայց Հովհաննեսը կանխեց նրան և ասաց. «Ես պետք է քեզնից մկրտվեմ, և դո՞ւ ես ինձ մոտ գալիս»։
15 Հիսուսը պատասխանեց նրան՝ ասելով. «Թո՛ւյլ տուր այժմ, որովհետև Աստծու ծրագիրն այս է, որ մենք կատարենք ամբողջ արդարությունը»։ Այն ժամանակ Հովհաննեսը թույլ տվեց նրան մկրտվել։
16 Հիսուսը մկրտվելուց հետո իսկույն դուրս ելավ ջրից։ Եվ ահա երկինքը բացվեց նրան, և տեսավ Աստծու Հոգին, որ իջնում էր ինչպես աղավնի և գալիս էր իր վրա։
17 Երկնքից մի ձայն լսվեց, որ ասում էր. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որը ստացավ իմ բարեհաճությունը»։
ՄԱՐԿՈՍ 1։9-11
9 Այդ օրերին Հիսուսը Գալիլեայի Նազարեթ քաղաքից եկավ և Հովհաննեսի կողմից մկրտվեց Հորդանանում։
10 Եվ նույն պահին, երբ ջրից դուրս էր գալիս, տեսավ երկինքը, որ պատռվում էր, և Աստծու Հոգին, որ իբրև աղավնի իջնում էր իր վրա։
11 Երկնքից մի ձայն լսվեց, որ ասում էր. «Դու ես իմ սիրելի Որդին, որ ստացար իմ բարեհաճությունը»։
ՂՈՒԿԱՍ 3։21-22
21 Ամբողջ ժողովրդի մկրտվելուց հետո Հիսուսը ևս մկրտվեց ու երբ աղոթքի կանգնեց, երկինքը բացվեց, 22 և Սուրբ Հոգին մարմնավոր տեսքով՝ որպես աղավնի, իջավ նրա վրա, և երկնքից ձայն եկավ, որ ասում էր. «Դու ես իմ սիրելի Որդին, որ ստացար իմ բարեհաճությունը»։
Մոտ վեց ամիս էր, ինչ Հիսուս Հորդանանի եզերքներին Իր կարապետության պաշտոնն էր վարում: Լրանում էր Հռոմեական 779 և մեր թվականության 26-րդ տարվա առաջին կեսը: Լրանում էր նաև Հիսուսի երեսուներորդ տարին, որով և պիտի բացվեր Նրա հրապարակային կյանքի ասպարեզը: Հովհաննեսի ունեցած համբավը առիթ էր՝ պատրաստելու Հիսուսի հայտնությունը, որովհետև, Աստվածային նախախնամությամբ, տնօրինական բոլոր պարագաները պետք է մարդկային կյանքի պահանջների հետ համաքայլ ընթանային: Իսկ Հիսուսի հայտնությունը պետք է սկսվեր աննշմարելի նախապատրաստություններով: Հիսուս, դուրս գալով Նազարեթից, Գալիլիայից անցնելով Սամարա և ապա հարավային Հրեաստան, հասավ Հորդանանի եզերքը՝ Բեթաբրայի կողմերը, ուր Հովհաննեսի կենտրոնն էր և որտեղ կատարվել էին Հին Օրինաց սքանչելիքները, այսինքն՝ երբ Հեսուն առաջնոդեց հրեաներին և չոր ոտքերով անցան Հորդանանը (Հեսու 3։6), ինչպես նաև Եղիայի վերարկուի շնորհիվ գետի ջրերի երկու մասի բաժանվելը (4 Թագ. 2։8):