8.3.18

ԵՐԲ ՆՄԱՆՎՈՒՄ ԵՆՔ ՇԱՆՆ ՈՒ ԽՈԶԻՆ - Շավիղ 25

Հարց. Այդ ասածներիցդ շատ վախեցա, սրանից հետո մեղքերիցս չմաքրված Ս. Հաղորդություն չեմ առնի, բայց եթե կրկին մեղանչեմ, ի՞նչ պիտի լինի:

Պատասխան. Այլևս այդ բանն ինձ մի՛ հարցրու, այլ Պետրոս առաքյալին և Սողոմոն իմաստունին: Պետրոսն ասում է. «Շունը վերստին է դառնում իր փսխածին», և «Լվացված խոզը վերստին է թավալվում տիղմի մեջ» (Բ Պետոս Բ 22): Եվ Սողոմոնը պատասխանում է. «Ինչպես շունը դառնում է ատելի, երբ վերադառնում է իր փսխածին, այնպես էլ անզգամն է իր չարությամբ, երբ վերադառնում է դեպի իր մեղքերը» (Առակ. ԻԶ 11): Տե՛ս՝ մեղքը խոստովանողին, բայց հետո կրկին մեղանչողին ինչ գարշելի գազանների են նմանեցրել:

Հարց. Բայց ինչո՞ւ են կրկին մեղանչողներին հատկապես այդ գազաններին նմանեցրել, ո՞րն է նրանց բնությունը:

Պատասխան. Պատճառն այս է. երբ շունը կերակուր է գտնում, անհագաբար, շուտ-շուտ լափում է այն՝ ագահաբար փորը լցնելով, որի հետևանքով ստամոքսը խանգարվում է, և հարկադրվում է կերածը փսխել: Դրանից հետո մի քիչ հանգստանում է, բայց երբ տեսնում է, որ փորը դատարկ է, իսկույն գնում ու փսխածն ուտում է և փորն այդպես լցնում: Այդպես է նմանապես մեղսասեր մարդը, որ մինչև տոների գալը (Ծնունդ, Զատիկ) թավալվում է մեղքերի մեջ: Բայց այդ ժամանակ իր խղճմտանքն արթնանում է, սիրտը նեղվում, որովհետև տեսնում է, որ ուրիշները խոստովանում են, ապաշխարում, և ինքն էլ, նրանց նայելով, գնում, խոստովանում է իր մեղքերը, դրանից հետո փոքր-ինչ հանգստանում, բայց տեսնելով, որ մեղքի ամանները դատարկ են, մեղքի գործիքները պարապության են մատնված, իսկույն սկսում է խոստովանած մեղքերը կրկին գործել, մինչև որ մի տոն գա, կարճի մեղքի անհագուրդ տենչը: Տեսա՞ր՝ կրկին մեղանչողի բնությունը ինչպես է հարմարվում շանը:



Հարց. Այդ բանը լավ հասկացա, որովհետև միշտ իմ արածն այդ է. Ծննդյան տոնին մեղքերս խոստովանում եմ, բայց մի քանի օր անց նորից սկսում եմ մեղք գործել մինչև Զատիկ, այնժամ նորից խոստովանում եմ ու տեսնում, որ դրանք Ծննդյան տոնին խոստովանած մեղքերս են, որոնք նորից եմ գործել, որի հետևանքով մեղքերս ամենևին չեն պակասում:

Պատասխան. Երանի թե մեղքդ միաչափ մնար և չավելանար, որովհետև կրկին մեղանչողի մեղքը միաչափ չի մնում, այլ ավելանում է: Երբ Քրիստոս բժշկեց երեսունութ տարվա անդամալույծին, պատվիրեց. «Ահավասիկ առողջացար, այլևս մի՛ մեղանչիր, որպեսզի մի ավելի չար բան չպատահի քեզ» (Հովհաննես Ե 14): Տե՛ս, որ կրկին մեղանչող մարդու վիճակը վատ կլինի, ինչ Քրիստոս ցույց է տալիս մի այլ օրինակով. «Երբ պիղծ դևը ելնում է մարդուց, շրջում է անջրդի տեղերում, հանգիստ է փնտրում և երբ չի գտնում, ասում է. «Վերադառնամ իմ տունը, որտեղից ելա»: Եվ գալիս է ու գտնում այն՝ մաքրված և կարգի բերված: Այն ժամանակ գնում և վերցնում է իրենից ավելի չար յոթը այլ դևեր և մտնում, բնակվում է այնտեղ, և այն մարդու վերջին վիճակը լինում է ավելի վատ, քան նախկինը» (Ղուկաս ԺԱ 24-26): Հիմա տեսա՞ր, որ մեղքը նախկին չափով չի մնում, այլ կրկնվելիս մեծանում է, ինչպես հիվանդությունն է կրկնվելիս ավելի վատ լինում, քան նոր սկսված ժամանակ:

Հարց. Տեսանք, որ շան բնությունը պատշաճում է մեղսասեր մարդու բնությանը: Եթե կարող ես, այժմ էլ բացատրի՛ր խոզի բնությունը:

Պատասխան. Խոզն ի բնե տղմասեր է, միշտ թավալվում է տիղմի և ցեխի մեջ, գարշելի բաներ ուտում և գարշահոտություն է սիրում, բայց երբեմն էլ գնում, մտնում է գետի մեջ, լվացվում ու մաքրվում: Սակայն նրա ուզածն այդ մաքրությունը չէ, ուստի երբ նայում է գարշահոտ տիղմ ու ցեխին, իր հանգստությունը խափանվում է, և ունկնդիր իր տղմասեր բնազդին՝ կրկին գնում, մտնում է գարշելի ցեխերի մեջ, որպեսզի ուրախանա ու զվարճանա ցեխերի գարշահոտությամբ: Այդպես է և մեղսասեր մարդը, որ միշտ սիրում է մեղքը և ատում արդարությունը: Նա տևապես թաթախված է մեղքերի մեջ ու թեև երբեմն խղճմտանքը նրան ստիպում է գնալ ու կամա թե ակամա խոստովանել մեղքերը, ապաշխարել ու արդարանալ, բայց այդուհանդերձ արդարությունն իր սիրած բանը չէ, ուստի երբ մեղքի գարշահոտությունը պակասում է, իր հանգստությունը խափանվում է, և իր վատ հակումների ձայնին ունկնդիր՝ գնում և այն գազանների նման կրկին ուտում է իր փսխածը, կրկին թավալվում է մեղքերի տիղմի մեջ: Ահա այս պատճառով խոստովանած մեղքը կրկին գործող մարդը նմանեցված է այդ գազաններին:

0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...