24.3.19

ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐ, ՈՐՈՆՑ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ԿԱՐԴԱՑՈՂԸ. 3 ԽՆԴԻՐ եւ 3 ԼՈՒԾՈՒՄ - ՊԱՀՔԻ ՀԱՐՑ 13

Պահքը առանց հոգեւոր ընթերցանության եւ հատկապես առանց Աստվածաշնչի ընթերցանության կաղ է եւ անկատար։ Սակայն սկսնակները, իրավամբ, կարող են առարկել.



- Փորձում ենք կարդալ, բայց հաճախ առաջ են գալիս հանգամանքներ, որոնք խանգարում են այս կարեւոր պայմանը կյանքի կոչելուն. ի՞նչ անել։

Փորձենք քննարկել խոչընդոտները մի քանի տեսանկյուններից.


  1. ԺԱՄԱՆԱԿ ԵՒ ՏՐԱՄԱԴՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ - Ամենահայտնի խոչընդոտներից մեկը Սուրբ Գիրք ընթերցելիս ժամանակ չգտնելն է։ Այն, պետք է ասել, առաջ է գալիս ընթրցանությանը չտրամադրվելուց, որովհետեւ եթե հաշվենք, թե որքան ժամանակ ենք մենք վատնում հեռուստացույց դիտելու, թերթ ու գիրք կարդալու, համացանցում սավառնելու վրա, կհասկանանք, թե որքան ժամանակ կարող էինք տրամադրել Աստծո Խոսքին, բայց...։ Ուրեմն ժամանակը չէ խնդիրը, այլ՝ չցանկանալը եւ չտրամադրվելը։ Պետք է կարողանանք մեր մտքի մեջ հստակ սեպել, որ առավել կարեւոր բան քան այս ընթերցանությունն է, օրվա մեջ չի կարող լինել եւ ոչինչ դրան չպետք է խանգարի։ Որպես առաջին քայլ այս բացը լրացնելու համար օրվա մեջ առանձնացրեք Սուրբ Գրքի ընթերցանության հստակ պահ։ Ընտրեք ավելի հարամար մեկ ժամ եւ ամեն օր այդ ժամին 15-30 րոպեի չափ առանձնացեք ընթերցանության համար։ Աստիճանաբար կնկատեք, որ այս մեթոդը դառնում է օրվա ռեժիմի մի մաս եւ հոգին պահանջում է ընթերցումը։
  2. ՁԱՆՁՐՈՒՅԹ - Ոմանք Աստվածաշունչը շատ արագ կողքի են դնում, քանի որ մի քանի նախադասությունից հետո ձանձրանում կամ մտքերով հեռանում են ընթերցումից։ Սրա պատճառները տարբեր կարող են լինել՝ հոգնածությունից մինչեւ սատանայական մոլորությունները (այս մասին մի հիանալի առակ կարդացեք այստեղ), սակայն մեր կամքը պետք է ավելի ուժեղ լինի։ Չեմ խոսում այն մասին, թե ռոբոտաբար պետք է ընթերցենք՝ առանց խորամուխ լինելու բովանդակության մեջ, սակայն հանձնվել եւ այլեւ չկարդալն էլ օգտակար չէ։ Լավ է քիչ եւ գիտակցված ընթերցում (հուսալով, որ օր օրի կավելանա ուշադրությունն ու ընթերցումը), քան պարտադրված շատ եւ առանց խորամուխ լինելու։ Որպես գործնական խորհուրդ՝ սկսեք ընթերցումը աղոթքով (ահա մի աղոթք հատուկ Աստավածաշունչ կարդալու համար), ընթերցվածից մտքի մեջ առանձնացրեք կարեւոր, սրտամոտ խոսքերը (կարող եք անգամ դրանք դուրս գրել նոթատետրի մեջ). այսպիսով ընթերցումը կդառնա հաճելի եւ կենտրոնացված։ Շատ զորավոր օգնություն կլինի, եթե Սուրբ Գրքի ընթերցանությունը կատարեք ընտանիքի անդամների հետ։ Այդպիսով մի քանի խանգարող հանգամանքների հարցերը արդեն լուծված կլինեն։
  3. ԴԺՎԱՐԸՄԲՌՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ - Պետք է խոստովանել, որ Աստվածաշունչը ընդհանուր առմամբ հեշտըմբռնելի գրքերից չէ։ Պատճառը, թերեւս այն է, որ այն մեկ ընդհանուր կուռ սյուժեով գիրք չէ, այլ 75 տարբեր գրքերի հավաքածու է` գրված շուրջ 2000 տարվա ընթացքում տարբեր հեղինակների կողմից, այլազան ժանրերով եւ լեզուներով, մեկը մյուսից տարբերվող մշակութային միջավայրերում... Միակ բանը, որ այս բոլոր գրքերը կապում է իրար Աստծո փրկագործության ծրագիրն է, որը եւ պետք է ընթերցումով բացահայտի գիրքը կարդացողը։ Համաձայնենք, դյուրին առաջադրանք չէ։ Ահա այս է պատճառը, որ Աստվածաշունչ ընթերցողը պետք է ունենա օգնականներ, որոնք կդյուրացնենք նրա ուղեւորությունը Աստծո Խոսքի միջով եւ շատ ավելի արագ կմոտեցնենք ցանակալի արդյունքին։ Իսկ թե ինչ օգնականների մասին է խոսքը, կջանանք մանրամասնել հաջորդ անգամ։

Այսօր անպայման գտեք Սուրբ Գրքի ընթերցանության ձեր ժամը... Չծուլանաք։
Շնորհակալ կլինենք, եթե այս գրառումը տարածեք ձեր էջերում։
Օրհնվեք... 😇

Հետաքրքրող հարցերին կսպասենք այստեղ։

0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...