9.12.20

12. ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ (ՀԱՄԱՊԱՏՈՒՄ)

Նախորդ գլուխը՝
11. ՀԻՍՈՒՍԻ ԾՆՈՒՆԴԸ

ՄԱՏԹԵՈՍ 1։25
25 Բայց նրա հետ չհարաբերվեց, մինչեւ Մարիամը ծնեց իր անդրանիկ որդուն եւ նրա անունը դրեց Հիսուս:

Ավետարանում բնավ նշված չէ, թե Հիսուս որ տարին և որ ամսին ծնվեց, և ոչ էլ ամսվա կամ շաբաթվա օրը, այսուհանդերձ քրիստոնյաների միջև Հիսուսի ծննդյան օրվա շուրջ վիճաբանություններ եղել են, և ավելի շատ այդ վեճը լինում է մեր Հայ եկեղեցու հետ, որովհետև եթե Լատինները, Հույները և Ասորիները ծնունդը տոնում են դեկտեմբերի 25-ին և Աստվածահայտնությունը` հունվարի 6-ին, ապա մենք հունվարի 6-ին կատարում ենք Աստվածահայտնության տոնը, ընդգրկելով նրա մեջ նաև ծնունդը:

Շնորհալին Ալեքս իշխանին ներկայացրած «Հաւատոյ» գրի մեջ ձգտում է նույնիսկ Ավետարանով հաստատել` թե Հիսուս ծնվեց հունվարի 6-ին և ոչ թե դեկտեմբերի 25-ին, և ահա իր պատճառաբանությունը. Զաքարիա քահանայապետը Քավության տոնի առթիվ մտել էր տաճար խնկարկելու, որ համապատասխանում է հրեաների Թշրինի 10-ին, իսկ մեր` սեպտեմբերի 27-ին:

Զաքարիան տաճարից տուն չվերադարձած ավարտեց պաշտամունքի տասներկու օրերը, որոնք էին Քավության տոնի հինգ և Տաղավարաց տոնի յոթ օրերը: Ուրեմն` Եղիսաբեթի հղությունը եղավ հրեական Թշրինի 22-ին, իսկ մեր` հոկտեմբերի 9-ին: Իսկ Մարիամը ավետումը եղավ վեց ամիս հետո` ապրիլի 7-ին, և ծնունդը` հունվարի 6-ին:

Սակայն մենք չենք կարող պնդել վերոհիշյալ հաշվարկի ստուգությունը, քանի որ գլխավոր ենթադրությունն այն է, որ Զաքարիային ընդունում էր իբրև մեծ քահանայապետ, որին հատուկ է Քավության օրերին տաճարի մեջ պաշտոնավարելը, այնինչ, ըստ ավետարանի Զաքարիան պարզ քահանա էր` Աբիայի դասակարգից, և ոչ թե ավետարանի մեջ խմբով հիշատակված քահանայապետերի կարգից, որոնք լոկ դասակարգերի ավագ քահանաներն էին: Շնորհալու հաշիվների վերաբերյալ հիմնական ենթադրությունը` դժվարության դեպքում այն ավետարանով հաստատելը, թերևս դժվար կլինի պնդել, մանավանդ, որ Թշրինը լուսնային ամիս է և չի համապատասխանում ամեն տարվա արեգակնային ամսվա նույն օրվան:

Նույնիսկ ավետարանի «Վեցերորդ ամսին» խոսքը ճշտությամբ օր օրի վեց ամիս հասկանալն ավանդական իմաստ ունի, եթե ոչ` վեցերորդ ամսվա մեջ կհասկացվի, և ոչ թե վեցերորդ ամիսը լրացած օրը: Ավետարանիչը չունի ճշգրիտ օրերով խոսելու ոճը, ինչպես, օրինակ, Մարիամի այցելության ժամանակի վերաբերյալ, «գրեթե երեք ամիս» մոտավոր չափով է բացատրում և ոչ թե ճիշտ ամիսների թվով:

Հիսուսի տարիքի մասին էլ գրում է. «շուրջ երեսուն տարեկան էր», և ինչքան էլ Շնորհալին այն բացատրում է «Էր ամաց իբրև երեսնից սկսեալ ի ծննդենէ անտի» («Շուրջ երեսուն տարեկան էր իր ծնունդից սկսած» /Սրկ./), այնուամենայնիվ, ավետարանչի խոսքի` մոտավոր չափով գրված լինելը հայտնի է:

Հիսուսի ծննդյան տոնի առաջին դարում եկեղեցում չի կատարվել, և հազիվ սկսել է տոնվել երկրորդ դարում, իբրև երկրորդ քրիստոնեական տոն: Առաջինը Հարության տոնն էր, որ կատարվելով հրեական զատկի օրերին, հրեական զատիկը փոխարինեց քրիստոնեականով, և հրեական զատկի նման լուսնային հաշվով էր կատարվում, միացած` իրեն նախորդող չարչարանքների և հաջորդող Պենտեկոստեի (Հոգեգալստյան) օրերին: Իսկ երկրորդ տոնը պարունակում էր Քրիստոսի կյանքի առաջին տնօրինությունները, որոնց մեջ Քրիստոս հայտնվեց իբրև Օծյալ և Փրկիչ, ինչպես նաև Ավետումից մինչև մկրտություն և մինչև Կարապետի տված վկայությունները: Այս բոլորը «Աստվածահայտնություն» անվան ներքո մեկ տոն եղան. և հունվարի 6-ին նշվեցին, ոչ թե որևէ ավետարանական ժամանակագրության հետևելով, այլ պարզապես փոխանակելով նույն օրը կատարվող հեթանոսական տոնին: Ժամանակի ընթացքում Ավետումը և քառասնօրյա գալուստը զատվեցին, և հաշվելով դրվեցին հունվարի 6-ից ինն ամիս առաջ և քառասուն օրեր հետո:

Իսկ դեկտեմբերի 25-ը ավելի ցայտուն մեջտեղ ելավ, երբ Երուսաղեմում Բեթղեհեմի ուխտագնացությունը Հորդանանի ուխտագնացությունից առանձնացնելու անհրաժեշտություն առաջացավ, ինչպես նույն ինքը` Ոսկեբերան Հայրապետը  վկայում է, որ իր օրերից սկսած նորամուտ կարգադրություն է հունվարի 6-ի և դեկտեմբերի 25-ի բաժանումը:

Մեր նպատակը չէ խորամուխ լինել ծիսական խնդիրների մեջ, այլ բավական ենք համարում ասել, որ ավետարանը բոլորովին փաստ չի տալիս ծննդյան օրվա մասին, թե´ հունվարի 6-ի և թե´ դեկտեմբերի 25-ի խնդիրը պարզ պատահական ծագում ունի, իսկ հունվարի 6-ի տարբերակը ավելի նախնական է և հնավանդ: Այսուհանդերձ մենք էլ, գոնե իբրև ավանդական հիշատակ, սիրում ենք պահել Հռոմի 750 թվականի հունվարի 6-ը, որպես Հիսուսի ծննդյան թվական, և ըստ այնմ կազմել Հիսուսի կյանքի ժամանակագրությունը: Պետք չէ նաև մոռանալ, որ Հովսեփի և Մարիամի`  Նազարեթից ճամփորդելու պարագան, ոչխարների և հովիվների բացօթյա գիշերելու հիշատակությունը ցույց են տալիս այն հավանականությունը, որ դրանք տեղի են ունեցել հունվարի սկզբից կամ դեկտեմբերի վերջից տարբեր, մեղմ և գարնանային եղանակով ամսվա մեջ: Եվ իրոք ամենահին ժամանակներում առկա` ապրիլի կամ մայիսի մեջ Ծննդյան տոնը կատարելու հիշատակությունը նույնպես այդ տեսությունն են հաստատում: Զաքարիայի ավետման պատմական պարագան` քավության տոնի հետ կապելու անհրաժեշտությունն էլ արդեն իսկ ավետարանից չի հետևում:

0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...