8.3.19

ՊԱՀՔԻ ԵՐԵՔ ՀԻՄՆԱՍՅՈՒՆԵՐԸ - ՊԱՀՔԻ ՀԱՐՑ 6

Ավարտված համարելով պահքի արտաքին կողմին՝ սննդակարգին, վերաբերող հարցերի պատասխանները, այսօր անդրադառնանք պահքի մեկ այլ շատ կարեւոր երեսին՝ պատասխանելով հետեւյալ հարցին.

- Արդյոք միայն սննդային ժուժկալությանը բավարա՞ր է պահքը պահելու համար։
Պատասխանենք կարճ եւ կոնկրետ.
- Ո՛Չ, Ո՛Չ եւ կրկին Ո՛Չ։

Կենդանական սնունդից հրաժարումը կամ ցանկացած այլ տեսակի ինքնազրկումը քիմքին հաճելի կերակուրներից պահեցողության միայն արտաքին, երեւացող կողմն է։ Եթե դրա ետնաբեմում, ավելին՝ հիմքում, ընկած չէ հոգեւոր պահեցողությունը, ապա սննդակարգի հետեւումը կարող է լինել ամեն ինչ (դիետա, կամքի դրսեւորում, նիհարելու պատրվակ...) բայց ոչ երբեք պահք։ Պահքը, սիրելինե՛ր, առաջնահերթ հոգեւոր երեւոյթ է եւ հոգեւոր ազնիվ ապրումն է, որ մեզ պիտի մղի նաեւ սննդակարգային հետեւողականության։



Որպես քրիստոնյաներ, մենք քաջ գիտակցում ենք, որ մարդը միայն ֆիզիկական գոյություն չէ, այլ նաեւ` հոգեւոր։ Եկեղեցու հայրերն ասում են, որ մարդը բաղկացած է մարմնից, հոգուց եւ մտքից (շունչ)։ Քրիստոնյան պետք է ջանք թափի իր կյանքում միշտ հավասարակշռության մեջ պահելու այս երեք բաղկացուցիչները եւ թույլ չտա, որ մարմնականն ու կենդանականը իշխեն հոգեւորի եւ մտավորի վրա կամ՝ դրանց փոխարեն։ Պահքի նպատակներից մեկն էլ հենց մարդկային հոգեմարմնավոր այս հավասարակշռությանը օգնելն է։ Այս սկզբունքին հավատարիմ՝ մեր պահեցողությունը պետք է հիմնվի 3 ամուր եւ իրար հետ խիստ կապակցված սյուների վրա, որոնք են մարմնական պահքը, հոգեւոր պահքը եւ մտավոր պահքը։

Մինչեւ այսօր բավարար խոսելով մարմնական պահքի մասին (մեր նախորդ գրառումները կարող եք կարդալ այստեղ) հաջորդ գրառումների մեջ կջանանք մեկնաբանել հոգեւոր եւ մտավոր պահքերը իրենց բոլոր երեսներով։ Իսկ եթե ունեք հարցեր, գրեք, մեզ կամ մեկնավանությունների մեջ կամ նամակով։

«Եւ խաղաղութեան Աստուածն ինքը թող սրբացնի ձեզ ամբողջապէս, եւ ձեր ամբողջ հոգին, շունչը եւ մարմինը թող անարատ պահուի մինչեւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի գալուստը» (Ա Թես. 5։23)։ 

Բարի պահեցողական ընթացք։ Շնորհակալ կլինեմ, եթե այս գրառումը տարածեք ձեր էջերում եւ ձեր հարցասիրությամբ օգնեք նախապատրաստել մեր հաջորդ գրառումները։ 

Օրհնվեք... 😇



0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...