3.12.19

- ԵՍԱՎ - ՅՈԹ ՉԱՓԻ՛Ր, ՄԵԿ ԿՏՐԻ՛Ր


Իսահակը և Ռեբեկան իրենց աղոթքներին ի պատասխան երկվորյակ զավակներ ունեցան։ Նախ ծնվեց Եսավը, ապա՝ Հակոբը (Ծննդ. 25:24-25)։ Եսավը տակավին երիտասարդական տարիքից աչքի էր ընկնում իր ուժով ու քաջությամբ և շատ հաջող որսորդ էր։ Նա վայելում էր սերը իր հոր՝ Իսահակի, որը և Եսավին էր խոստացել տալ «անդրանկության» պատիվը (Ծննդ. 25:24-28)։ Ստանալ անդրանիկ լինելու օրհնությունը՝ նշանակում էր լինել տոհմի առաջնորդը, ստանալ հայրական ժառանգության մեծագույն մասը և վայելել Աստուծո օրհնությունները։ Կյանքի մի փոքրիկ անհեռատես դիպված, սակայն, երիտասարդ Եսավին զրկեց այս ամենից և դարձավ նրա ձախողման ու անկման սկիզբը.
«Հակոբը մի անգամ ապուր էր եփել, երբ Եսավը դաշտից եկավ քաղցից թուլացած: Եսավն ասաց Հակոբին. «Այդ կարմրավուն ապուրից տուր ուտեմ, որովհետև քաղցից թուլացած եմ»: Հակոբն ասաց Եսավին. «Կտամ, եթե այսօր ինձ վաճառես քո անդրանկությունը»: Եսավը պատասխանեց. «Ես մեռնելու վրա եմ, էլ ինչի՞ս է պետք անդրանկությունը»: Հակոբն ասաց նրան. «Հենց այսօր երդվի՛ր ինձ»: Եվ նա երդվեց նրան: Եսավն իր անդրանկությունը վաճառեց Հակոբին, իսկ Հակոբը Եսավին տվեց հաց ու ոսպապուր: Սա կերավ, խմեց ու վեր կացավ գնաց: Այսպիսով Եսավն արհամարհեց իր անդրանկությունը» (Ծննդ. 25:29-34)։


Ինչպե՞ս կարող ենք բնորոշել Եսավի վարվելակերպը. մարդ, որն ընտրում է անկարևորը՝ կորցնելով ամենաէականն ու կարևորը։ Այս երևույթն այսօր էլ երիտասարդների կյանքում կարող է ի հայտ գալ։ Օրինակ՝ աշխատանքային պայմաններում, երբ հաճախ լավ վարձատրվող աշխատանքի դիմաց ստիպված ենք լինում կատարել ոչ արդար գործ։ Մենք կարող ենք Եսավին նմանվել մեր անձնական ընտանեկան կյանքում, երբ օրինակ՝ կողակիցները գերադասում են իրենց հաճելի ժամանցը (ֆուտբոլ, սերիալներ, ընկերական շրջապատ, համացանցային սավառնում), ընտանիքի հետ անցկացրած ժամանակից։ Մեր հոգևոր կյանքում նույնպես հաճախ կարող ենք բախվել այս փորձությանը, երբ մարմնական տկարությանը կամ աշխարհային կրքերին տեղի տալով կարող ենք ընտրել հոգու համար վնասակարը և ինքներս մեզ զրկել Աստծո օրհնություններից։

Նմանատիպ դրսևորումները, առավելաբար, արդյունք են մեր չկշռադատված որոշումների, որոնք երբեմն կայացվում են վայրկենական ազդեցության տակ։ Դրանք նաև ազդակներ են մեզ համար՝ հասկանալու, որ մեր հոգևոր կյանքում իրական արժեքների և սրբությունների նահանջ է տեղի ունենում։ Եթե Հակոբի առաջարկին ընդառաջ Եսավը մի քիչ կշռադատված մտածեր, վստահաբար պիտի գար այն գիտակցության, որ մեկ աման ապուրը ոչինչ է իր անդրանկությունը, պատիվը և աստվածային օրհնությունները վաճառելու համար… Ավա՜ղ, ստանալով վայրկյանական ցանկալի արդյունք, մենք ցավալիորեն կարող ենք կորցնել ավելի կարևոր բաներ՝ լինեն դրանք նյութական, բարոյական և կամ հոգևոր։ Որպես հոգևոր երիտասարդներ, մենք պետք է մշտապես զգոն լինենք, կշռենք մեր արարքների հետևանքները, կշռադատելով քննենք, թե արդյոք դրանք իրենց վերջնական արդյունքում մեզ դեպի անհաջողություն և մե՞ղք են տանում, թե դեպի ձեռքբերումներ և օրհնություններ։ Ինչպես ժողովուրդն է ասում. «Յոթ չափի՛ր և մեկ կտրի՛ր»։ Եսավի պես արհամարհելով «անդրանկությունդ», սիրելի՛ս, միմիայն ժամանակավոր ու առերևույթ օգտակարություն կկարողանաս քաղել։ Դրա համար որոշումներիդ մեջ եղիր իմաստուն, ավելի կշռադատված, ընտրելու բարին և օգտակարը ու ապրելու Աստծո կամքի մեջ, քայլելու Աստծո ճշմարտության ճամփաներով։

«Այս աշխարհի կերպարանքով մի՛ կերպարանվեք, այլ նորոգվեցէ՛ք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննէք լավը, և թե ի՛նչ է Աստծու կամքը՝ բարին և հաճելին և կատարյալը» (Հռոմ. 12:2)։

ՄՏՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
  • Պատկերացրու ունես մի կշեռք, որը կարող է կշռել արարքներդ և որոշումներդ։ Դրա մի նժարին դիր այն ինչ ժամանցային է, անցողիկ, թեթևամիտ և ոչ էական քո ներկայի և ապագայի համար։ Հաշվարկիր թե որքան ժամանակ և միջոց ես ծախսում դրանց վրա ամեն ամիս: Մյուս նժարին թող լինի այն ամենը, ինչ կարևոր է կյանքիդ և ապագայիդ համար՝ ուսում, ընտանիք, աշխատանք, հավատք և հոգևոր առաջընթաց։ Այժմ համեմատիր, թե որքան ժամանակ և միջոց ես ծախսում այս երևույթների վրա: Ո՞ր նժարը եղավ ավելի ծանրակշիռ։ 
  • Որքանո՞վ ես կշռադատված դատողություններիդ և որոշումներիդ մեջ։ 
  • Արդյոք ժամանակդ  և միջոցներդ արդյունավե՞տ ես տնօրինում կարևոր նպատակներին հասնելու համար:
Փորձի՛ր ինքդ քեզ համար անկեղծորեն գտնել այս հարցերի պատասխանները։ 

Հաջորդ նյութը՝ ՀԱԿՈԲ - ՄԻ՛ ՀԱՆՁՆՎԻՐ

0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...