Showing posts with label Հակոբ. Show all posts
Showing posts with label Հակոբ. Show all posts

6.12.19

- ՀԱԿՈԲ - ՄԻ՛ ՀԱՆՁՆՎԻՐ


Իսահակը և Իր կյանքի մայրամուտին Եսավի և Հակոբի հայր Իսահակը, որ արդեն տկարացել և զրկվել էր տեսողությունից, կանչեց իր ավագ որդուն Եսավին և ասաց. «Ահա ես ծերացել եմ և չգիտեմ, թե երբ կմեռնեմ: Արդ, ա՛ռ քո զենքը՝ աղեղն ու կապարճը, գնա՛ դաշտ և ինձ համար ո՛րս արա, ինձ համար պատրաստի՛ր իմ սիրած խորտիկները և բե՛ր, մատուցի՛ր ինձ, որ ուտեմ և օրհնեմ քեզ, քանի դեռ կենդանի եմ» (Ծննդ. 27:2-4): Հակոբը, իմանալով այդ, մոր՝ Ռեբեկայի խորհրդով խորամանկորեն ներկայացավ հորը որպես Եսավ, և ինքը ստացավ փափագելի օրհնությունը։ Վախենալով, որ այդ մասին իմանալով եղբայրը իրեն կսպանի, Հակոբը փախավ Միջագետք, ուր հաստատվեց իր ազգական Լաբանի տանը։ Աստեղ նա սիրահարվեց Լաբանի կրտսեր դստերը՝ գեղեցկուհի Ռաքելին և նրան կնության առնելու դիմաց հանձն առավ 7 տարի որպես հովիվ ծառայել իր ապագա աներոջը։ Բարեխիղճ, նպատակասլաց ծառայությունից հետո ամուսնական գիշերը Հակոբը, կարծելով, թե կողակիցը Ռաքելն է, կենակցեց նրա քրոջ՝ Լիայի հետ (Միջագետքի ավանդությամբ ընտանիքում առաջինը պետք է ամուսնանար ավագ քույրը)։ Խաբվելով հանդերձ՝ Հակոբը ետ չկանգնեց իր նպատակից և հանուն Ռաքելի պատրաստակամություն հայտնեց ևս 7 տարի ծառայել Լաբանին։ Աստծո օրհնությամբ նրան այս էլ հաջողվեց և այս ընթացքում երիտասարդն իր աշխատասիրության և նպատակասլացության շնորհիվ մեծ հարստություն ստեղծեց՝ այլևս որևէ կախվածություն չունենալով Լաբանից (Ծննդ. 29, 30 գլուխներ)։

Ուշադրություն դարձնենք այս երիտասարդի բնավորությանը. նա երբեք չի հանձնվում։ Նա առանց ընկճվելու շրջանցում կամ լուծում է իր առջև ծառացած խնդիրները և միշտ շարժվում է առաջ՝ դեպի նպատակը։ Քանի՞ երիտասարդ է այսօր պատրաստ տասնչորս տարի շարունակ սպասել ու պայքարել իր նպատակի համար։ Կարծեմ՝ քչերը։ Հակոբի անկոտրում համառությունը լավագույն օրինակ է մեզ մեր բարի նպատակների իրականացման ճանապարհին։

3.12.19

- ԵՍԱՎ - ՅՈԹ ՉԱՓԻ՛Ր, ՄԵԿ ԿՏՐԻ՛Ր


Իսահակը և Ռեբեկան իրենց աղոթքներին ի պատասխան երկվորյակ զավակներ ունեցան։ Նախ ծնվեց Եսավը, ապա՝ Հակոբը (Ծննդ. 25:24-25)։ Եսավը տակավին երիտասարդական տարիքից աչքի էր ընկնում իր ուժով ու քաջությամբ և շատ հաջող որսորդ էր։ Նա վայելում էր սերը իր հոր՝ Իսահակի, որը և Եսավին էր խոստացել տալ «անդրանկության» պատիվը (Ծննդ. 25:24-28)։ Ստանալ անդրանիկ լինելու օրհնությունը՝ նշանակում էր լինել տոհմի առաջնորդը, ստանալ հայրական ժառանգության մեծագույն մասը և վայելել Աստուծո օրհնությունները։ Կյանքի մի փոքրիկ անհեռատես դիպված, սակայն, երիտասարդ Եսավին զրկեց այս ամենից և դարձավ նրա ձախողման ու անկման սկիզբը.
«Հակոբը մի անգամ ապուր էր եփել, երբ Եսավը դաշտից եկավ քաղցից թուլացած: Եսավն ասաց Հակոբին. «Այդ կարմրավուն ապուրից տուր ուտեմ, որովհետև քաղցից թուլացած եմ»: Հակոբն ասաց Եսավին. «Կտամ, եթե այսօր ինձ վաճառես քո անդրանկությունը»: Եսավը պատասխանեց. «Ես մեռնելու վրա եմ, էլ ինչի՞ս է պետք անդրանկությունը»: Հակոբն ասաց նրան. «Հենց այսօր երդվի՛ր ինձ»: Եվ նա երդվեց նրան: Եսավն իր անդրանկությունը վաճառեց Հակոբին, իսկ Հակոբը Եսավին տվեց հաց ու ոսպապուր: Սա կերավ, խմեց ու վեր կացավ գնաց: Այսպիսով Եսավն արհամարհեց իր անդրանկությունը» (Ծննդ. 25:29-34)։