ՂՈՒԿԱՍ 1։1-4
1 Քանի որ շատերը ձեռնարկեցին վերաշարադրել մեզանում իրականացած դեպքերի պատմությունը,
2 ինչպես մեզ ավանդեցին նրանք, որ սկզբից Խոսքի ականատեսներն ու սպասավորները եղան,
3 ես էլ, որ սկզբից ամենայն ճշմարտությամբ հետամուտ եղա ամեն բանի, կամեցա կարգով շարադրել քեզ համար, ո՛վ գերազանցդ Թեոփիլոս,
4 որպեսզի ճանաչես ճշմարտությունն այն խոսքերի, որոնց աշակերտեցիր։
Ամեն գրքի հեղինակ սկզբում ազդարարություն դնելու սովորություն ունի, որտեղ բացատրում է, թե ի՛նչ նպատակով, ի՛նչ միջոցներով և ի՛նչ ուղղվածությամբ է գրել գիրքը: Ավետարանիչներից միայն Ղուկասն ունի այդպիսի առաջաբան: Հին հեղինակների սովորության համաձայն, նա իր անունը չի հիշատակում, սակայն վկայում է. «սկզբից ամենայն ճշմարտությամբ հետամուտ եղա ամեն բանի»: Այսինքն, ինքը սկզբից ևեթ հետևել է Քրիստոսին` իր տեսածը և իմացածը գրի առնելով: Համաձայն ընդհանուր կարծիքի, Ղուկասն Անտիոքում ուսանած մի հրեա էր, բժիշկ ու նկարիչ, որը, վերադառնալով Երուսաղեմ, հետևել էր Քրիստոսին և դարձել յոթանասուներկու աշակերտներից մեկը: Նա հիշատակում է, որ ուրիշները ևս, իրենից առաջ, գրել են Քրիստոսի պատմությունը, իսկ ինքը, բացի իր իմացածից, նաև լսել ու հավաքել և ի մի է բերել Քրիստոսի առաքյալներին վերաբերող ավանդությունները, որոնք «սկզբից Խոսքի ականատեսներն ու սպասավորները եղան»: Սակայն, ինքը հատուկ մտադրությամբ ուզում է ամեն ինչ «կարգով շարադրել»: Այսինքն` թե՛ նախնական գրվածքները, և թե իր իմացածներն ու լսածներն ամփոփելով, կամենում է կանոնավոր մի պատմություն կազմել: Կարծես թե Ղուկասը նույնպես մտադիր է եղել մեր ծրագրած ձևով մի «ՀԱՄԱՊԱՏՈՒՄ» կազմել:
Ղուկասն իր Ավետարանն ուղղում է Թեոփիլե անունով մեկին, որը հետագայում աշակերտել է Քրիստոսի ճշմարիտ վարդապետությանը: Թեոփիլեն հունարեն բառ է և թարգմանվում է Աստվածասեր: Շատերը կարծեցին թե Ավետարանիչն իր խոսքն ընդհանրապես ուղղում է բոլոր նորադարձ քրիստոնյաներին: Սակայն «գերազանցդ Թեոփիլե» (Օրմանյանի մոտ՝ «Քաջ Թեոփիլե» /Սրկ./) կոչումն ավելին է ասում: «Քաջ» ածականը գործածվում է քաջատոհմիկ կամ ազնվական իմաստով, որ մատնացույց է անում յուրահատուկ, որոշակի և պատվավոր մի անձնավորության: Այս ենթադրությունն է՛լ ավելի կզորանար, եթե Նոր Կտակարանի որևէ հատվածում այդ անունով մեկը հիշված լիներ: Սակայն, այդպիսի բան չկա: Միայն ավանդություննն է, որ մեզ ծանոթացնում է Կեսարիայի կապադովկիացիների առաջին և առաքելաշավիղ եպիսկոպոս Թեոփիլոսի հետ: Ենթադրվում է, թե նա Անտիոքում բժշկապետ էր ու Ղուկասի ուսուցիչն էր, ում շնորհիվ էլ քրիստոնեություն էր ընդունել: Ղուկասը նույն Թեոփիլեին է նվիրում նաև իր երկրորդ գրվածքը, այսինքն` Գործք Առաքելոցը (Գործք 1։1), սակայն, այստեղից ևս հնարավոր չէ որևէ ստույգ և որոշակի տեղեկություն քաղել Թեոփիլեի ինքնության մասին:
Նոր Կտակարանի պատմությունից հայտնի է, որ Ղուկասը եղել է Պողոս առաքյալի հավատարիմ և անբաժան գործակիցը, այնպես որ մյուս գործակիցների ու աշակերտների հեռանալուց հետո էլ Ղուկասը մնացել է Պողոսի մոտ (2 Տիմ. 4։10-11): Ավանդությամբ պատմվում է, որ Ղուկասն իր Ավետարանը գրել է Պողոսի հրամանով և Պողոսի համար, ինչպես և վկայում է Նախաբանը: Նույն ինքը` Պողոսը, հիշատակում է, թե Ղուկասի «համբավը Ավետարանի քարոզչության գործում ծանոթ է բոլոր եկեղեցիներին» (2 Կորն. 8։18): Շատ մեկնիչներ Պողոսի «իմ Ավետարանը» (1 Կորնթ. 15։1) խոսքի տակ նույն Ղուկասի Ավետարանն են հասկանում: Մյուս կողմից էլ գիտենք, որ Պողոսը, լինելով հռոմեական քաղաքացի, ուսյալ և պատվավոր անձնավորություն էր և իրավամբ կարող էր «քաջ» պատվանունով հիշվել: Արդյոք ճիշտ չի՞ լինի կարծել, թե Թեոփիլեն հենց ինքը` Պողոսն է: Իմանալով, որ Ղուկասը յոթանասուներկուսից մեկն էր, Պողոսն իրոք, նրանից հետո, աշակերտած կլինի ճշմարտությանը: Մեր կարծիքն առավել համոզիչ կդառնար, եթե Գործք Առաքելոցն ավելի հստակ ակնարկեր այդ մասին: Առայժմ, կարծիքներից մեկն էլ սա է, որ հայտնում ենք առանց պնդելու:
Հաջորդ գլուխը՝
0 արտահայտվիր:
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: