Նախորդ գլուխը՝
21. ԿԱՐԱՊԵՏԻ ԿՅԱՆՔԻ ՍԿԶԲՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԸ
ՄԱՏԹԵՈՍ 3։1-3 / 5-6
1 Երբ ժամանակը հասավ, Հրեաստանի անապատում երևաց Հովհաննես Մկրտիչը։ Քարոզում էր
2 և ասում. «Ապաշխարե՛ք, որովհետև մոտեցել է երկնքի արքայությունը»։
3 Հիրավի սա՛ է նա, որի մասին խոսվել է Եսայի մարգարեի միջոցով, որ ասում է. «Մի ձայն է գոչում անապատում. “Պատրաստե՛ք Տիրոջ ճանապարհը և ուղի՛ղ դարձրեք նրա շավիղները”»
5 Այդ ժամանակ նրա մոտ էր գնում ողջ ժողովուրդը՝ Երուսաղեմից, ողջ Հուդայից ու Հորդանանի բոլոր շրջաններից,
6 նրա կողմից մկրտվում էին Հորդանան գետում իրենց մեղքերը խոստովանելուց հետո։
ՄԱՐԿՈՍ 1։1-5
1 Հիսուս Քրիստոսի՝ Աստծու Որդու Ավետարանի սկիզբը։
2 Ինչպես գրված է մարգարեների գրքերում. «Ահա ես իմ պատգամաբերին եմ ուղարկում քո առջևից, որ կպատրաստի քո ճանապարհը։
3 Անապատում կանչողի ձայնն է. “Պատրաստե՛ք Տիրոջ ճանապարհը և հարթե՛ք նրա շավիղները”»։
4 Եվ Հովհաննեսը մկրտում էր անապատում և քարոզում ապաշխարության մկրտություն՝ մեղքերի թողության համար։
5 Ամբողջ Հրեաստանը և բոլոր երուսաղեմացիները գնում էին նրա մոտ և խոստովանելով իրենց մեղքերը՝ նրա կողմից մկրտվում էին Հորդանան գետում։
ՂՈՒԿԱՍ 3։1-6
1 Տիբերիոս կայսեր իշխանության տասնհինգերորդ տարում, երբ Պիղատոս Պոնտացին Հուդայի կուսակալն էր, Հերովդեսը Գալիլեայի չորրորդապետն էր, նրա եղբայր Փիլիպպոսը չորրորդապետն էր Իտուրեայի ու Տրաքոնեայի, և Լյուսանիասը չորրորդապետն էր Աբիլինեի,
2 երբ քահանայապետներն էին Աննասն ու Կայիափան, Աստծու խոսքն եկավ-հանգեց Զաքարիայի որդի Հովհաննեսի վրա, որն անապատում էր։
3 Եվ նա եկավ Հորդանանի կողմը՝ մեղքերի թողության համար ապաշխարության մկրտություն քարոզելու,
4 ինչպես գրված է Եսայի մարգարեի պատգամների գրքում.
«Անապատում կանչողի ձայնն է. Պատրաստե՛ք Տիրոջ ճանապարհը և ուղի՛ղ դարձրեք նրա շավիղները։
5 Բոլոր ձորերը թող լցվեն, բոլոր լեռներն ու բլուրները խոնարհվեն, դժվարին ճանապարհները հեշտ թող դառնան, առապարները՝ հարթ ճանապարհներ,
6 և ամեն մարդ տեսնի Աստծու փրկությունը»։
Մինչ այժմ եղած պատմությունները դիտվում են որպես Ավետարանի նախապատրաստություններ: Ավետարանի սկիզբը, ինչպես և Մարկոսն է գրում, սկսվում է այն տեղից, երբ Հովհաննեսը, ձեռնարկելով Ավետարանի կարապետության պաշտոնը, հնչեցնում է երկնքի արքայությանը հասնելու, խոստացյալ Մեսիայի հայտնության և փրկագործության խորհուրդն սկսելու ավետիսը: Այդ պաշտոնը կատարելու համար Հովհաննեսը թողեց Հուդայի անապատը և իջավ Հորդանանի եզերքները: Գետի հարավային մասում, Հորդանանի՝ Մեռյալ ծով թափվելու տեղից բավականին հեռու, արևելյան եզերքին է գտնվում Բեթաբրա կամ Բեթաբարա կոչված գյուղը, որտեղ Հորդանանը մեկ այլ հուն է կազմում: Հովհաննեսն այնտեղ հաստատեց իր կենտրոնը և նորօրինակ քարոզչության սկիզբը դրեց:
Այստեղ Ղուկասը բացառիկ կերպով ճշտում է ժամանակը՝ թվարկելով այն օրերի իշխանների անունները: Նաև ասում է, թե երբ Հովհաննեսն սկսեց քարոզչությունը, Հռոմի կայսրը Տիբերիոսն էր, Հրեաստանի դատավորը՝ Պիղատոս Պոնտացին, Գալիլիայի չորրորդապետը՝ Հերովդես Անտիպասը, Իտուրիայի և Տրաքոնիայի չորրորդապետը՝ Հերովդես Փիլիպպոսը, Աբյուլինիայի չորրորդապետը՝ Լյուսանիոսը: Երուսաղեմի քահանայապետը Աննան և Կայիափան էին: Թեև վերջիններս երկար տարիներ էին պաշտոնավարում, սակայն ոչ մեկի իշխանության ճշգրիտ թվականը հնարավոր չէր լինի բացահայտել, եթե նրանցից գոնե մեկինը որոշված չլիներ: Բերաբախտաբար, Տիբերիոսի տարեթիվը համարվում է «հիսուներորդ տարին»: Հիսուսի կյանքի ժամանակագրությունը կազմելիս այս թվականը հիմնակետ է հանդիսանում բոլոր պատմաբանների համար: