Showing posts with label Մատթեոս 1. Show all posts
Showing posts with label Մատթեոս 1. Show all posts

11.12.20

13. ՀԻՍՈՒՍԻ ԹԼՓԱՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆՈՒՆԸ (ՀԱՄԱՊԱՏՈՒՄ)

Նախորդ գլուխը՝

ՂՈՒԿԱՍ 2։21
21 Երբ ութ օրերը լրացան, և նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղիացվել մոր որովայնում։

ՄԱՏԹԵՈՍ  1։25
25 Բայց նրա հետ չհարաբերվեց, մինչեւ Մարիամը ծնեց իր անդրանիկ որդուն եւ նրա անունը դրեց Հիսուս:

Աստված հրամայել էր Աբրահամին, որ նրա սերունդի բոլոր արուները ծնվելուց հետո` ութերորդ օրը թլպատվեին (Ծննդ. 17։12): Այդ կրկնեց նաև Մովսեսն իր օրենքների մեջ, թե մի մայր, որ արու զավակ է ծնում, յոթ օր պետք է պիղծ համարվի և «Ութերորդ օրը նա թող թլփատի իր որդուն» (Ղեւտ. 12։3): Թլպատության օրենքը խիստ էր և խախտողներին հրամայված էր մահվան դատապարտել. «Ութերորդ օրը թլիփը չթլփատված արուն թող վերանա իր ցեղի միջից, որովհետև խախտած կլինի իմ ուխտը» (Ծննդ. 17։14): Թլպատությունը մի պարտականություն էր, որ կատարվում էր ընտանեկան շրջանակում` մերձավորների ներկայությամբ, առանց քահանայի պաշտոնավարության, և այդ դեպքում որոշվում էր նաև նորածնի անունը, ինչպես արդեն Կարապետի մասին խոսելիս հիշեցինք (Գլուխ 7):
            
Հովսեփն ու Մարիամը Բեթղեհեմում եկվորներ էին. և Դավթի ցեղից թերևս կարողացել էին ճանաչել մի քանի մերձավորների և ազգականների, որոնք նրանց համար, հավանաբար, մի բնակության տեղ էին հոգացել, քանի որ իջևանատան ախոռի մեջ այլևս չէին մնում: Թլպատության արարողությունը կատարեցին շատ համեստ շրջանակում` լրացնելով օրինական պարտավորությունը:  Մարիամը, որ առաջինն էր ավետիսը ընդունել, և Հովսեփը, որ ստացել էր հրեշտակի խորհրդի հայտնությունը, հավանաբար կարող էին մտածել, որ սքանչելի Նորածնի վրա օրենքի պահանջները չէին կարող ծանրանալ, սակայն օրենքը զանցառելու  իրավունք չունեին, և նաև աստվածային կամքն էր պահանջում օրենքի գործադրությունը` օրինակով հաստատելու համար օրինապահության պատվիրանը:

Նորածնի անունը կոչվեց Հիսուս, որ թարգմանվում է Փրկիչ, որ նաև Հեսու և Հովսե անունների մյուս ձևն է: Ավետարանիչը,  Հիսուսի անվանակոչությունը իբրև հրեշտակի հանձնարարության համաձայն կատարված լինելը հիշելով, ուզում է ասել, որ Մարիամն ու Հովսեփը տեղյակ էին սքանչելի խորհրդին և գիտենալով համակերպվում էին օրենքի հրամաններին:

Հաջորդ գլուխը՝

9.12.20

12. ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ (ՀԱՄԱՊԱՏՈՒՄ)

Նախորդ գլուխը՝
11. ՀԻՍՈՒՍԻ ԾՆՈՒՆԴԸ

ՄԱՏԹԵՈՍ 1։25
25 Բայց նրա հետ չհարաբերվեց, մինչեւ Մարիամը ծնեց իր անդրանիկ որդուն եւ նրա անունը դրեց Հիսուս:

Ավետարանում բնավ նշված չէ, թե Հիսուս որ տարին և որ ամսին ծնվեց, և ոչ էլ ամսվա կամ շաբաթվա օրը, այսուհանդերձ քրիստոնյաների միջև Հիսուսի ծննդյան օրվա շուրջ վիճաբանություններ եղել են, և ավելի շատ այդ վեճը լինում է մեր Հայ եկեղեցու հետ, որովհետև եթե Լատինները, Հույները և Ասորիները ծնունդը տոնում են դեկտեմբերի 25-ին և Աստվածահայտնությունը` հունվարի 6-ին, ապա մենք հունվարի 6-ին կատարում ենք Աստվածահայտնության տոնը, ընդգրկելով նրա մեջ նաև ծնունդը:

Շնորհալին Ալեքս իշխանին ներկայացրած «Հաւատոյ» գրի մեջ ձգտում է նույնիսկ Ավետարանով հաստատել` թե Հիսուս ծնվեց հունվարի 6-ին և ոչ թե դեկտեմբերի 25-ին, և ահա իր պատճառաբանությունը. Զաքարիա քահանայապետը Քավության տոնի առթիվ մտել էր տաճար խնկարկելու, որ համապատասխանում է հրեաների Թշրինի 10-ին, իսկ մեր` սեպտեմբերի 27-ին:

Զաքարիան տաճարից տուն չվերադարձած ավարտեց պաշտամունքի տասներկու օրերը, որոնք էին Քավության տոնի հինգ և Տաղավարաց տոնի յոթ օրերը: Ուրեմն` Եղիսաբեթի հղությունը եղավ հրեական Թշրինի 22-ին, իսկ մեր` հոկտեմբերի 9-ին: Իսկ Մարիամը ավետումը եղավ վեց ամիս հետո` ապրիլի 7-ին, և ծնունդը` հունվարի 6-ին:

8.12.20

9. ՀԻՍՈՒՍԻ ԱԶԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ (ՀԱՄԱՊԱՏՈՒՄ)

Նախորդ գլուխը՝
8. ԿԱՐԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԸ

ՄԱՏԹԵՈՍ 1։1-17
1 Գիրք ազգաբանության Հիսուս Քրիստոսի` Դավթի որդու, Աբրահամի որդու: 
2 Աբրահամը ծնեց Իսահակին. Իսահակը` Հակոբին. Հակոբը ծնեց Հուդային եւ նրա եղբայրներին.  
3 Հուդան ծնեց Փարեսին եւ Զարային` Թամարից. Փարեսը ծնեց Եզրոնին. Եզրոնը ծնեց Արամին.  
4 Արամը ծնեց Ամինադաբին. Ամինադաբը ծնեց Նաասոնին. Նաասոնը ծնեց Սաղմոնին.  
5 Սաղմոնը ծնեց Բոոսին` Ռաքաբից. Բոոսը ծնեց Օբեդին` Հռութից. Օբեդը ծնեց Հեսսեին.  
6 Հեսսեն ծնեց Դավիթ արքային: Դավիթը ծնեց Սողոմոնին` Ուրիայի կնոջից.
7 Սողոմոնը` Րոբովամին.  
8 Րոբովամը ծնեց Աբիային. Աբիան ծնեց Ասափին. Ասափը ծնեց Հոսափատին. Հոսափատը ծնեց Հորամին. Հորամը ծնեց Օզիային.  
9 Օզիան ծնեց Հովաթամին. Հովաթամը ծնեց Աքազին. Աքազը ծնեց Եզեկիային.  
10 Եզեկիան ծնեց Մանասեին. Մանասեն ծնեց Ամոսին.  
11 Ամոսը ծնեց Հոսիային. Հոսիան ծնեց Հեքոնիային եւ նրա եղբայրներին` Բաբելոնում գերության ժամանակ: 
12 Բաբելոնում գերությունից հետո Հեքոնիան ծնեց Սաղաթիելին.  
13 Սաղաթիելը ծնեց Զորոբաբելին. Զորոբաբելը ծնեց Աբիուդին. Աբիուդը ծնեց Եղիակիմին.  
14 Եղիակիմը ծնեց Ազորին. Ազորը ծնեց Սադոկին. Սադոկը ծնեց Աքինին. Աքինը ծնեց Եղիուդին.  
15 Եղիուդը ծնեց Եղիազարին. Եղիազարը ծնեց Մատթանին.  
16 Մատթանը ծնեց Հակոբին. Հակոբը ծնեց Հովսեփին` Մարիամի մարդուն, որի նշանածն էր կույս Մարիամը, որից ծնվեց Հիսուս, որ անվանվեց Քրիստոս: 
17 Արդ, Աբրահամից մինչեւ Դավիթը բոլոր սերունդները` տասնչորս սերունդ. եւ Դավթից մինչեւ Բաբելոնի մեջ գերությունը` տասնչորս սերունդ. Բաբելոնի մեջ գերությունից մինչեւ Քրիստոս` տասնչորս սերունդ:

ՂՈՒԿԱՍ 3։23-38
23 Եվ ինքը՝ Հիսուսը, շուրջ երեսուն տարեկան էր, երբ սկսեց իր գործը, և, ինչպես կարծում էին, որդին էր Հովսեփի, նա՝ Հակոբի, նա՝ Հեղիի, նա՝ Մատաթեի, 
24 նա՝ Ղևիի, նա՝ Մեղքիի, նա՝ Հաննեի, նա՝ Հովսեփի, 
25 նա՝ Մատթեի, նա՝ Ամոսի, նա՝ Նավումի, նա՝ Էսղիի, նա՝ Նանգեի, 
26 նա՝ Մաաթի, նա՝ Մատաթեի, նա՝ Սեմեիի, նա՝ Հովսեքի, նա՝ Հովդայի, 
27 նա՝ Հովնանեի, նա՝ Րեսայի, նա՝ Զորաբաբելի, նա՝ Սաղաթիելի, նա՝ Ներիի, 
28 նա՝ Մեղքիի, նա՝ Ադդեի, նա՝ Կոսամի, նա՝ Ելմոդադի, նա՝ Երեի, 
29 նա՝ Հեսուի, նա՝ Եղիազարի, նա՝ Հորամի, նա՝ Մատթեի, նա՝ Ղևիի, 
30 նա՝ Սիմեոնի, նա՝ Հուդայի, նա՝ Հովսեփի, նա՝ Հովնամի, նա՝ Եղիակիմի, 
31 նա՝ Մելլեի, նա՝ Մեննեի, նա՝ Մատտաթայի, նա՝ Նաթանի, նա՝ Դավթի, 
32 նա՝ Հեսսեի, նա՝ Ովբեդի, նա՝ Բոոսի, նա՝ Սաղմանի, նա՝ Նաասովնի, 
33 նա՝ Ամինադաբի, նա՝ Արամի, նա՝ Ադմեի, նա՝ Առնեի, նա՝ Եսրոնի, նա՝ Փարեսի, նա՝ Հուդայի, 
34 նա՝ Հակոբի, նա՝ Իսահակի, նա՝ Աբրահամի, նա՝ Թարայի, նա՝ Նաքորի, 
35 նա՝ Սերուքի, նա՝ Ռագավի, նա՝ Փաղեկի, նա՝ Եբերի, նա՝ Սաղայի, 
36 նա՝ Կայնանի, նա՝ Արփաքսադի, նա՝ Սեմի, նա՝ Նոյի, նա՝ Ղամեքի, 
37 նա՝ Մաթուսաղայի, նա՝ Ենոքի, նա՝ Հարեդի, նա՝ Մաղաղայելի, նա՝ Կայնանի, 
38 նա՝ Ենոսի, նա՝ Սեթի, նա՝ Ադամի, նա՝ Աստծու։

Հիսուս Քրիստոսի աստվածային ծագման բացատրություններից հետո, սկսում են Նրա մարդկային ծագման բացատրությունները: Մատթեոսը, դեռևս Հիսուսի պատմությունը չմատուցած, ներկայացնում է Նրա ազգաբանությունը, որպեսզի հաստատի, թե Աբրահամի զավակից և Դավթի ցեղից եկող Մեսիան Նա´ է, և այս պատճառով Աբրահամից մինչև Հիսուս ծնունդների մի շարք է առաջ բերում, որտեղ հորից որդուն անցնելով՝ հասնում է մինչև Հիսուս Քրիստոս:

Ազգաբանության մի ցուցակ ունի նաև Ղուկասը՝ տարբեր ձևով կազմված, որովհետև Հիսուսից սկսելով դեպի ետ է գնում և որդուց հորը անցնելով հասնում է մինչև Աբրահամ, իսկ այդտեղից էլ գնում է մինչև Ադամ՝ նպատակ ունենալով ցույց տալ, թե Հիսուս Քրիստոս ճշմարիտ մարդ է՝ Ադամի սերունդից:

Որքան էլ մենք նպատակ ունենք հետևել լոկ պատմական և ոչ թե քննադատական ոճին, սակայն կարևոր ենք համարում երկու ազգաբանությունների բաղդատելը, որովհետև այն ըստ էության մի պատմական բովանդակություն է, ամբողջացնողն է Հիսուսի պատմության: Արդ՝ թեպետև Մատթեոսն ու Ղուկասը հակառակ ուղղությամբ են քայլում՝ մեկը դեպի վերև, մյուսը դեպի ներքև, մենք Ղուկասի ցանկն էլ Մատթեոսի նման կվերածենք դեպի ներքև և նախապես երկու ցուցակները դեմ դիմաց շարելուց հետո կտանք անհրաժեշտ բացատրությունները տարբերությունների վերաբերյալ:

6. ՀՈՎՍԵՓԻ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ (ՀԱՄԱՊԱՏՈՒՄ)

Նախորդ գլուխը՝

ՄԱՏԹԵՈՍ 1։18-25
18 Հիսուս Քրիստոսի ծնունդն այսպես եղավ։ Նրա մայրը՝ Մարիամը, նշանված էր Հովսեփի հետ։ Նախքան նրանց մերձենալը Մարիամը հղիացավ Սուրբ Հոգուց։ 
19 Հովսեփը՝ նրա ամուսինը, քանի որ արդար էր և չէր կամենում նրան խայտառակել, մտածեց լռելյայն արձակել նրան։ 
20 Մինչ նա այս մասին էր մտորում, ահա Տիրոջ հրեշտակը երազի մեջ երևաց նրան և ասաց. «Հովսե՛փ, Դավթի՛ որդի, մի՛ վախեցիր քեզ մոտ վերցնելու Մարիամին՝ քո կնոջը, որովհետև նրա մեջ ծնունդ առածը Սուրբ Հոգուց է։ 
21 Նա մի որդի պիտի ծնի, և նրա անունը Հիսուս պիտի դնես, որովհետև նա իր ժողովրդին պիտի փրկի իր մեղքերից»։
22 Այս ամենը եղավ, որպեսզի իրականանար Տիրոջ կողմից Եսայի մարգարեի միջոցով ասվածը.
23 «Ահա կույսը կհղիանա և որդի կծնի, և նրան կկոչեն Էմմանուել», որ նշանակում է «Աստված մեզ հետ»։
24 Հովսեփը, քնից արթնանալով, արեց այնպես, ինչպես Տիրոջ հրեշտակը հրամայել էր իրեն, և իր մոտ առավ իր կնոջը, 
25 բայց նրա հետ չհարաբերվեց, մինչև Մարիամը ծնեց իր անդրանիկ որդուն, որի անունը Հիսուս դրեց։

Մարիամը միայն ավետման ժամանակ է կոչվել Հովսեփի խոսեցյալը (նշանած) (Ղուկ. 1։27), իսկ Հիսուսի ծնունդից առաջ կոչվել է Հովսեփի կինը (Մատթ. 1։20), որը ցույց է տալիս, թե նույն ժամանակահատվածում է տեղի ունեցել Հովսեփի ու Մարիամի օրինական ամուսնությունը: Մարիամն ավետումից անմիջապես հետո գնաց Քեբրոն, իսկ Նազարեթ վերադառնալուց մինչև Հիսուսի ծնունդը ևս վեց ամիս տևեց, և պետք է ճիշտ այս ժամանակամիջոցում էլ դնել ամուսնության օրինական արարողությունը: Մարիամի Քեբրոնից վերադառնալուց և ամուսնության օրհնությունից հետո այլևս նրա հղի լինելը պետք է երևար, ինչը որ Հովսեփի մտքի շփոթման պատճառ հանդիսացավ: Բայց Հովսեփը ուղղամիտ մարդ էր. իր համար դժվար էր կնոջ պատվին դիպչելը և լավագույնն էր առանց ձայնի ու աղմուկի բաժանվել նրանից: Ավետարանիչը արձակել նրան բացատրությունն է օգտագործում, որը օրինավոր կնոջը ապահարզան տալ է նշանակում, քան թե պարզ մի նշանվածի բաժանումը: Եվ այս հիմք ընդունելով էր, որ ասացինք, թե նախ օրինավոր ամուսնությունը կատարվեց, ապա Հովսեփն իմացավ Մարիամի հղի վիճակի մասին: Անշուշտ հրաշքով հղության բացատրության մասին խոսվեց այդ երկուսի միջև, և իհարկե այդ պարագան Մարիամի ծնողներից գաղտնի չէր կարող մնալ, բայց Հովսեփը դեռևս մտմտուքից զերծ չէր: Աստվածային այցելությունը ցանկացավ բարի և արդար Հովսեփին այդ մտային տագնապից փրկել: Եվ հրեշտակը, անշուշտ նորից Գաբրիելը, այս անգամ Հովսեփին հայտնվեց, Մարիամին պատահած հայտնությունները նաև Հովսեփին հաղորդեց, բացատրեց սքանչելակերպ հղությունը, ծնվող որդու ով լինելը և մարդկության փրկագործության խորհուրդը: Հովսեփի միտքը լուսավորվեց և սիրտը հանդարտվեց, կնոջն արձակելու մտածումը իրենից հեռացրեց, Մարիամին պահեց որպես օրինավոր կին, բայց նրա կուսությունը հարգեց և կույս մոր ու կուսածին որդու պաշտպանը եղավ, իսկ մարդկանց կողմից որպես Մարիամի ամուսին և Հիսուսի հայր ճանաչվեց: Ավետարանում Հիսուսի մասին Մարիամի անդրանիկը կոչվելուց (Մատթ. 1։25) եզրակացնողներ եղան, որ Հիսուսի ծնունդից հետո Հովսեփից ու Մարիամից ուրիշ զավակներ էլ ծնվեցին, և թե սրանք Տյառնեղբայր կոչված չորս եղբայրներն են՝ Հակոբը, Հովսեսը, Սիմոնը և Հուդան (Մատթ. 13։55): Բայց սա ընդունելի կարծիք չէ և տյառնեղբայրների մասին իր տեղում պիտի խոսենք: Մոր առաջնեկը կոչվելու համար, սկզբից ևեթ ուրիշ զավակ չունեցած լինելը բավական է և անհրաժեշտ չէ երկրորդ զավակի ծնվելուն սպասել:

Մատթեոսն իր սովորության համաձայն, երբ ուզում է ապացուցել բոլոր մեսիական մարգարեությունների Քրիստոսի վերաբերյալ կատարված լինելը, այդ դեպքում հիշատակում է «Ահա կույսը պիտի հղիանա ու որդի ծնի» մարգարեությունը (Ես. 7։14): Մենք բավարարվում ենք մարգարեությունները հիշել, իսկ դրանք մեկնելու և հաստատելու գործը Ավետարանի մեկնիչներին է պատկանում:

Հաջորդ գլուխը՝