31.3.17

ՈՐՊԵՍԶԻ ԼԱՎ ԼԻՆԻ - ՄԵԾ ՊԱՀՔ (օր 33)

Այսօրվա Աստվածաշնչյան ընթերցումներն են՝ Բ Օր. 10։1-15, Հոբ 19։1-29Ես. 45։1-13,  որ  կարող ենք կարդալ այստեղ:


Այսօրվա խորհրդածությունը, սիրելիներս, կարծես մի տեսակ ամփոփումը լինի այն բոլոր խորհրդածությունների, որ ունեցել ենք մենք մինչև այսօր։ Ի մասնավորի Ելից գրքում Տերն ասում է Մովսեսին.

«Արդ, Իսրայէ՛լ, ի՞նչ է պահանջում քեզնից քո Տէր Աստուածը. միայն այն, որ երկնչես քո Տէր Աստծուց, ընթանաս նրա ցոյց տուած ճանապարհներով, սիրես նրան ու պաշտես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ էութեամբ, պահես քո Տէր Աստծոյ պատուիրաններն ու նրա օրէնքները, որ ես այսօր պատգամում եմ քեզ, որպէսզի քեզ համար լաւ լինի» (Բ Օր. 10։12-13)։

Անշուշտ դիմելով իր ընտրյալ Իսրայելի ժողովրդին՝ այսօր Աստված մեզ էլ է դիմում որպես նոր ընտրյալների և այն, ինչ Աստված հորդորում է ունենալ` ճիշտ աստվածպաշտությամբ ապրելու համար Աստծո արդարադատությունից մեղավորի երկնչումն է, և չարի ճանապարհը թողած Աստծո պատվիրանների ճանապարհով քայլելն է։ Այս ամենը մեկ աղբյուրից պիտի բխեն, դրանք արդյունքը պիտի է լինեն Աստծո հանդեպ մեր սիրո։ 


Տէր Հիսուս Ավետարանի մեջ՝ որպես ամենամեծ պատվիրան մեջբերում է հենց այս օրենքը` «Վարդապե՛տ, Օրէնքի մէջ ո՞ր պատուիրանն է մեծ»։ Եւ Յիսուս նրան ասաց. «Պիտի սիրես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով։ Այս է մեծը եւ առաջին պատուիրանը. եւ երկրորդը սրա նման է. պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս քո անձը։ Այս երկու պատուիրաններից են կախուած ամբողջ Օրէնքը եւ մարգարէները» (Մատթ. 22։36-40)։

Աստծո ուզածը մեր կատարելությունն է սիրելիներ, սուրբ սիրտն ու խոնարհ հոգին Աստված չի արհամարհում (Սաղմոս 50), այլ ուզում է որպեսզի մեզ համար ամեն բան լավ լինի։


Եկեք այսօր աղոթենք Սուրբ Շնորհալու «Հավատով խոստովանիմ»-ի 9-րդ աղոթքով (Աղոթքն ամբողջական գրաբար կամ աշխարհաբար կարող եք գտնել մեր այս աղոթագրքի մեջ (սեղմեք հղման վրա)։

Ամենախնա՛մ Տեր, 
Քո սուրբ երկյուղը պահապան դի՛ր աչքերիս` այլևս անպատկառ չնայելու, 
ականջներիս՝ չախորժելու լսել չար խոսքեր,
 բերանիս՝ սուտ չխոսելու,
սրտիս՝ չարը չխորհելու, 
ձեռքերիս՝ անիրավություն չգործելու, 
և ոտքերիս՝ անորենության ճանապարհով չգնալու, 
այլ ուղղի՛ր սրանց ընթացքը` միշտ լինելու ըստ Քո պատվիրանների. 
և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 

Օրհնվեք...

0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...