Showing posts with label Արարչագործություն. Show all posts
Showing posts with label Արարչագործություն. Show all posts

11.1.14

ԱՐԱՐԻՉ ԱՍՏՎԱԾ - Մեկնություն ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ աղոթքի

Հաւատով խոստովանիմ եւ երկիրպագանեմ քեզ, Հայր եւ Որդի եւ Սուրբ Հոգի, անեղ եւ անմահ բնութիւն, արարիչ հրեշտակաց եւ մարդկան եւ ամենայն եղելոց. ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: 

Հավատով խոստովանում և երկրպագում եմ Քեզ` Հա՛յր և Որդի՛ և Սո՛ւրբ Հոգի, անստեղծ և անմա՛հ բնություն, հրեշտակների, մարդկանց և բոլոր եղածների՛ Արարիչ, ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 


Արարիչ հրեշտակների և մարդկանց և բոլոր եղածների։ Արարիչ լինելը Աստվածային բնության մյուս կարևորագույն ստորոգելին է։ Առաջին երկու ածականները՝ անստեղծ և անմահ, հատկանշում են Աստծո գոյյական հանգամանքը, իսկ Արարիչը՝ Նրա ուժական և գործող հանգամանքը։ Առաջին երկու ածականները հարաբերական են ժամանակին, իսկ Արարիչը՝ միջոցին, որի մեջ գոյություն ունեն, գործում և բարեշրջվում են եղած բաները։
Աստված նախ հրեշտակների Արարիչն է։ Հրեշտակների ստեղծման մասին պատմված չէ Աստվածաշնչի արարչագործության պատմության մեջ, սակայն նրանց գոյությունն ու գործունեությունը շարունակաբար ակնարկված է Սուրբ Գրքի սկզբից մինչև վերջը, Ծննդոցից մինչև Հայտնություն գիրքը։ «Հրեշտակ» մեր լեզվի մեջ նշանակում է պատգամ տանող, և իր այս հասարակ իմաստով գործածված է անխտիր՝ իբրև պատգամավոր՝ ուղարկված թե՛ մարդկանց համար և թե ՛ հոգեղեն էակների։ Հրեշտակ բառի այս իմատը ճշտում է նրանց դերը և դիրքը արարչագործության մեջ։ Արդարև, հրեշտակները Աստծո սուրհանդակներն են, որոնք ուղարկվում են Նրա հրամանները և կամքը գործադրելու համար, ինչպես և հաստատում է Եբրայեցիների թղթի հեղինակը։ «Հրեշտակները,- ասում է նա,- սպասարկող հոգիներ են, որոնք ուղարկվում են ի սպասավորությունը նրանց, որոնք փրկությունը պիտի ժառանգեն» (1:14)։ Եվ արդարև, բազում տեղեր կան, թե՛ Հին, թե՛ Նոր կտակարանների մեջ, ուր հրեշտակները ուղարկվում են սպասավորելու համար Աստծո ընտրյալ ժողովրդին՝ թե՛ հին, թե՛ նոր եկեղեցու մեջ, ինչպես նաև Աստծո ընտրյալ մարդկանց՝ թե՛ հին և թե նոր Ուխտի մեջ։ Հրեշտակները երևացին և օգնեցին Աբրահամին և Մովսեսին, Ս.Կույսին և մինչև իսկ Հիսուսին, Պետրոսին և Պողոսին ու դեռ ուրիշ շատերին։
Հրեշտակների բնության մասին մեր իմացածն այն է, որ նրանք հոգեղեն էակներ են, մարդկանց նման օժտված՝ բանականությամբ և ազատ կամքով, և հետևաբար, նրանք լոկ ուժեր չեն, այլ ՝անձնավոր էակներ։