18.3.19

ՃԻՇՏ ԱՂՈԹԵԼՈՒ 3 ԿԱՆՈՆ - ՊԱՀՔԻ ՀԱՐՑ 10


Շարունակելով անդրադառնալ պահքի ընթացքում շատ կարեւոր աղոթական կյանքին` այսօր պատասխանենք հաճախ տրվող մի հարցի.

- Ինչպե՞ս պետք է աղոթել։

Անշուշտ, այս հարցը չի վերաբերում միայն պահքի ընթացքում արված աղոթքին, այլ առհասարակ աղոթելու ձեւին՝ անկախ նրանից աղոթքը առանձնական է, թե ընդհանրական։

Նորից հիշեցնենք, որ մարդը եռամասնյա կազմություն ունի՝ հոգի, միտք եւ մարմին, եւ այս երեքը մեզ հուշում են, թե ինչպես կազմակերպել աղոթքի ներքին կողմը (արտաքին կողմի մասին բավական խոսեցինք)։ Եւ այսպես՝
  1. Աղոթել հոգով - Հաճախ այս տեսակ աղոթքին ասում են «աղոթել սրտանց», այսինքն ապրումով, զգալով ամեն մի բառի արժեքը, այդ պահին էությամբ մտնելով աղոթքի մեջ։ Եթե մեր սիրտը, հոգին չմիանան աղոթքին աղոթքը կմնա միայ որպես բառակույտ, իսկ մեր կեցվածքը սոսկ կեղծավորություն (խորհուրդ կտանք դիտեք այս փոքրիկ առակը՝ https://www.youtube.com/watch?v=qvPyMmcvCrM ։ Հոգով աղոթքի գաղտնիքը աղոթելիս պարտականությունը՝ սիրով, ծիսապաշտությունը՝ ազնվությամբ եւ սկզբունքը կամեցողությամբ փոխարինելու մեջ է։
  2. Աղոթել մտքով - Աղոթել հոգով, բայց առանց մտքի մասնակցություն, կարծում եմ անհնար բան է։ Սակայն աղոթել մտովի բայց առանց հոգու, միանգամայն հնարավոր է, բայց անպտուղ։ Շատ հաճախ մեր լեզուն աղոթում է, մեր աչքերը սահում են աղոթքների վրայով, բայց միտքը եւ հոգին միացած չեն։ Աղոթել մտքով նշանակում է գիտակցել, ըմբռնել ու մարսել խոսքերը եւ եթե պատահի, որ պարզապես սահենք աղոթքի վրայով, պարզապես կարդացած կամ արտասանած լինելու համար... ապա մեզ համար են Պողոս առաքյալի խոսքերը. «...եկեղեցու մեջ կամենում եմ հինգ խոսք խոսել խելքով, քան բազում խոսքեր՝ լեզվով (Ա Կորնթ 14:19): Ի՞նչ անել, եթե միտքը չի կենտրոնանում։ Ավելի լավ է աղոթել քիչ ու կենտրոնացված, գուցե մի քանի անգամ կրկնելով խոսքերը հասկանալու համար, քան աղոթել երկար, բայց փարիսեցիաբար՝ ուղղակի աղոթք արած լինելու համար։ Այս հարցում մեր հավատացյալները հատկապես կաղում են ընդհանրական աղոթքի ժամանակ։ Այո՛, մեր ծեսերը մատուցվում են գրաբարով, որը հասկանալը, հատկապես սկսնակների համար, դյուրին չէ, սակայն, հավատացե՛ք, անկարելի էլ չէ։ Թե՛ Սբ. Պատարագը, թե՛ ժամերգությունները ամբողջական կամ հատվածաբար տրամադրելի են եկեղեցիներում թարգմանություններով կամ մեկնաբանություններով։ Համացանցն էլ իր հերթին կարող է շատ օգտակար լինել նման նյութեր գտնելու, տեսագրություններ նայելու եւ սովորելու համար։ Չմոռանանք, որ տարբեր եկեղեցիներում կազմակերպվում են ուսուցողական ձեռնարկներ ավելի լավ հասկանալու գրաբարը կամ ծեսը, եւ, ի վերջո, միշտ կարելի է հասկանալու ձգտումով դիմել հոգեւորականներին։ Կարեւորն այն է, որ հասկանանք եւ մտովի խորամուխ լինենք աղոթքի մեջ։
  3. Աղոթել մարմնով - Սա աղոթող մարդու արտաքին կեցվածքն է։ Աղոթել կարելի ամեն տեղ եւ ամեն ձեւով, սակայն շատ հաճախ մեր ֆիզիկական վիճակը պարարտ հող է ստեղծում աղոթքի լավ ընթացքի համար կամ՝ ընդհակառակը։ Օրինակ՝ շատ դժվար կտրվի աղոթական կենտրոնացումը այն մարդուն, ով որոշել է աղոթել կիսապառկած վիճակում հեռուստացույցի առջեւ, մի ձեռքին էլ հեռախոսը՝ միացված ֆեյսբուքին... Դրա համար անհրաժեշտ է մարմնի համար ստեղծել հատուկ պայմաններ՝ աղոթքը ավելի հոգեմտավոր դարձնելու համար։ Պատահական չէ, որ եկեղեցին աղոթքի համար սահմանում է կանգնած կամ ծնկած դիրք, երկրպագություններ, ձեռնամած կամ ձեռքերը բաց՝ փառաբանական վիճակ՝ կախված աղոթքի բնույթից եւ աղոթողի հոգեվիճակից։
Այս բոլորը, սիրելինե՛ր, սիրո, խաղաղության, ներհայեցողության ուղեկցությամբ պտղաբեր կդարձնեն մեր աղոթքները Պահքի օրերին եւ դրանից դուրս։ Հակառակ դեպում սատանան սպառնում է «գողանալ» մեր աղոթքը...

Կենդանացրե՛ք պահեցողությունը աղոթքով։

Շնորհակալ կլինեմ, եթե այս գրառումը տարածեք ձեր էջերում եւ ձեր հարցասիրությամբ օգնեք նախապատրաստել մեր հաջորդ գրառումները (գրել Սարկավագին
Օրհնվե՛ք...

0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...