«Բարձրյալին քեզ ապավեն դարձրիր.
չարիքը չի հասնի քեզ, եւ տանջանքները
չեն մոտենա քո տան հարկին» (Սաղմ. Ղ 9-10):
Արդեն բավականին ժամանակ էր, ինչ մեր ընտանիքում կարծես ամեն ինչ խառնված լիներ՝ տարատեսակ փորձանքներ ու փորձություններ, օրեցօր ի հայտ եկող նորանոր խնդիրներ, դժվարություններ, ընդհանուր լարվածություն... Այնպիսի տպավորություն էր, որ ինչ-որ դիվային ուժեր խաթարում էին մեր անդորրն ու առօրյան: Օրհասական էր դարձել մեր ընտանիքում ու բնակարանում հոգևոր խաղաղությունը վերականգնելը, և ես մեր տուն հրավիրեցի Արժանապատիվ Տեր Դանիել Քահանա Բաղումյանին՝ Սուրբ Հովհաննես եկեղեցուց, որպեսզի մեր տանը տնօրհնեքի կարգ կատարի: Տեր Դանիելի մուտքը մեր օջախ բեկումնային էր բոլորիս համար. նրա շունչն ու հոգին կարծես մտավ մեր ընտանիք, ներթափանցեց ու հոգևոր լույս սփռեց յուրաքանչյուրիս հոգու մեջ: Աննկարագրելի մի զգացում էր՝ Տեր Դանիելի յուրաքանչյուր բառ մոգական ուժով թոթափում էր ուսերիս ծանրացած բեռը, ամոքում ցավերս ու խորհրդավոր խաղաղություն սփռում: Նախկինում երբևէ որևէ քահանայի խոսք այդքան հասու չէր եղել և այդքան հզոր: Տեր Դանիելն անժխտելի դեր ու առաքելություն ունեցավ մեր ընտանիքի հոգևոր կյանքում. նրա շնորհիվ մենք դարձանք հայ առաքելական եկեղեցու նվիրյալ: Տեր Հայրը դստերս ու որդուս ներգրավեց Սուրբ Հովհաննես եկեղեցու երիտասարդաց միություն և սկսեց զբաղվել զավակներիս հոգևոր դաստիարակությամբ: Իսկ ես որոշ ժամանակ անց Տեր Դանիելի և մի շարք ուխտավորների հետ մեկնեցի Երուսաղեմ: